Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմ սարսափ

Հունիս 19,2004 00:00

Ֆիլմ սարսափ Նախընտրական հանրահավաքային ելույթի փորձ Ժողովուրդ, ես եկել եմ ձեզ ասելու, որ շատ լավ էի ղեկավարում Հայաստանի անվտանգության համակարգը եւ այդ գործում ինձ մեծապես օգնում էր իմ լավագույն ընկեր Ալբերտ Բաղդասարյանը, որն ինձնից առաջ ելույթ ունեցավ։ Նա մանկուց էր երազում ԿԳԲ-ի աշխատակից դառնալ եւ ես նրան առաջ էի քաշում, ԿԳԲ-ի ղեկավարի պաշտոն էի առաջարկում։ Չթողեցին ստահակները, այդ մարդու գլխին էլ 51 միլիոնի գործ սարքեցին։ Ոչինչ, շուտով այս խուժաններին կքշենք, ու Աբոյիս հետ միասին կվերականգնենք Հայաստանի հակահետախուզությունը։ Իսկ ինչպիսի՛ լրտեսների ցանց էի ես ստեղծել աշխարհի բոլոր երկրներում։ Տարբեր պետությունների հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաները իմ գործակալներն էին։ Հաջորդ հանրահավաքում ես անպայման կհրապարակեմ նրանց անունները՝ թող այս տականքներն իմանան, թե ինչպիսի լրտեսների ենք մենք կորցրել։ Ճապոնիայում, օրինակ, ես ունեի նինձաների մի ամբողջ ջոկատ։ Թե ինչ կապ ունեն դրանք «Դրո» կառույցի հետ, չեմ կարող ասել, պետական գաղտնիք է։ Ասեմ միայն, որ այս սրիկաները ծախեցին նինձաների ջոկատը Ավստրալիային, չնայած նրանք պատվով էին կատարում իրենց պարտքը հայոց պետականության առաջ։ Այսքանից հետո, ժողովուրդ, կարո՞ղ ենք մենք հանդուրժել այս պետական դավաճաններին։ (Միտինգավորներ.- Ո՛չ, երբե՛ք)։ Իսկապես, իմ նման անվտանգության ղեկավար աշխարհը չի տեսել։ Ես շրջապատված էի բացարձակապես լրտեսներով եւ մարդասպաններով։ Կարծում եք, ես չէ՞ի պայքարում նրանց դեմ։ Պայքարում էի։ Ես նրանց բացատրում էի, որ չի կարելի պետական դավաճանություն անել, որ լավ բան չի մարդկանց սպանել։ Նրանք ինձ չէին լսում ու միայն քմծիծաղ էին տալիս։ Իմ գործակալներին չէին հարգում, իրենց գործակալներին էին առաջ քաշում։ (Հաջորդ հանրահավաքում ես անպայման կհրապարակեմ նրանց անունները)։ Գործակալներս լրտեսություն էին անում մի երկրի օգտին, նրանցը՝ բոլորովին մի այլ պետության համար (չեմ կարող ասել այդ երկրների անունները՝ պետական գաղտնիք է)։ Եվ դուք ուզում եք, որ այդ մարդիկ շարունակեն մեզ ղեկավարե՞լ։ (Միտինգավորներ.- Ո՛չ, չենք ուզում)։ Երբ ես գրավում էի Քելբաջարը (գլխավոր սպայակույտի քարտեզները հաջորդ հանրահավաքում կհրապարակեմ), հանդիպում ունեցա մի բարձրաստիճան դիվանագետի հետ եւ երկու րոպեում կարողացա նրան խաբել ու համոզել, որ ես այն չեմ մտածում, ինչ ասում եմ, այն չեմ անում, ինչ մտածում եմ, եւ ամենակարեւորը, սկզբից խոսում եմ, հետո՝ մտածում։ Իսկ քանի որ մեկ րոպեի ընթացքում իմ գլխում առնվազն քսան հակասական գաղափար է ծագում, ապա դա բոլորովին էլ դժվար չէր անել։ Որովհետեւ ես շատ նուրբ դիվանագետ եմ։ (Միտինգավորներ.- Այո՛, ճիշտ է)։ Իսկ հիմա՝ ըստ էության։ «Զեթ» կառույցը, որը ես կարողացա բացահայտել, ունի բազմաթիվ ենթակառույցներ՝ «Դրո», «Ռուբեն», Համո» եւ այլն։ Իսկ ի՞նչ է նշանակում «Զեթ»։ Այդ ամբողջ ծրագրի էությունն այն է, որ հատուկ բիոէներգետիկ զենք օգտագործելով, նպատակ էր դրվում Հայաստանի մի շարք ազդեցիկ մարդկանց դարձնել սատակ։ Ցերեկը նրանք ձեւացնում են, որ նորմալ մարդիկ են, իսկ արեւը մայր մտնելուն պես կերպարանափոխվում են. ատամների փոխարեն ժանիքներ են աճում, եղունգների տեղը՝ ճիրաններ, նրանք արջի պես մրթմրթալով սկսում են զբաղվել մարդակերությամբ։ Այդ ծրագիրը մասամբ հաջողվել է իրականացնել։ Հիմա ես կհրապարակեմ այն ստահակների անունները, որոնք երեկոները զբաղվում են մարդակերությամբ. Լեւոն Տեր-Պետրոսյան։ (Միտինգավորներ.- Ու-ու-ո՜ւ, կախել)։ Ֆադեյ Սարգսյան։ (Միտինգավորներ.- Ու-ու-ո՜ւ, ոչնչացնել)։ Լեւոն Զուրաբյան։ (Միտինգավորներ.- Ու-ու-ո՜ւ, գնդակահարել)։ Չկա աշխարհում ավելի ստոր եւ անբարոյական բան, քան մարդակերությամբ զբաղվելը։ Հետո ասում են՝ «մեր դեմ խաղ չկա»։ Կա՛, այդ ե՛ս եմ ձեզ ասում։ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ «Առավոտ», 6 հունիսի, 1995 թ. Հ. Գ. Նյութը Աշոտ Մանուչարյանի 1993-1995 թթ. հանրահավաքային ելույթների նմանակումն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել