Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԷ, ՈՐ ԲԱՐՁՈՒՆՔ ՆՎԱՃԵՍ»

Հունիս 22,2004 00:00

«ՍԱ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԷ, ՈՐ ԲԱՐՁՈՒՆՔ ՆՎԱՃԵՍ» Ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը – Ընդդիմությունը հայտարարեց պայքարի հերթական փուլի ավարտի մասին։ Անորոշ ժամանակով դադարեցվել է ընդդիմության հրապարակային գործունեությունը։ Ի՞նչն է այս դադարի պատճառը, գուցե՝ ամա՞ռը։ – Ամառը, իհարկե, միշտ էլ պատճառ է, չնայած թվում է քաղաքական պայքարը սեզոնային չէ։ Աշխարհում եւ մեր երկրում նույնպես քաղաքական պայքարի ձեւերը ավելի սրվում են գարնանն ու աշնանը։ Սա բնական ռիթմ է։ Բայց խորքային պատճառներ եւս կան։ Փաստորեն, այն, ինչ մինչ այժմ անում էր ընդդիմությունը, պատճառաբանված էր՝ անարդար ընտրություններից հետո մտնել խորհրդարան, հույս ունենալով, որ ՍԴ-ի որոշումը կկատարվի եւ հնարավորություն կընձեռվի սահմանադրական նորմալ պայմաններում անցկացնել վստահության հանրաքվե։ Այս պայքարն իր գագաթնակետին հասավ ապրիլի 12-ին։ Ես համոզված եմ, որ այդ օրը կուտակում էր տեղի ունենալու, որովհետեւ լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում հավաքվում էր հասարակության նաեւ այն մասը, որը մինչ այդ հանրահավաքների չէր գալիս։ Կոպիտ միջամտությունը կանգնեցրեց պրոցեսը։ Ճիշտ էր ընդդիմությունը, որ դրանից հետո եւս հանրահավաքները շարունակեց։ Դրանով պետք էր կոտրել վախը, նաեւ կար շանս՝ ապրիլի 12-ից հետո հասնել համաժողովրդական շարժման։ Դա չստացվեց։ Բնական է, որ այդ փուլը պետք էր ավարտել։ Հաջորդ փուլը կախված կլինի նրանից, թե ընդդիմությունը իր կոչերով, իր նպատակներով որքան հարիր կլինի ժողովրդի ցանկություններին ու ձգտումներին։ Որովհետեւ՝ իշխանությունից դժգոհ լինելը եւ համախմբվելը ընդդիմության շուրջ, մի քիչ տարբեր բաներ են։ Մի ինչ-որ վիճակ է ստեղծվել, որը հնարավորություն է տվել ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ իշխանությանը մտածել, ինչ-որ բան անել։ Վերջիվերջո, նպատակը միակն է՝ երկիրը այս վիճակից դուրս բերել եւ տանել լավ ճանապարհով։ – Վերջին հանրահավաքները իրենց ոչ այնքան մեծաթիվ մասնակիցներով թերեւս խոսում են այն մասին, որ իշխանափոխությունը այս պահին հասարակական պահանջ չէ։ Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը։ – Հասարակությունը խորությամբ գիտակցում է, որ ընտրություններն անցել են անարդար։ Հասարակությունը կարող էր մոռանալ դրա մասին, եթե իշխանությունների հետագա քաղաքականությունը իր սրտով լիներ։ Բայց այդպես չէր։ Եվ իշխանության նկատմամբ դժգոհությունը շատ մեծ է։ Բայց որպեսզի դա վերածվի դինամիկ էներգիայի, հանրահավաքում շատ ժողովուրդ հավաքվի, հարկավոր է, որ սովորական քաղաքացին հավատա, թե այդ ճանապարհով հնարավոր է իշխանություն փոխել։ Նաեւ պետք է համոզված լինի, որ փոխելուց հետո լավ է լինելու։ Այս երկու հարցի պատասխանը դեռ տրված չի։ – Դուք թերեւս բավականին լավ եք ճանաչում Ռոբերտ Քոչարյանին։ Ձեր պայքարի հենց սկզբում, ենթադրո՞ւմ էիք նման ընթացք։ – Ժողովրդի բոլոր նախորդ պայքարները իշխանափոխության եւ արդարության համար մեծ հաջողությունների չեն հասել։ Ժողովրդի մեջ մեծ համոզվածություն չկա, որ իր պայքարով կկարողանա իշխանությունը փոխել։ Ցավոք սրտի, ամեն ընտրությունից հետո ժողովրդի մեջ ավելի է խորանում այն զգացումը, որ չի լինում իր ցանկությամբ։ Մյուս կողմից էլ ընդդիմությունը պետք է կարողանա վերականգնել հավատը երկու բանի նկատմամբ։ Հավատ՝ որ այս ճանապարհով հնարավոր է մի բան փոխել (մինչեւ ապրիլի 12-ը այդ հավատը մեծանում էր) եւ երկրորդ՝ մարդիկ ուզում են փոփոխություն, բայց ուզում են տեսնել, թե փոփոխությունից հետո ի՞նչ է լինելու։ Միայն ասել, որ Ռ. Քոչարյանը վատն է եւ մենք երկրի վիճակը կլավացնենք, բավական չէ։ – Որոշ քաղաքական գործիչներ, որոնք այսօր հրապարակային գործունեություն չեն ծավալում, հաճախ են կարծիք հայտնում, թե «փողոցով ու հանրահավաքով հեղափոխություն չի լինում», հարկավոր է իշխանության ներսում սկսել իշխանափոխությունը։ Նույն գործիչների կարծիքով, այսօրվա ընդդիմությունը ի զորու չէ իշխանափոխությունը սկսել իշխանության ներսից։ Ձեր կարծիքով, այդպե՞ս է։ – Կարծում եմ դրանք զուգահեռ բաներ են։ Մինչեւ ապրիլի 12-ը այդ պրոցեսը գնում էր։ Մի կողմից հանրահավաքներ էին տեղի ունենում, մյուս կողմից՝ իշխանական թեւում երեւում էին բավականին լուրջ ճաքեր։ Ցասումը շատ մեծ էր, եւ ներսում առաջացել էին ճանապարհների փնտրտուք եւ հակասություններ։ Այդ դեպքում «վերեւն ու ներքեւը» միասին կարող են իրականացնել իշխանափոխություն։ 1998 թ. մոտավորապես այդպիսի իրավիճակ էր, որովհետեւ իշխանական թեւը դիտավորյալ մի քայլ առաջ ընկավ, որ իշխանափոխությունը իր ձեռքով տեղի ունենա եւ ինքը վայելի այդ իշխանափոխության արդյունքները։ Բայց պրոցեսը իսկապես այնպիսին էր, որ դրսում եւ ներսում գնում էին խմորումներ։ – Այսօր «Արդարություն» դաշինքի ներսում, նաեւ՝ «Ազգային միաբանության» հետ հարաբերություններում կա՞ն լուրջ հակասություններ։ – Լուրջ հակասություններ չկան։ Հիմա չեմ էլ տեսնում ամբիցիաների մեծ պայքար։ Դաշինքն ունի իր ներքին տրամաբանությունը։ Մեկ կուսակցության դեպքում շատ ավելի միահամուռ կլիներ։ Բնական է, որ ոչ մի դաշինք չի կարող ապահովել այդպիսի բան։ Մեկ էլ նման միասնություն մենք տեսել ենք, երբ ոչ թե կուսակցություններով էին համախմբվում, այլ՝ անձերով։ Դարձյալ այսպիսի միասնություն էր։ – Ի՞նչ կարող է լինել, որ քաղաքական կյանքը կրկին ակտիվանա եւ աշնանը ո՞նց եք ակտիվացնելու։ – Հանրահավաքներ կարող են լինել, որովհետեւ դրսի մարտահրավերներ կան՝ կապված Ղարաբաղի հարցի հետ եւ այլն։ Եվ կարող է բնական լարվածություն առաջանալ։ Բայց կանխագուշակել՝ իմաստ չունի, բնական է, եթե որեւէ հարցում լարվածություն է առաջանում, ապա աշխուժանում է ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ իշխանությունը։ Իսկ թե աշնանը ի՞նչ է լինելու, կախված է ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից։ Այսինքն՝ ժողովուրդը հակված կլինի՞ իշխանափոխության, թե՞ կարող է բավարարվել իշխանությունների որոշ քայլերից։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել