Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐԻՆԱՊԱՀՆԵՐԸ ՊԱՐՏԻԶԱՆԱՎԱՐԻ ԼՌՈՒՄ ԵՆ»

Հունիս 22,2004 00:00

«ՕՐԻՆԱՊԱՀՆԵՐԸ ՊԱՐՏԻԶԱՆԱՎԱՐԻ ԼՌՈՒՄ ԵՆ» Պնդում են «Առավոտի» նամակագիրները, որոնք «ոչ դրդիչ են», «ոչ կազմակերպիչ»՝ այլ «տուժող»: Մայիսից մինչեւ երեկ «Առավոտ» օրաթերթի խմբագրության իրավական բաժինը ստացել է 40 նամակ։ Դրանցից 28-ը բազմատեսակ իրավունքների խախտմանն է վերաբերում, երկուսը դատապարտյալներից է, 5-ը սոցիալական ուղղվածության է (նպաստ, սոցիալական քարտեր, թոշակ), 2-ը՝ քաղաքական մտորումներ, 3-ը՝ «սպառնալիք» պարունակող։ Սկսենք ազատազրկվածներից։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պատժի առավելագույն չափի դատապարտված Ստեփան Գրիգորյանը «Առավոտին» գրել էր, որ ինքը անօրինական մահապատժի է դատապարտվել 1997-ին։ Դիմել է գլխավոր դատախազին, սակայն «իր դիմում-բողոքները տարիներ շարունակ հայտնվում են իրեն մեղադրող դատախազի ձեռքում (դատախազ Ն. Ներսիսյանի)։ Ես ոչ կազմակերպիչ, ոչ դրդիչ եմ հանդիսանում»։ Դատապարտյալը հայտնում է, որ իբրեւ սպանության մասնակից, իրեն մահապատժի էին դատապարտել (հիմա՝ ցմահ է), իսկ կատարողին շնորհել էին 15 տարվա ազատազրկում։ Հաջորդ դատապարտյալը՝ Արթուր Այվազյանը (ԱՎՄ-ի նախագահ Միհրան Մովսիսյանի թիկնապահը) նամակով հայտնել էր, թե իր պաշտպան Հայկ Ալումյանին հունիսի 15-ին կանչել է իր հետ տեսակցելու, եւ չեն թույլատրել։ Իսկ «Առավոտի» տրամադրության տակ գտնվող «Նուբարաշեն» մեկուսարանի պետի՝ Խորեն Սարգսյանի 3 օր անց ուղարկված գրությունից տեղեկանում ենք. «Ա. Այվազյանը չի ցանկացել խցից դուրս գալ եւ հանդիպել փաստաբանի հետ»։ Սիսիանի Իսրայել Օրի 1գ շենքի 39 բնակարանի բնակիչ, ուսուցիչ Վլադիկ Հայրապետյանը թերթի միջոցով հիշեցնում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որ նրա օրոք (1998թ.) «Սյունիք» թերթում տպագրված ֆելիետոնի համար իրեն… ազատազրկման դատապարտեցին. «Ու թեեւ ֆելիետոնում որեւէ մեկի անունը չէի շոշափել, բայց տեսնել էր պետք, թե զայրույթի ինչպիսի նոպայով բռնկված մեր այս տեղական դատախազիկները վրա տվեցին ու պատառ-պատառ կանեին ինձ, եթե չլիներ մամուլը»։ Նամակագիրը 3 օր անցկացրել է մենախցում, հացադուլի մեջ։ Նա դիմել է դատախազությանը՝ արդարությունը վերականգնելու նպատակով, բայց. «Ոնց որ մեղավորներ չկան։ Դատախազությունը պարտիզանավարի լռում է։ Այս պահի դրությամբ ինձ պատճառվել է շուրջ 330 հազար դրամի նյութական վնաս, նաեւ՝ բարոյական»,- շարունակում է սիսիանցի ուսուցիչը: Նա այսօր էլ գրում է ֆելիետոններ, սակայն իր ցանկացած տող ենթարկվում է տեղական «գրաքննության»։ Առաջին կարգի հաշմանդամ Թամարա Բաղդասարյանի եւ նրա քրոջ՝ միայնակ թոշակառու Էլվինայի ընտանիքի սոցիալական անձնագիրը փոխվելուց հետո նրանք թոշակ չեն ստացել։ Եվ խնդրում են օգնել իրենց։ Մարտունի քաղաքի բնակիչ Արմեն Պետրոսյանը մեզ է ուղարկել քաղաքապետարանի այս տարվա աճուրդ-վաճառքի հայտարարությունը։ «Կոռուպցիայի դեմ եթե ցանկանում եք պայքարել՝ տպագրեք աճուրդի գնացուցակը», խորհուրդ է տալիս նա։ Շահումյան փողոցում գտնվող 170 գծամետր քարե պարիսպը գնահատվել էր 725 դրամ, տրակտոր T-40-ը (1 հատը)՝ 6078 դրամ էր գնահատվել։ Ամենաէժանն այս ցանկում զոդող ապարատն է եղել՝ 352 դրամ։ «Էլ ո՞ւմ դիմենք» տողերով է սկսվում Գեղարքունիքի մարզի Ճամբարակի Զոհված ազատամարտիկների մայրերի եւ կանանց խորհրդի նախագահ Զեմֆիրա Ոսկանյանի նամակը։ 1999-ից սկսվել է կառուցվել հուշարձան-կոթող. «Անցել է 5 տարի, սակայն այն չի ավարտվում, որովհետեւ վարչապետին հասցեագրված դիմումը հանգրվանել է ՀՀ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում, իսկ հանրապետության առաջին տիկինը պատասխանել էր. «Քաղաքապետարանը պետք է զբաղվի այդ հարցով»։ «Այս անարդարությունից այնքան եմ հուզվում»,- գրել էր զոհվածի մայրը, որ «չեմ կարողանում խոսել»։ Երեկ խմբագրությունը ստացավ 72-ամյա Գեղեցիկ Ղազարյանի նամակը։ Այս անգամ որպես հասցե նա նշել էր թիվ 68 փոստատունը։ Նամակը ակնկալում է հետադարձ պատասխան՝ ցպահանջ կոչով։ Արարատյան 1-ին զանգվածի 6/6 բնակարանի սեփականատեր Գեղեցիկ Ղազարյանին օրը ցերեկով ոչ միայն վտարել են բնակարանից՝ առանց իր իմացության, այլեւ, թե արդարադատության նախարարությունը, թե բազմաթիվ վերահսկողական կազմակերպություններ ձեռ են առնում 72-ամյա կնոջը հերթական շաբլոն պատասխանը տալով. «Բարձրացված հարցի լուծումը դուրս է արդարադատության նախարարության իրավասության շրջանակներից», «բարձրացված հարցի լուծումը դուրս է դատախազության իրավասության շրջանակներից»։ Նրանք խորհուրդ են տալիս դիմել առաջին ատյանի դատարան, չիմանալով, որ գործը ոչ միայն առաջին ատյանի դատարանում է չարչրկվել, այլեւ վերաքննիչում եւ որ իրենց գրպանին հարիր գումար չունենալու պատճառով միայնակ թոշակառուն զրկվել է վճռաբեկ դատարան դիմելու իր իրավունքից։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել