Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց համալսարանն արժե 10 հազար դրամ

Հունիս 22,2004 00:00

Բաց համալսարանն արժե 10 հազար դրամ Այսքան է գնահատել իր ղեկավարած բուհը՝ «Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանը», ռեկտոր Արմեն Քալաշյանը, եւ վաճառել է իրեն ու իր կոջը: Վերջինս բաժնետերերից մեկն է, սակայն մնացած 6 բաժնետերերի կարծիքը հաշվի չի առնվել: ՀՀ տնտեսական դատարանը իր 14.11.03թ. կայացրած վճռից առաջ պարզել է, որ «կնքված գործարքները հակասում են ինչպես գործող օրենսդրությանը, այնպես էլ ընկերության կանոնադրությանը»: Մի կողմից խախտվել են ընկերության մասնակիցների իրավունքները, քանի որ հրավիրված չեն եղել ժողովին մասնակցելու. «ըստ կանոնադրության 7.3 կետի, ժողովն իրավասու է, եթե ներկա է ընդհանուր ձայների 60 տոկոսը», մյուս կողմից, համաձայն ՀՀ նախարարների խորհրդի 05.03.95 թ. թիվ 162 որոշմամբ հաստատված բաժնետիրական եւ ՍՊԸ-ների կանոնադրության 84-րդ կետի, տնօրենը չի կարող լինել մասնակիցների ժողովի նախագահ: Իսկ հիշյալ գործարքը հաստատվել է ժողովում, որը նախագահել է Ա. Քալաշյանը՝ քարտուղարությամբ իր կնոջ՝ բաժնետեր Ի. Դոլգոլոպովայի: Ի դեպ, քանի որ 2001-ին ՍՊԸ-ների մասին ՀՀ օրենք չկար, ըստ Քաղաքացիական օրենսգրքի 9-րդ հոդվածի, եթե որեւէ իրավահարաբերություն չի կարգավորվում կոնկրետ օրենքով, ապա կարող են կիրառվել համանման հարաբերություններ կարգավորող քաղաքացիական օրենսդրության նորմերը: Իսկ այս դեպքում պետք է կիրառվեին 2001-ին գործող «Բաժնետիրական ընկերության մասին» ՀՀ օրենքի 62-րդ եւ 83-րդ հոդվածների պահանջները, համաձայն որոնց, ընկերության գույքի շուկայական արժեքը որոշում է ընկերության խորհուրդը, իսկ խորհուրդ չլինելու դեպքում՝ մասնակիցների ընդհանուր ժողովը: Սա՝ ըստ դատարանի վճռի եւ օրենքի տառին համապատասխան: Իսկ մեզ հետ զրույցում բուհի ռեկտորն այս մասին հետեւյալ պարզաբանումը տվեց. «Դե, քանի որ համալսարանի շուկա չկա (օրինակ, մեքենայի շուկա կա), եւ գինը հնարավոր չէ որոշել, ըստ կանոնադրության, բուհի գինը որոշվում է ակտիվների արժեքով: Իսկ ակտիվները տվյալ պահին բացասական էին»: Իսկ բացասական կարող է լինել այն պահին, երբ դեռ բուհի վարձավճարները մուծված չեն, իսկ մնացած դեպքերում բուհն աշխատում է շահույթով: Դա են ցույց տալիս նախորդ տարիների բոլոր հաշվապահական փաստաթղթերը, որ մեզ ներկայացրեց հայցվոր կողմը՝ բուհի բաժնետեր Ա. Մաթեւոսյանը: Ինչ վերաբերում է գործարքի իրականացմանը, ապա Ա. Քալաշյանը պնդում է, որ «եթե դուստր հիմնարկության՝ «Հայկական բաց համալսարանի» բաժնեմասերի արժեքը չի գերազանցում մայր ՍՊԸ-ի՝ «Կաիսայի» կանոնադրական կապիտալի 3/4-ը, ուրեմն գործարքը տնօրենի իրավասության տակ է»: Մենք նայեցինք 2 ձեռնարկությունների կանոնադրությունը: Ըստ վերջիններիս 6.1 կետի, 2-ի կանոնադրական կապիտալն էլ կազմում է 50 հազար դրամ, հետեւաբար 3/4-ի հարց լինել չի կարող: Գործարքի հակաօրինականությունն այսքանով չի ավարտվում: Ըստ Քաղաքացիական օրենսգրքի թիվ 318 հոդվածի, ընկերության տնօրենը, հանդիսանալով ընկերության ներկայացուցիչ, իրավասու չէ ինքն իր նկատմամբ գործարք կնքել: Եվ ոչ էլ՝ իր կնոջ հետ: Ճիշտ է, ըստ մի պայմանագրի, որ կնքված է 1999-ին, Ա. Քալաշյանի ու իր կնոջ՝ «համատեղ կյանքում ձեռք բերված ամբողջ գույքն իրենց համատեղ սեփականությունն է, բացի ամուսիններից յուրաքանչյուրի ունեցած բաժնեմասերի, փայավճարների ու բաժնետոմսերի»: Սակայն, ըստ հայցվորի, կասկածի տակ է պայմանագրի իսկությունը. «99-ին ամուսնական պայմանագիր հասկացությունը նոր էր ներմուծվել Քաղաքացիական օրենսգիրք, իսկ քաղաքացիների իրավագիտակցությունը չէր կարող ենթադրել նմանատիպ պայմանագրի կնքում: Դատախազությունը կպարզի՝ այս պայմանագիրը հետին թվո՞վ է արված, թե՞ ոչ»: Այսպիսով, տնտեսական դատարանը վճռել է անվավեր ճանաչել կնքված բաժնեմասի առքուվաճառքի գործարքները, սակայն, վճռաբեկ դատարան դիմելով, պատասխանող կողմը նախ հետ է վերցրել դիմումը, հետո վճռաբեկ պալատ է ներկայացրել աուդիտորական եզրակացություն՝ բաժնեմասի ենթադրվող շուկայական արժեքի մասին, որի վրա հիմնվելով էլ վճռաբեկը բեկանել է տնտեսական դատարանի վճիռը եւ ուղարկել քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել