Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՒԹԱԿ ՍԱՐՔԵԼՆ ԱՐՎԵՍՏ Է

Հուլիս 30,2004 00:00

ՋՈՒԹԱԿ ՍԱՐՔԵԼՆ ԱՐՎԵՍՏ Է Որի զարգացմանը պետությունը երբեք ուշադրություն չի դարձրել «Ո՛չ խորհրդային տարիներին, ո՛չ էլ անկախություն հռչակելուց հետո, մի խոսքով՝ երբեք, Հայաստանում լարային գործիքների (ջութակ, ալտ, թավջութակ ու դրանց տարատեսակների) պատրաստումը, ինչպես նաեւ վաճառքը պետականորեն չի կազմակերպվել»,- փաստում է ջութակահար, Երեւանի պետկոնսերվատորիայի լարային գործիքների պատրաստման ու վերականգնման արվեստանոցի վարպետ Հրանտ Շտիկյանը։ Ըստ մեր զրուցակցի, Հայաստանում երաժշտական գործիքների պատրաստման սկիզբը դրվել է 30-ականներից՝ Բունիի կողմից, որը պատրաստում էր ժողովրդական լարային նվագարաններ։ Իսկ դասական լարային գործիքների առաջին վարպետը հիշվում է 1925 թվականից՝ վարպետ Շահեն Երիցյանն է։ Ի դեպ, այսօր նա ունի իր գործի շարունակողը հանձին որդու՝ Մարտին Երիցյանի։ Հ. Շտիկյանը հիշում է, որ խորհրդային տարիներին դասական լարային գործիքներ էին ներկրվում Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Ուկրաինայից։ Մեր հարցին. «Ինչո՞ւ Հայաստանը երբեք չի ունեցել դասական լարային գործիքների արտադրություն» վարպետը պատասխանեց. «Նախ թույլ տվեք հարցը սրբագրել։ Արտադրություն բառը տեղին չէ։ Աշխարհով մեկ հայտնի Իտալիան, որ ունեցել է այնպիսի վարպետներ, ինչպիսիք էին Ամատին, Ստրադիվարին, Գվարներին եւ այլք, երբեք չի ունեցել գործիքների սերիական արտադրություն։ Յուրաքանչյուր գործիքի պատրաստումը պահանջում է անհատական մոտեցում»։ «Անձամբ ես 25 տարի զբաղվում եմ գործիքների պատրաստմամբ,-շարունակեց վարպետը:- Ե՛վ խորհրդային, ե՛ւ հետխորհրդային տարիներին դիմել եմ մշակույթի նախարարությանը՝ առաջարկելով սկզբնական շրջանում ուսումնարաններում, ապա կոնսերվատորիայում բացել համապատասխան բաժին, ընտրել շնորհալի պատանի երաժիշտների, որովհետեւ գործիքների պատրաստման համար վարպետը պետք է անպայման ունենա երաժշտական բարձրագույն կրթություն։ Իսկ ուսումնառության տարիներին, երաժշտական առարկաներից զատ, պետք է գիտելիքները խորացնել մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա առարկաներից։ Ինչպես ակնհայտ է, մինչ այսօր այդ հարցը մնացել է անպատասխան»։ Վարպետը այս հարցի լուծման առաջին քայլը համարում է պետության կողմից հետաքրքրությունը խնդրին։ Որպես օրինակ նա բերեց Գերմանիայում գործող խանութ-արվեստանոցները։ «Ի՞նչ եք առաջարկում՝ ընդօրինակե՞լ նրանց»՝ մեր դիտարկմանը վարպետը ասաց. «Այս դեպքում կարելի է ընդօրինակել։ Պատկերացրեք՝ նույն վայրում (նկատի ունի խանութ-արվեստանոցները) պատրաստվում են, վաճառվում, ընդունվում պատվերներ, նաեւ կատարվում է գործիքի վերականգնում։ Իսկ ի՞նչ է կատարվում մեր իրականությունում։ Սկսած երաժշտական դպրոցից, աշակերտի ծնողը ընկնում է դռնեդուռ, հայթայթում այս կամ այն վարպետի կոորդինատները՝ գործիք գնելու համար։ Կամ՝ արդեն պրոֆեսիոնալ ուղի բռնած ուսանողը դիմում է հազար ու մի օրինական եւ անօրինական միջոցների՝ արտերկրից գործիք բերելու համար։ Մենք ունենք վարպետներ, որոնց պատրաստած գործիքները հնչողությամբ չեն զիջում աշխարհում հայտնի վարպետների պատրաստածներին, օրինակ՝ Էդուարդ Ղազարյան (որը հայտնի է նաեւ երաժշտական գործիքների միկրոքանդակներով), հայր եւ որդի՝ Հակոբ եւ Սամվել Երիցյաններ»։ Վարպետը տեղեկացրեց, որ հայ մասնագետների պատրաստած գործիքներով այսօր նվագում են աշխարհի շատ երկրներում։ Նույնիսկ բարձրաձայնեց, որ իր գործիքները վաճառվել են Ամերիկայում, Գերմանիայում, Լեհաստանում եւ այլուր։ «Առավոտի» վերջին՝ «Իսկ Հայաստանը ունի՞ գործիքների պատրաստման հումք (փայտ)» հարցին պատասխանելով, Հ. Շտիկյանը անկեղծացավ. «Մինչ այսօր հայ վարպետներս այստեղից-այնտեղից, հիմնականում ծովափնյա երկրներից, Կարպատներից, Չինաստանից հայթայթել ենք հումք, այսուհետեւ էլ կհայթայթենք՝ հանուն մեր մշակույթի։ Հայաստանում՝ Դիլիջանի, Իջեւանի անտառներում ոչ մեծ քանակով, բայց կարելի է գտնել թխկենի, եղեւնի, որոնք օգտագործվում են գործիքների պատրաստման համար»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել