Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՄԻՋԻՆ ԽԱՎՆ ԱՌԱՅԺՄ ՉՁԵՎԱՎՈՐՎԵՑ

Օգոստոս 03,2004 00:00

ՄԻՋԻՆ ԽԱՎՆ ԱՌԱՅԺՄ ՉՁԵՎԱՎՈՐՎԵՑ

ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանից «Առավոտը» հետաքրքրվեց,
թե նախընտրական շրջանում մեծ շուքով գովազդվող մանր ու միջին բիզնեսի զարգացման
գործընթացն ի՞նչ փուլում է: Մանավանդ որ արդեն տեւական ժամանակ պարոն Ավագյանը
հենց այդ թեմայով է նախագահին խորհուրդներ տալիս: Արժանահիշատակ միակ միջոցառումն
առայժմ նախագահի եւ գործարարների՝ վեց ամիսը մեկ տեղի ունեցող հանդիպումներն
են, որոնց ժամանակ նախագահն, այսպես ասած, առաջին ձեռքից տեղեկություններ
է ստանում առկա դժվարությունների մասին եւ ունկնդրում գործարարների՝ իրավիճակից
առաջարկվող ելքերին: Արդյունքում՝ հարկային ու մաքսային մարմիններին, ֆինանսների
նախարարությանը համապատասխան հրահանգներ են տրված: Ձեռքբերումների մասին
խոսելը պարոն Ավագյանը դեռ վաղ է համարում: Ըստ մեր զրուցակցի, գործարարների
հիմնական բողոքները եղել են ԱԱՀ-ի՝ սահմանի վրա հետգանձումից, գործարքի փաթեթի
ձեւավորման բարդացնող հանգամանքներից եւ նմանօրինակ բազում խնդիրներից:
Հիմնական խոչընդոտներից մեկը Սեյրան Ավագյանը համարում է հարկային օրենսգրքի բացակայությունը: Այն, որ ժամանակին բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվեցին բիզնեսի դաշտ՝ չունենալով համապատասխան հմտություններ եւ գիտելիքներ, դրանից ելնելով հնարավորինս պարզեցվեցին հաշվապահությունն ու հարկային գործառույթները, պարոն Ավագյանի պնդմամբ՝ մեր երկիրը դուրս բերեցին բիզնեսի դասական դաշտից: Եվ այժմ գոյություն ունեցող խնդիրները նա միանգամայն օբյեկտիվ է համարում: Սակայն, միաժամանակ, նաեւ ժամանակավրեպ է հարկային օրենսգրքի ուղղությամբ գործնական աշխատանքը՝ «քանի որ տնտեսության դաշտը կայունացված չէ, տրամաբանություններ են փոխվում, անակնկալներ են լինում»: Բայց այսպես շարունակելուն մեր զրուցակիցը առավել եւս կողմ չէ, քանզի դժգոհությունների շարանը գնալով երկարում է: Միակ առաջարկը, որն անում է Սեյրան Ավագյանը, առայժմ ընդամենը քաղաքականություն մշակող մարմնի ստեղծումն է:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել