Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱԶԵԱԿԱՆՆԵՐԸ» ՄՐՑՈՒՄ ԵՆ

Օգոստոս 03,2004 00:00

«ԲԱԶԵԱԿԱՆՆԵՐԸ» ՄՐՑՈՒՄ ԵՆ «Բազեում» ընթանում են ներճակատային մրցումները։ Ինչպես նշել էինք նախորդ համարում, այս հավաքին մասնակցում են նաեւ լրագրողները։ Ասենք, որ լրագրողական ջոկատը մինչեւ օրս լուրջ հաղթանակներ չի գրանցել։ Միայն Գոհար Բաղդասարյանը («Երեւան» հեռուստատեսություն) եւ Բարեղամ Ղուկասյանը (Ռադիոլուր) խրախուսական մրցանակ են շահել «Բազե-պար» մրցույթում։ Սակայն լրագրողականը հայտնի է որպես ամենաաշխույժ եւ ամենաուրախ ջոկատ։ «Բազեում» բավականին ակտիվ մրցապայքարում է գտնվում «Փյունիկ» հաշմանդամների միության ջոկատը։ Ի դեպ, փյունիկցիները խնդրել էին ժյուրիից, որ գնահատելիս նրանց չառանձնացնեն մյուս երիտասարդներից։ «Փյունիկի» երիտասարդները «Բազե-երգ» եւ սեղանի թենիս մրցույթներում գրավել են 2-րդ տեղը։ Երեկ անցկացվեց նաեւ «Բազե-պոետ» մրցույթը։ Դոցենտ Հասմիկ Կարապետյանը նշեց, որ ներկայացված բոլոր աշխատանքներում զգացվել են երիտասարդների ինքնատիպությունը եւ փայլուն ընդունակությունները։ Այս մրցույթի ժամանակ յուրաքանչյուր մասնակցի տրվում է 20 րոպե ժամանակ եւ 20 բառ, որի հիման վրա պետք է գրել չափածո ստեղծագործություն, որտեղ կարեւորվում է նաեւ ոտանավորի իմաստը։ Այս տարի առաջին անգամ անցկացվեց «Բազե-խոհարար» մրցույթը, որը կազմակերպվել էր հետեւյալ կերպ՝ մրցույթից 24 ժամ առաջ խոհարարին ներկայացվում է 30-35 անուն սննդամթերքից բաղկացած ցուցակ եւ թույլատրվում է ցուցակից ընտրել միայն 8 սննդամթերք։ Մրցույթի մասնակցող խոհարարին եւ օգնականին տրվում է 70 րոպե ժամանակ՝ նախօրոք որոշված ճաշատեսակը պատրաստելու համար։ «Բազե-խոհարար» մրցույթում ամենադժվար եւ ամենածանր գործը ժյուրիինն է, քանի որ վերջիններս ստիպված են համտեսել զանազան սննդամթերքներից 40-50 ճաշատեսակներ։ Լ. ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել