Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԻՆ ԽԱՎՆ ԱՌԱՅԺՄ ՉՁԵՎԱՎՈՐՎԵՑ

Օգոստոս 03,2004 00:00

ՄԻՋԻՆ ԽԱՎՆ ԱՌԱՅԺՄ ՉՁԵՎԱՎՈՐՎԵՑ ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե նախընտրական շրջանում մեծ շուքով գովազդվող մանր ու միջին բիզնեսի զարգացման գործընթացն ի՞նչ փուլում է: Մանավանդ որ արդեն տեւական ժամանակ պարոն Ավագյանը հենց այդ թեմայով է նախագահին խորհուրդներ տալիս: Արժանահիշատակ միակ միջոցառումն առայժմ նախագահի եւ գործարարների՝ վեց ամիսը մեկ տեղի ունեցող հանդիպումներն են, որոնց ժամանակ նախագահն, այսպես ասած, առաջին ձեռքից տեղեկություններ է ստանում առկա դժվարությունների մասին եւ ունկնդրում գործարարների՝ իրավիճակից առաջարկվող ելքերին: Արդյունքում՝ հարկային ու մաքսային մարմիններին, ֆինանսների նախարարությանը համապատասխան հրահանգներ են տրված: Ձեռքբերումների մասին խոսելը պարոն Ավագյանը դեռ վաղ է համարում: Ըստ մեր զրուցակցի, գործարարների հիմնական բողոքները եղել են ԱԱՀ-ի՝ սահմանի վրա հետգանձումից, գործարքի փաթեթի ձեւավորման բարդացնող հանգամանքներից եւ նմանօրինակ բազում խնդիրներից: Հիմնական խոչընդոտներից մեկը Սեյրան Ավագյանը համարում է հարկային օրենսգրքի բացակայությունը: Այն, որ ժամանակին բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվեցին բիզնեսի դաշտ՝ չունենալով համապատասխան հմտություններ եւ գիտելիքներ, դրանից ելնելով հնարավորինս պարզեցվեցին հաշվապահությունն ու հարկային գործառույթները, պարոն Ավագյանի պնդմամբ՝ մեր երկիրը դուրս բերեցին բիզնեսի դասական դաշտից: Եվ այժմ գոյություն ունեցող խնդիրները նա միանգամայն օբյեկտիվ է համարում: Սակայն, միաժամանակ, նաեւ ժամանակավրեպ է հարկային օրենսգրքի ուղղությամբ գործնական աշխատանքը՝ «քանի որ տնտեսության դաշտը կայունացված չէ, տրամաբանություններ են փոխվում, անակնկալներ են լինում»: Բայց այսպես շարունակելուն մեր զրուցակիցը առավել եւս կողմ չէ, քանզի դժգոհությունների շարանը գնալով երկարում է: Միակ առաջարկը, որն անում է Սեյրան Ավագյանը, առայժմ ընդամենը քաղաքականություն մշակող մարմնի ստեղծումն է: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել