Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԵՎԻԶՈՐԸ ՀԱՐՑ Է ՏԱԼԻՍ»

Օգոստոս 06,2004 00:00

«ՌԵՎԻԶՈՐԸ ՀԱՐՑ Է ՏԱԼԻՍ» Իսկ մաքսավորը բոլոր հարցերին չէ, որ պատասխանում է Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներից կազմված հանձնաժողովը երեկ քննարկեց մաքսավորների առարկությունները, որ նրանք արել էին ԽՀձ-ի ակտի կապակցությամբ: Հիշեցնենք, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Ֆինանսական վերահսկողության վարչությունը հունվար-մայիս ամիսներին Արարատյան մաքսատանը ստուգումներ էր անցկացրել, որի արդյունքում վերահսկողները եզրահանգման էին եկել, որ պետբյուջեն միլիարդավոր դրամների վնաս է կրել: Մաքսային պետական կոմիտեն ակտի վերաբերյալ հեգնախառն առարկություններ էր գրել, հիմնավորելով իր տեսուչների գործողությունների իրավացիությունը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունն էլ որոշեց առարկությունները քննարկել դռնբաց նիստում: Երեկվա նիստում, սակայն, Մաքսային կոմիտեի ներկայացուցիչները չկարողացան հիմնավորել իրենց իսկ գրած առարկությունները, եւ ֆինանսիստները շատ ավելի ճկուն գտնվեցին: Անդրադառնանք ակտի եւ առարկությունների այն կետերին, որոնք վերաբերում են միեւնույն պարամետրերով եւ տեխնիկական հատկանիշներով ապրանքների մաքսազերծման գներին, որոնք, ֆինանսիստների արձանագրմամբ, մաքսավորները կիրառել են տարբերակված՝ նայած որ տնտեսվարողի համար ինչ գին (ցածր կամ բարձր): Վերահսկողը բերեց բյուրեղացված շաքարավազի օրինակը, մի դեպքում մաքսազերծվել է $0.26-ով, մեկ այլ դեպքում՝ $0.24172ով: Մինչդեռ, ըստ վերահսկողի, ապրանքները նույնն են եղել եւ որակի սերտիֆիկատով, եւ հաշիվ-ապրանքագրով, եւ մնացած պարամետրերով: Նույնն էր նաեւ հեռուստացույցների դեպքում: Մաքսավորները նշեցին, որ Մաքսային օրենսգրքի 91-րդ հոդվածն իրենց թույլ է տալիս գնից նվազեցումներ կատարել: Սակայն թե նվազեցումն ինչ տվյալների հիման վրա պետք է արվի կամ 20 տոկոս շահութաբերության նորման ինչ է, արդյոք այն ապրանքի մանրածա՞խ, թե՞ մեծածախ գնից պետք է նվազեցվի՝ մաքսավորները սպառիչ պատասխան չտվեցին: Նույնիսկ տպավորություն էր ստեղծվում, թե մաքսավորներն իրենց առարկություններին այնքան էլ լավ ծանոթ չէին, եւ ժամանակ առ ժամանակ պատասխանում էին «չեմ կարող պատասխանել», «այս պահին չունենք այդ տվյալները»: Ապացույցներ, վերահսկողների մեղադրանքները հերքող տվյալներ ներկայացնելու հանձնաժողովի անդամների առաջարկությանն ի պատասխան՝ մաքսավորներից մեկը բացատրում էր. ես պարտավոր չեմ հիմնավորել: Նրանք են գրել (մեղադրանքները), նրանք ել պարտավոր են ապացուցել, ինչը, թվում էր, մաքսավորների ամենաարժեքավոր հակափաստարկն էր: Ֆինանսիստները մաքսավորներին նույնիսկ դժվարությամբ համոզեցին, որ 1500-ը 1000-ից մեկուկես անգամով ավելի է: Երեկ մինչեւ ուշ ժամ ընթանում էր նիստը: Հանձնաժողովը մերժեց առարկությունները: Եվ այս ամենից հետո, եթե պարզվի, որ, իրոք, վերահսկողականի ակտը օրինական ու հիմնավոր է, ապա պետության համար մեծ խնդիր է առաջանում: Այդ դեպքում պետբյուջեի կրած միլիարդավոր դրամների վնասը, փաստորեն, ենթակա է փոխհատուցման: Չհաշված դրա տեխնիկական դժվարությունները, խնդիրն առնչվում է նաեւ մի շարք օլիգարխների, որոնցից էլ, փաստորեն, արդեն կայացված գործարքների, իրացված ապրանքների համար պետք է գանձվեն լրացուցիչ գումարներ: Մինչդեռ շուկայում այդ ապրանքների գնագոյացումն իրականացվել է նաեւ ըստ մուծած մաքսատուրքերի: Գործարարները կարող են իրենց դժգոհությունը արտահայտել: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել