Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ

Օգոստոս 07,2004 00:00

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ Հերթական կուբիկ-ռուբիկը Ռոբերտ Քոչարյանի ձեռքին Այս տարի աշունն իսկապես հանգիստ չի սկսվի։ Այդ անհանգստությունը կստեղծվի ոչ թե ընդդիմության ջանքերով (ինչպես պարզ դարձավ, վերջին շրջանում ընդդիմությունը միայն սպառնալիքներ է հնչեցնում եւ կոնկրետ գործողությունների պահին ընկրկում է), այլ իշխանության։ Վերադասավորումներ կլինեն հենց իշխանության ներսում։ Չի բացառվում, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լուծարի կոալիցիան։ Սա խիստ տրամաբանական է՝ նախագահը կհայտարարի, որ կոալիցիոն կառավարությունները սովորաբար ստեղծվում են ճգնաժամային իրավիճակում, իսկ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամն այլեւս հաղթահարված է, ուստի կոալիցիայի գոյությունն ավելորդ է։ Թերեւս հենց այս սցենարի բաղկացուցիչ մաս կարող են դիտվել խորհրդարանում սկսվելիք վերախմբավորումները։ Որոշ շշուկներ կան այն մասին, որ կմեծանա դաշնակցության խմբակցությունը։ Իսկ «Ժողպատգամավոր» խմբի աշնանային համալրման մասին մենք արդեն գրել ենք։ Այսպիսով, կթուլանա ՕԵԿ խմբակցությունը, իսկ «Ժողպատգամավորը» իր անդամների թվով կհավասարվի խորհրդարանում թվով երկրորդ՝ ՕԵԿ խմբակցությանը։ Կանխատեսվում է, որ տեղաշարժեր կլինեն նաեւ «Հանրապետական» խմբակցությունում։ Իսկ եթե իշխանություններին հաջողվի «բացատրական աշխատանք» տանել «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների ներսում եւ դրանց մի մասը բերվի խորհրդարան՝ որպես «կառուցողական ընդդիմություն»՝ պատկերն ամբողջական կլինի։ Այս վերջին վարկածը կարող է խիստ իրատեսական լինել, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունների ցուցակներում էլ լիքը պատահական եւ գաղափարազուրկ մարդիկ կան, ովքեր պատրաստ են ծախվել ցանկացած գնով։ Այս սցենարի շարունակություն կարող է դիտվել այն, որ իր քաղաքական դիրքերը կփորձի ամրապնդել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը. հենց այդ պատճառով էլ ակտիվացում է նկատվում ապարանական ծագում ունեցող պատգամավորների եւ գործարարների շրջանում։ Որպես վերադասավորումների սցենարի մաս է դիտվում նաեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հնարավոր մուտքը կառավարություն։ Ըստ որոշ պնդումների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքները համակարգող նախարարության որոշ ֆունկցիաներ կտրվեն Երվանդ Զախարյանին։ Իսկ Երեւանի քաղաքապետ կդառնա Երեւանի Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը։ Վարչապետի վիճակը այս ամենի համատեքստում խիստ անորոշ է, ու եթե անգամ պաշտոնանկության դեպքում «Հանրապետականը» դառնա ընդդիմություն, ինչպես ժամանակին սպառնաց Անդրանիկ Մարգարյանը, ապա դա այնքան էլ սարսափելի չի լինի, քանի որ ընդդիմությունը այդ ընթացքում, մանդատներից զրկված լինելով, կհասցնի պառակտվել։ Իսկ վարչապետի թեկնածու՝ որքան ուզես։ Այդ թեկնածուն կարող է լինել Արտաշես Թումանյանը, Աղվան Հովսեփյանը, Երվանդ Զախարյանը, Դավիթ Հարությունյանը։ Սերժ Սարգսյանը՝ դժվար թե, քանի որ նրա համար պատմությունն այլ ուղի է կանխորոշել։ Աշնան սկզբին կամ ամռան ավարտին կփոխվեն մի շարք խիստ առանցքային վարչությունների պետեր։ Ընդ որում, այս հարցում եւս դաշնակցությունը ակտիվ մասնակցություն ունի։ Մասնավորապես, դաշնակցությանը կտրվի Կենսաթոշակային հիմնադրամը եւ էլի մի քանի վարչություններ։ Իսկ եթե այնպես պատահի, որ վերադասավորումների այս սցենարը ինչ-ինչ պատճառներով չգործի, ապա կա նաեւ պահեստային տարբերակ։ Ռոբերտ Քոչարյանը կորոշի, որ Ազգային ժողովը լավ չի աշխատել ու կցրի այն։ Ու ամեն ինչ կսկսվի նորից։ Չի բացառվում, որ Ղարաբաղի հիմնահարցի սրման պատրվակի տակ երկրում դարձյալ սկսվի ներքաղաքական լարվածություն։ Պարզապես հետաքրքիր է պատկերացնել, որ ծնված մի նոր ընդդիմություն՝ ՕԵԿ-ի շապիկներով եւ «Հանրապետականի» ճերմակ արծիվներով, Մատենադարանի բարձունքում միտինգներ կանեն ու կպահանջեն Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը։ Այսպիսի իրավիճակում խիստ աննախանձելի վիճակում կհայտնվի այսօր գործող ընդդիմությունը։ Որտե՞ղ միտինգ անել կամ՝ միտինգ անե՞լ, թե՞ ոչ՝ այս հարցերը կլինեն ընդդիմության քաղաքական շտաբի քննարկումների առանցքում։ Եվ որպեսզի այս ամենը հենց այսպես չավարտվի, կա մեկ ելք՝ կոալիցիան ինքն է համախմբվում եւ սկսում նախագահի պաշտոնանկության գործընթացը։ Սակայն դա անհնարին է, քանի որ կոալիցիայի ներսում դաշնակցությունը, ՕԵԿ-ն ու «Հանրապետականը» փոխադարձաբար միմյանց այնքան են ատում, որ այլեւս նույնիսկ հանուն իրենց իսկ փրկության չեն կարող միավորվել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Ամենեւին չենք պնդում, որ նշված բոլոր կադրային եւ կառուցվածքային տեղաշարժերը հենց այդպես էլ տեղի կունենան։ Խոսքը միտումների մասին է, որոնք, այսպես թե այնպես, ի հայտ կգան այս տարվա սեպտեմբերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031