Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ՝ ՏՈՄՍԻ ԱՐԺԵՔՈՎ

Օգոստոս 27,2004 00:00

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ՝ ՏՈՄՍԻ ԱՐԺԵՔՈՎ

Վանաձորի Վարդանանց 23 շենքի 19 բնակարանի բնակչուհի, 1939թ. ծնված
կենսաթոշակառու Հենրիետա Մխիթարյանը կանանց հանրապետական խորհրդի անդամ է։
Նա, սկսած 2000թ., իր բնակարանի հետ կապված բողոքով դիմել է քաղաքապետարան։
«Օդափոխիչ խորանը 10 տարի է դարձել է ծխնելույզ՝ բնակչի կողմից։ Ձմռանը ծուխը
եւ կրակի լեզվակները մտնում են բնակարանս։ Տանիքի ընդհանուր ջրահեռացման
խողովակը այնպես է ձեւափոխվել, որ ձմռանը ձյան հալոցքը ճանապարհ չգտնելով՝
թափվում է շքամուտք եւ սառցե դաշտ ստեղծում սանդուղքի վրա։ Սառույցը ջարդելիս
վնասվում են նաեւ սանդուղքները, իսկ հալոցքի մի մասը թափվում է իմ բնակարանը»։

Ի պատասխան՝ քաղաքապետարանի բնակտնտեսության պետը պարբերաբար դժգոհել է՝ «Բոլ չի՞ բողոքես»։ Հարցը «տրամաբանական» լուծում էր ստացել 2003թ. հունիսի 29-ին. 8-րդ հարկի բնակիչները, որոնց հետ Մխիթարյանի հարաբերությունները ծայրահեղ լարվել էին, «ընտանյոք հանդերձ» շքամուտքում ծեծի են ենթարկում Հ. Մխիթարյանին, քանի որ վերջինիս բնակարանից ջուր էր թափվել 8-րդ հարկի պատշգամբ։ «Ծեծում էին ու ասում՝ բոլ չի՞ բողոքես»,- գրել էր Մխիթարյանը 2003թ. սեպտեմբերին ՀՀ նախագահին ուղղված նամակում, որի արդյունքում վերահսկողական ծառայությունից ներկայացուցիչ էր գործուղվել Վանաձոր։ Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ՝ Մխիթարյանին հասցվել էր «առողջությունը կարճատեւ քայքայող թեթեւ մարմնական վնասվածքներ», իսկ վերջինիս Ուկրաինայում բուժվելու ժամանակ կլինիկայի վարիչը ախտորոշել էր նաեւ «գլխուղեղի ցնցում»։

2004թ. հուլիսի 29-ին Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը Վանաձորում (որի վարույթում գործը գտնվում էր շուրջ 8 ամիս), ի վերջո, վճիռ կայացրեց։ Հ. Մխիթարյանին ծեծի ենթարկելու փաստը նրա հարեւանուհի Ա. Ներկարարյանի կողմից՝ դատարանը համարեց հաստատված։ Դատարանը որոշեց Ա. Ներկարարյանից բռնագանձել 260 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ Մխիթարյանի օգտին (որպես Երեւան-Խարկով-Վովչանսկ չվերթի տոմսերի արժեք, քանի որ Մխիթարյանը ամբուլատոր բուժում էր ստացել Ուկրաինայում, քրոջ մոտ) եւ 9200 դրամ՝ որպես դեղորայքի արժեք։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել