Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Անգործունակի շահերից ելնելով»

Օգոստոս 28,2004 00:00

«Անգործունակի շահերից ելնելով» Հայրն՝ օգտվելով աղջկա հիվանդությունից, փորձում էր տիրանալ նրա բնակարանին Այս տարի մայիսին «Առավոտը» ստացել էր հոգեբուժարանում գտնվող Հասմիկ Կիրակոսյանի հայտարարությունը, որում նշվում էր. «Ներկայումս գտնվում եմ հոգեպես նորմալ վիճակում եւ ուզում եմ հայտնել, որ հայրս՝ Վարդան Կիրակոսյանը, ցանկանալով տիրանալ իմ բնակարանին, ստիպողաբար փաստաթղթեր է ստորագրել տալիս ինձ: Սակայն ինձ խնամում է քույրս՝ Դիանան»: Ստացանք նաեւ Երեւանի Վրացական փողոցի 21/1 շենքի թվով յոթ բնակիչների հայտարարությունը՝ հաստատված համատիրության կնիքով: Կիրակոսյանները իրենց մոր՝ Լուսիկ Առուշանյանի մահից հետո բնակվել են մորական տատի՝ Կատուշ Չիրքինյանի հետ վերոնշյալ հասցեի 23 բնակարանում: Հասմիկին եւ Դիանային խնամել է տատը, քանի որ հայրը լքել է անչափահաս դուստրերին: «1995թ., վաճառելով մեր բնակարանը, գնեցինք նորը՝ Մամիկոնյանց 27 շենքում, իսկ քանի որ նախկին տանը գրանցված էր նաեւ հայրս, վաճառքի ժամանակ նա իր համաձայնությունը տվեց միայն այն պայմանով, որ վաճառքից կստանա իր հասանելիք գումարը եւ դուրս կգա գրանցումից»,- պատմում է Դիանան: Ապա մահանում է խնամակալ տատը: Հասմիկը տեղափոխվում է հոգեբուժական հիվանդանոց: Այդ ողջ ընթացքում հիվանդին այցելել է հիմնականում միայն քույրը, իսկ հայրը սակավաթիվ այցելություններից մեկի ժամանակ Դիանայից վերցնում է նրանց բնակարանի բանալին: Տունը տալիս է վարձակալության, յուրացնելով գումարները: Խաբված դուստրը դիմում է Արաբկիրի ոստիկանություն՝ հորից տան բանալին վերցնելու պահանջով: Սակայն ոստիկանները ոչնչով օգնել չեն կարողանում: Նույն ժամանակամիջոցում հայրը դիմում է ներկայացնում Արաբկիրի թաղապետարան՝ խնամակալության եւ հոգաբարձության հարցերով հանձնաժողովին, որպեսզի նշանակվի անգործունակ աղջկա՝ Հասմիկ Կիրակոսյանի գույքի հավատարմագրային կառավարիչ: Դիանան նույնպես դիմել է թաղապետարան, հայտնելով, որ հայրը նախկինում երկու դատվածություն ունի՝ գողության եւ ոստիկանին դիմադրություն ցույց տալու համար, եւ երբեէ իր եւ քրոջ համար ոչինչ չի արել: Արաբկիրի թաղապետարանը՝ իր 182 որոշմամբ, հոգեկան հիվանդ Հասմիկ Կիրակոսյանի գույքի հավատարմագրային կառավարիչ է «օծում» Վարդան Կիրակոսյանին, որն իբրեւ հայր անօգնական վիճակում էր թողել այդ նույն գույքի տիրոջը: Ճիշտ է, ինքը՝ Կիրակոսյանը պնդում է, որ լավ հայր է, անգամ թաղապետարանի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել էր, թե «իր կնոջ մահից հետո 1988թ. կրկին ամուսնացել է, բայց չի դադարել իր երկու երեխաներին խնամել»: Նաեւ պնդել է, թե Հասմիկի գույքի կառավարումը քույրը՝ Դիանան չի կարող ստանձնել: Դիանան հանձնաժողովին հայտնել է, որ հոր նպատակը իր հիվանդ քրոջ բնակարանին տիրանալն է: Այս մեղադրանքին ի պատասխան, հայրը ոչինչ չի ունեցել ասելու: «Վ. Կիրակոսյանը խուսափեց որոշակի պատասխանից»,- ասպես է ավարտվում հանձնաժողովի նախագահ Արշալույս Սարգսյանի հաստատած փաստաթուղթը: Այնուհանդերձ, «անգործունակի շահերից ելնելով», հայրը նշանակվում է նրա գույքի կառավարիչ: Սակայն Արաբկիր համայնքի առաջին ատյանի դատարանը, իր հերթին «անգործունակի շահերից ելնելով», անվավեր է ճանաչում թաղապետարանի որոշումը: Վերաքննիչ դատարանն էլ է վարվում նույն կերպ, հավելելով, որ «հանձնաժողովը հաշվի չի առել խնամակալի՝ Սեւանի հոգեբուժական հիվանդանոցի կարծիքը, Վ. Կիրակոսյանի բարոյակա ն եւ անձնական հատկանիշները, նրա եւ խնամյալի միջեւ առկա հարաբերությունները»: Վճռաբեկը նույնպես դատարանի որոշումը թողնում է ուժի մեջ: Սակայն մինչ օրս որոշումն ի կատար չէր ածվել. Վ. Կիրակոսյանը բանալին չի վերադարձրել: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել