Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Չմոռանանք անցած ճանապարհը

Օգոստոս 28,2004 00:00

Չմոռանանք անցած ճանապարհը Անցած տասնամյակներում Հայաստանի ճարտարապետությունը մեծ նվաճումներ է ունեցել Ցանկանում ենք անդրադառնալ ամսագրերից մեկում տպագրված «Նվաճած տարածք» վերնագրով հարցազրույցին: Լրագրողի հարցերին պատասխանում է Երեւանում գործող Գ. Գաֆէսճեան հիմնադրամի կողմից Կասկադ համալիրում ծավալված աշխատանքների ղեկավար Է. Պալասանյանը: Անտեղյակ ընթերցողին կարող է թվալ, որ «անմխիթար վիճակում» գտնվող այս տարածքը իր կառույցներով հանդերձ ազատագրվել է թշնամուց, եւ այժմ վերջապես կվերակենդանանա նոր տերերի շնորհիվ: Սակայն հարց է ծագում, ինչպե՞ս կարողացավ թերություններով լի այդ համալիրը հետաքրքրել համաշխարհային ճարտարապետությանը այդչափ տեղյակ մարդկանց: Ի՞նչը գրավեց նրանց այդ «միջակ մակարդակի նախագծում»: Եվ մի՞թե քարերը մաքրելուց կամ շատրվանները աշխատեցնելուց է, որ այժմ համալիրը հիացնում է քաղաքացիներին, ինչպես ասված է հարցազրույցում: Անշուշտ, բարեկարգման աշխատանքները շատ կարեւոր են, քանի որ այդպես կառույցը ստանում է իր լիակատար տեսքը՝ հենց այն, ինչ նախագծել էին համալիրի հեղինակները, եւ դրա համար բոլորս շնորհակալ ենք այդ աշխատանքների իրականացումը հնարավոր դարձրած պարոն Գ. Գաֆէսճեանին: Պարոն Պալասանյանը, չգիտես ինչու, փորձում է նախագծում նախատեսվածը, ներառյալ համալիրի նպատակը, ներկայացնել որպես իր մտահղացումները: Սակայն մեր խնդիրը ամենեւին էլ այն չէ, որ պաշտպանենք այս կամ այն կառույցի ճարտարապետական արժանիքները, լինի դա Կասկադը, թե «Զվարթնոց» օդանավակայանի շենքը: Ոչ էլ ցանկություն ունենք քննարկելու Է. Պալասանյանի առաջ քաշած թեզը Ալեքսանդր Թամանյանի՝ «ժամանակավրեպ եւ անիրական» լինելու մասին, մեծ վարպետի թողած գործերը ինքնին բավականաչափ խոսուն են: Եվ հեղինակային իրավունքի խնդրի շուրջ, կարծում ենք, պետք է ավելի լուրջ եւ մասնագիտական քննարկում ծավալել, մանավանդ այժմյան պայմաններում, երբ մեր ճարտարապետության նույնիսկ դասական ստեղծագործությունները կարող են հայտնվել ինչ-որ մեկի սեփականաշնորհած տարածքում եւ կանգնել ոչնչացման կամ ոչ մասնագիտական անճանաչելի փոփոխման վտանգի առջեւ (այդ վիճակում գտնվում է, օրինակ, Ն. Բունիաթյանի փայլուն ստեղծագործությունը՝ «Սեւան» հյուրանոցի շենքը): Սակայն անցնենք մեր ասելիքի բուն էությանը: Բոլորս գիտենք, թե ինչ ծանր ու ցավալի է Սփյուռքում ապրելը, նույնիսկ ամենաբարեկեցիկ կյանքի պարագայում: Ճակատագրի բերումով այդպիսի դրության մեջ հայտնված մարդիկ ամբողջ սրտով ձգտում են դեպի հայրենիք, թեկուզ ոչ պատմական, այլ նրանից պահպանված բեկորը, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Փառք Աստծո, այսօր խորհրդային ժամանակների համեմատությամբ նրանք շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն հայրենիքում իրենց ազատ զգալու, լինելու նրա ոչ թե խորթ, այլ հարազատ որդիները: Սակայն այս պայմաններում էլ մեկը հպարտանում է իր ժողովրդի դժվար պայմաններում ձեռք բերած նվաճումներով եւ ցանկանում է անհատույց օգնել հայրենիքին, մեծապես նպաստելով նրա զարգացմանը, իսկ մյուսն իր բարեկեցության «վերեւից» նայելով այս երկրին, եւ օգտվելով իսկական բարերարի շնորհիվ ստեղծված հնարավորություններից, ցանկանում է իրավունք ստանալ կառավարելու եւ սովորեցնելու «հետամնաց» հայաստանցի հայրենակիցներին: Գումարներ ներդնողները, բոլոր իրավունքները տալով Հայաստանում գործող իրենց ներկայացուցիչներին՝ լինեն դրանք սփյուռքահայ, թե հայաստանցի, ամենայն հավանականությամբ, մեծ մասամբ տեղյակ էլ չեն, թե ինչ է ասվում կամ արվում իրենց անունից: Իսկ նրանց ներկայացուցիչները, քմահաճորեն գործելով բարերարի անունից, դրանով իսկ վարկաբեկում են նրա կատարած ազնիվ եւ կարեւոր գործը: Հայաստանի կառավարության եւ ժողովրդի կողմից հնարավորություն է ընձեռված մեր բոլոր հայրենակիցներին, այս կամ այն ձեւով, մասնակցելու հայրենիքի կառուցմանը, զգալու իրենց նրա իսկական զավակները: Եթե միտք ունեք ընդունելու այդ հնարավորությունը եւ նպաստելու ձեր հայրենիքի զարգացմանը, մասնակցեք այս պատմական գործընթացին առանց թելադրելու պայմանի եւ, ամենակարեւորը՝ նսեմացնելու եւ ոչնչացնելու ցանկության, ո՛ր ասպարեզում էլ դա լինի: Հայաստան երկիրը միշտ էլ ունեցել է փայլուն ճարտարապետություն՝ ամբողջ աշխարհի բարձրակարգ մասնագետների կողմից ընդունված, եւ նրա արժանավոր ժառանգներն ու շարունակողները եղել են եւ կան նաեւ մեր ժամանակներում: Առաջ գնալիս պետք է չմոռանալ անցած ճանապարհը, քանի որ այլ կերպ մեզ սպառնում է մոլորվելու վտանգը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել