Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշինքը ճշտեց մարտավարությունը

Սեպտեմբեր 03,2004 00:00

Դաշինքը ճշտեց մարտավարությունը Բայց դրա մանրամասները չհայտնեց «Տարածաշրջանում գործընթացները գնում են հանգուցալուծման, եւ միայն այն փաստը, որ այս փոքր տարածաշրջանում վերջին երկու ամսում 15 զինավարժություն, զորավարժություն է տեղի ունեցել, հուշում է դրա մասին։ Այսօր հարցը դրված չէ Ռոբերտ Քոչարյանին հեռացնելու եւ հեռացման ձեւերի մասին։ Դա արդեն որոշված է մեզնից դուրս։ Եվ այստեղ «Արդարություն» դաշինքը մեկ խնդիր ունի՝ քննարկել, մտածել եւ լուծել այն հարցը, թե մեր հասարակությունը ինչպե՞ս պիտի մասնակցի հետքոչարյանական շրջանի գործընթացներին եւ կարողանա համաժողովրդական համախմբմամբ ստեղծել այն Հայաստանը, ինչին արժանի է մեր ժողովուրդը։ Այսինքն՝ ավելի շատ քննարկվել են ապագայի հետ կապված խնդիրներ։ Ինչպիսի՞ Հայաստանը ինչպե՞ս ենք ներկայացնելու, ինչպիսի՞ Հայաստան ենք տեսնում եւ ի՞նչ քայլերով պիտի հասնենք դրան»,- երեկ լրագրողներին այդպիսի հեռանկար ներկայացրեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, երբ ավարտվեց «Արդարություն» դաշինքի հերթական նիստը։ Դաշինքի մարտավարության հավելյալ մանրամասներ չներկայացվեցին։ ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը «Առավոտին» ասաց. «Այն, ինչ մենք կանենք, պետք չէ, որ հիմա ձեզ պատմենք։ Լրագրողները միշտ ուզում են իմանալ դետալներով։ Ի՞նչ ենք անելու՝ պայքարելու ենք, պայքարում ենք։ Եվ անցած անգամվա մեր սխալներից մեկն էլ այն է եղել, որ ամեն ինչ մանրամասն ասել ենք»։ Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գ. Սարգսյանի ներկայացմամբ եւս դաշինքի նիստում խոսվել է տարածաշրջանային զարգացման եւ խնդիրների մասին, սակայն՝ հպանցիկ. «Տարածաշրջանային խնդիրների մասին հպանցիկ խոսակցություն է եղել։ Իսկ դաշինքի հետ կապված՝ որոշվել է, որ մենք հիմա նախապատրաստում ենք համաժողով։ Ներգրավված է դաշինքի ինը կուսակցությունների քաղաքական ակտիվը, հրավիրվելու են մտավորականներ, հասարակական կազմակերպություններ։ Աշխատանքային խումբը արդեն ստեղծվել է եւ կնախապատրաստի համաժողովը: Այդ համաժողովի ժամկետը սեպտեմբերի 15-20-ն է»: Դաշինքի հաջորդ որոշումն այն է, որ պետք է վերսկսենք մեր հանդիպումները հանրապետության տարբեր մարզերում։ Այստեղ արդեն հարցադրման փոփոխություն կա. «Մենք ոչ թե գալիս ենք ասելու, թե ինչ ենք անելու, այլ հարցնելու ենք ժողովրդին, թե ի՞նչ է ուզում, որ անենք։ Ինչ որ կորոշի ժողովուրդը՝ մենք այն էլ կանենք»։ Արամ Գ. Սարգսյանը տեղեկացրեց դաշինքի նիստի եւս մեկ որոշման մասին։ Այն է՝ «Արդարություն» խմբակցությունը որոշել է խորհրդարանում լինել շատ ակտիվ։ Սա ամենեւին չի նշանակում, թե խմբակցությունը վերադառնալու է խորհրդարան։ Չի վերադառնալու, բայց՝ աշխատելու է։ Ահա թե ինչպես. «Աշխատելու է, բայց ոչ թե խորհրդարանի դահլիճում։ Բոլոր այն հարցերը, որ քննարկվելու են խորհրդարանում, մենք քննարկելու ենք խմբակցությունում եւ ներկայացնելու ենք մեր դիրքորոշումը։ Ֆորմալ տեսանկյունից ստացվում է, որ մենք միայն քվեարկություններին չենք մասնակցելու։ Հայտարարությունների ժամին անպայման պետք է մասնակցենք եւ հրատապ հարցերի շուրջ մեր դիրքորոշումը ներկայացնենք։ Սահմանադրական փոփոխությունների, «Ընտրական օրենսգրքի» եւ բոլոր այլ կարեւոր խնդիրների վերաբերյալ խմբակցությունը կներկայացնի իր դիրքորոշումը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել