Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարազատները շտապել են»

Սեպտեմբեր 03,2004 00:00

«Հարազատները շտապել են» Պարզաբանում է Շիրակի մարզի դատախազը «Առավոտն» իր հրապարակումներում արդեն անդրադարձել է հունիսի 16-ին Գյումրիի ծննդատանը տեղի ունեցած ողբերգությանը: Ինչպես հայտնի է, ծննդաբերությունից մահացել էր 35-ամյա Գայանե Քյուրքչյանը եւ նրա նորածինը, ինչի կապակցությամբ Շիրակի մարզի դատախազությունում հերթապահ բժշկուհիներ Լիլյա Պողոսյանի եւ Նաիրա Մկոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Անցած շաբաթ «Առավոտը» տպագրել էր հարազատների բողոքը, որոնք համոզված են, որ Գայանեին «սպանել» են բժիշկները: Սկեսրոջ պատմելով, քանի որ ավարտվում էր բժիշկների հերթապահության ժամը, նրանք «փող աշխատելու» հարմար առիթը բաց չեն թողել ու «արհեստականորեն արագացրել են ծննդաբերությունը»: Հարազատները նաեւ դժգոհում էին Շիրակի մարզի դատախազությունից՝ «գործին ընթացք չտալու համար»: Այժմ տպագրում ենք Շիրակի մարզի նորանշանակ դատախազ Դավիթ Սարգսյանի եւ քննիչ Աշոտ Գրիգորյանի մեկնաբանությունները: Նրանք ասացին, որ դատախազության անտարբերության մասին խոսելն «ավելորդ» է, քանի որ առաջին իսկ օրվանից կատարվել են «բոլոր անհրաժեշտ եւ անհետաձգելի» քննչական գործողությունները: «Ինչո՞ւ են շտապում բողոքելու, երբ գործը դեռ ավարտված չէ. նախաքննության փուլում է, փորձաքննություններն ընթացքի մեջ են, եւ մենք դեռեւս չունենք մասնագիտական եզրակացությունները»,- հարցրեց Շիրակի մարզի դատախազը: Իսկ քննիչ Աշոտ Գրիգորյանը պարզաբանեց, որ դեպքի հենց նույն օրը Շիրակի մարզի դատախազության կողմից պատրաստվել են նյութեր եւ կայացվել են որոշումներ Գայանե Քյուրքչյանի դիակի եւ պտղի դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու մասին: Ներկա պահին ՀՀ դատա-բժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի կողմից կատարվում են նաեւ հանձնաժողովային փորձաքննություններ: «Եզրակացությունները դեռ չենք ստացել, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել քրեական գործի վերջնական ընթացքը»,- ասաց քննիչը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ սույն քրեական գործով այս պահին մեղադրյալներ չկան, եւ քանի որ սեպտեմբերի 7-ին լրանում է նախաքննության ժամկետը, ինքը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել Շիրակի մարզի դատախազին՝ այն առնվազն մեկ ամսով երկարացնելու վերաբերյալ: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել