Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉՆ Է ԽԱՆԳԱՐԵԼ ՎԱՏ ՊԱՐՈՂՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 03,2004 00:00

Ի՞ՆՉՆ Է ԽԱՆԳԱՐԵԼ ՎԱՏ ՊԱՐՈՂՆԵՐԻՆ Մարզիչներն արդարանում են Աթենքում մեր հավաքականի տապալման համար Հայաստանի հավաքականների անհաջող մասնակցությունն ամառային 28-րդ օլիմպիական խաղերին համընդհանուր դժգոհություն է առաջացրել: Բոլորն շտապում են իմանալ ձախողումների պատճառները, պատասխան պահանջել մեղավորներից: Հենց այդ նպատակով էլ երեկ սպորտպետկոմում մամուլի ասուլիս էր հրավիրվել Աթենքում հանդես եկած մարզաձեւերի հավաքականների գլխավոր մարզիչների եւ սպորտպետկոմի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանի մասնակցությամբ: Մ. Իսպիրյանը, խոսելով նախապատրաստական փուլի ընթացքի մասին, նշեց, որ մարզաձեւերի հավաքականներն ու ֆեդերացիաները ժամանակին անելիքների հստակ ծրագիր են կազմել, իսկ սպորտպետկոմն ու ՀԱՕԿ-ը լիովին իրականացրել են կազմակերպական բոլոր աշխատանքները: Հիմա պետք է մարզիչների, մասնագետների հետ միասին ամենայն ուշադրությամբ վերլուծել տեղի ունեցածը: Ու դա պետք է արվի ամենաօբյեկտիվ կերպով, հակառակ դեպքում վրիպումներն ու բացթողումները կխորանան, ճիշտ եզրահանգումներ չեն արվի եւ հետագայում էլ հաջողություններ չեն լինի: Շտապողականությունն օգուտ չի տա: Դրա համար մոտ մեկ ամիս է հարկավոր, որից հետո անհրաժեշտության դեպքում կարող են լինել նաեւ կադրային լուրջ փոփոխություններ: Պարոն Իսպիրյանի գնահատմամբ, Աթենքում մեր մարզիկները տեխնիկական հագեցվածությամբ, ֆիզպատրաստվածության աստիճանով մրցակիցներին չէին զիջում, մղում էին հավասար պայքար: Բայցեւ նշեց, որ որոշ մարզաձեւերում պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել դրանց: Նա անելիքներ նկատեց տակտիկայի, մարզիկների օրգանիզմի արագ վերականգնման ուղղությամբ եւ այդ գործում անչափ կարեւորեց մարզական բժշկության եւ հոգեբանության դերը, մի բան, որ մեզանում գրեթե իսպառ բացակայում է: Ինչ վերաբերում է ակնկալվող մեդալներին, սպորտպետկոմի նախագահի տեղակալն ընդգծեց, որ ոչ բոլոր մասնակիցների առջեւ էր նման խնդիր դրված: Մեդալի հավակնորդներից լուրջ վնասվածքներ ստացան ու պայքարից դուրս մնացին ձյուդոիստ Արմեն Նազարյանը, ըմբիշներ Մարտին Բերբերյանն ու Արա Գեւորգյանը, իսկ բռնցքամարտիկ Ալեքսան Նալբանդյանին գրանցված պարտությունը չինացի մրցակցից՝ տեսագրությունն ուշադիր դիտելուց հետո խիստ կասկածելի է թվում: «Ես սա չեմ ասում արդարանալու համար, որովհետեւ, իրոք, ձախողումներ էլ եղան: Ընդհակառակը, Հայաստանի պես փոքր պետությունների մարզիկները պետք է այնքան ուժեղ լինեն, որպեսզի հաղթեն ոչ միայն մրցակիցներին, այլեւ կողմնակալ մրցավարությանը, որ Աթենքում էլ ցավոք սրտի նկատվեց»,- ասաց Մ. Իսպիրյանը: Հավաքականների մարզիչներն ընդգծեցին, որ սպորտում լինում են եւ հաղթանակներ, եւ պարտություններ: «Հիմա մեզ մեղադրում եք վատ աշխատելու համար,- համակարծիք էին նրանք,- սակայն երբ բոլորովին վերջերս մեր նույն սաները հաղթանակներով էին վերադառնում աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից, այդ հաջողություններին ԶԼՄ-ների մեծ մասն անտարբեր էր»: («Առավոտը» Ստամբուլում հաղթած Մարտին Բերբերյանի նկարը տպագրել էր առաջին էջում-խմբ.): Մարզիչները, որքան նրանց հնարավորություն ընձեռվեց արտահայտվելու, փորձեցին Աթենքից ձեռնունայն վերադառնալը եւ իրենց աշխատանքին գնահատական տալը դիտարկել նաեւ համաշխարհային սպորտում տեղի ունեցող կայծակնային առաջընթացի, շուրջտարյա լիարժեք մարզումային պայմանների, մարզագույքի առկայության, սպորտում հսկայական ներդրումներ կատարելու անհրաժեշտության եւ այլնի ֆոնի վրա: Հայաստանն այս առումով ի վիճակի չէ համաքայլ ընթանալ մյուս երկրների հետ: (Նաեւ՝ Վրաստանի՞ եւ Ադրբեջանի՞-խմբ.): Իհարկե, դրանք էլ կարեւոր հանգամանքներ են, բայց փաստ է նաեւ այն, որ օլիմպիական խաղերին նախապատրաստվելու ամբողջ ընթացքում լավ չեն աշխատել մարզական ֆեդերացիաները, մարզչական խորհուրդները, որոնց մի մասը, ավաղ, ձեւական բնույթ է կրում: Դրանք թերացել են համախմբել հանրապետությունում եղած մասնագետներին, մարզիչներին, պարբերաբար քննարկումներ չեն կազմակերպել, որոնց ընթացքում անկասկած կլինեին նոր առաջարկներ, ժամանակին կտրվեին կատարվող աշխատանքների գնահատականները, անհրաժեշտ ճշգրտումներ կկատարվեին: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել