Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամների թիվը կասկածելիորեն շատ է

Սեպտեմբեր 03,2004 00:00

Հաշմանդամների թիվը կասկածելիորեն շատ է Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, այս եզրակացության է եկել նախագահի վերահսկողական ծառայությունը՝ ուսումնասիրելով ընդունելության քննությունների ընթացքում քննական օրերը հետաձգելու փաստերը: Անցյալ տարի այս առնչությամբ 5 քրեական գործ է հարուցվել. մեղադրանքի հիմքում դրված է եղել կեղծ փաստաթղթերի միջոցով հաշմանդամության կարգավիճակի ձեռքբերումը: Այս տարի կասկածյալների թիվն ավելի շատ է, եւ, ըստ լուրերի, նախագահի վերահսկողականը գնում է այդ տրամադրված թղթերի հետքերով: Այս տարի ամենաշատ բժշկի թուղթ տրվել է Երեւանի ու Արմավիրի մարզերից՝ 80 գրիպի, 50 թարախային անգինայի, 40 գաստրիտի, 40 բրոնխիտի, մի քանիսն էլ՝ մաշկավեներական հիվանդությունների, ուղեղի ցնցման, տուբերկուլյոզի ախտորոշմամբ: Ճիշտ է, քննության օրերը փոխելու դեպքերն այս տարի 20 տոկոսով նվազել են, սակայն դրան զուգահեռ աճել է հաշմանդամների թիվը: Այս համատեքստում հարկ է նշել Բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանի կարծիքը՝ արված ՀԸՀ ամփոփիչ նիստում, թե ինքը դեմ է, որ հաշմանդամը բժիշկ դառնա: Վերադառնանք քննությունների հետաձգման փաստին, որ ամենաշատը եղել է հայ ժող. պատմության եւ քիմիայի պարագայում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հետաձգման պատճառները տարբեր են: Դրանից նշենք երկուսը. 1. դիմորդը հետաձգում է քննության օրը, որպեսզի վերջին օրերին քննական տարբերակների սահմանափակ քանակ մնացած լինի, եւ «զուբրիտ անելու» շրջանակն ավելի հստակ լինի, 2. քննության օրը հետաձգվում է, որպեսզի մրցույթը վերջին օրերին մոտավորապես պարզ լինի, եւ «գործ սարքողը» կողմնորոշվի, թե քանի միավոր է իրեն պետք, որպեսզի ավելորդ փող չծախսի, քանի որ յուրաքանչյուր միավորը փող է: Կա հետաձգման մեկ այլ տեսակ, որ իրականացվում է հենց քննության ժամանակ, երբ «ծանոթը» չի կարողանում հուշել ու գործը գլուխ բերել: Այդ ժամանակ տեղում դիմորդը «վատանում» է, իսկ բժշկական հանձնաժողովի հետ հանցավոր համաձայնության գալը մեկից մեկ է: Մեր աղբյուրը վկայում է, որ նախագահի վերահսկողականն այս օրերին հետեւում է նաեւ վճարովի առանց տարկետման իրավունքի տեղերի մրցույթին, քանի որ այստեղ էլ մրցույթը ոչ պակաս քողարկված է: Իրականում ոչ ոք հստակ չգիտի, թե քանի թափուր առանց տարկետման իրավունքի տեղ կա: Եվ արդյունքում՝ շատ ցածր միավորներով դիմորդները խցկվում են այդ տեղերը: Ի դեպ, մեր տվյալներով, այդ տեղերի վրա աչք ունեն նաեւ որոշ պաշտոնյաներ՝ իրենց երեխաների համար: Վերահսկողականը զբաղվելու է նաեւ Բժշկական համալսարանի դիմորդներով, որոնց մի մասը կենսաբանության հետ հանձնել է ֆիզիկա, մյուս մասը՝ քիմիա: Եվ հիմա միեւնույն՝ 37 միավոր հավաքած դիմորդներից պետպատվերով համակարգ են անցել նրանք, ովքեր բարձր միավոր ունեն ֆիզիկայից: Բայց թե ինչ հիմքով է առաջնությունը տրվում ֆիզիկային, հայտնի չէ, դիմորդներին այդ մասին նախապես ոչինչ չի հայտնվել եւ ընդունելության կանոններում էլ այդ մասին ոչինչ չկա: Եվ հիմա կիսանցողիկ միավորների հարցը դեռեւս մնում է առկախ: Ըստ մեր աղբյուրի, քննությունների ընթացքում վերահսկողականը բազմաթիվ նամակներ է ստացել նախորդ տարիների հանձնաժողովի անդամներից, որոնք այս անգամ հանձնաժողովում չէին: «Աբիժնիկները» սրտացավորեն հուշել են մի շարք կեղտոտ տեխնոլոգիաներ, որոնցով արվում են հիմնական խախտումները: Այդ տեխնոլոգիաներից հիմնականն այն է, երբ աճպարարությունների միջոցով հաշվիչ կենտրոն է ուղարկվում տետրի ոչ այն կեսը, որը դիմորդի մոտ է, այլ մեկ ուրիշ լրացվածը, որի կոդը համապատասխանում է հաշվիչ կենտրոն ուղարկված եւ դիմորդի անունը պարունակող մյուս կեսի կոդին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել