Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏԱՌՆԵՐԸ ՊԵ՛ՏՔ Է ԴԱՌՆԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ

Սեպտեմբեր 03,2004 00:00

ԱՆՏԱՌՆԵՐԸ ՊԵ՛ՏՔ Է ԴԱՌՆԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ Սակայն անտառի սեփականատերերին պիտի առաջադրվեն հստակ պայմաններ Վերջին օրերին մամուլում ծաղկաձորյան թեմաներով բազմաթիվ հրապարակումները, կարծում եմ, արդյունք են լրագրողների դեմ կիրառված բռնարարքի: Միանշանակ է, որ այս փաստը պետք է դատապարտվի եւ մեղավորները կրեն արժանի պատիժ: Ստեղծված ընդհանուր խառնաշփոթի մեջ անհրաժեշտաբար հարկավոր է հստակեցնել միջադեպից զատ գոյություն ունեցող խնդիրների շեշտադրումները: Այս առումով պետք է զանազանել արծարծվող երկու հիմնահարց՝ դղյակաշինությունը եւ բնապահպանությունը, որոնք, ցավոք, փոխկապակցված են Ծաղկաձորի պարագայում: Դղյակաշինությունը (ճիշտ տերմինը կապիտալ շինարարությունն է) ինքնին դրական երեւույթ է մեր երկրի համար՝ մի քանի առումով: Նախ յուրաքանչյուր կառույց մեր հողի վրա, անկախ սեփականության ձեւից, ազգային հարստություն է: Մասնավորի կողմից իրականացվող կապիտալ շինարարությունը Հայաստանում առկա սոցիալական շերտավորման պայմաններում կարելի է դիտել որպես կապիտալի վերաբախշման ամենարդյունավետ միջոցներից, քանի որ միջին չափի բնակելի առանձնատան կառուցման եւ հարդարման համար, միայն որպես աշխատավարձ, կառուցողը վճարում է 50-60 հազար դոլար: Հայաստանում կապիտալ շինարարությունը նաեւ հոգեբանական դրական գործոն է երկրի ապագայի հանդեպ հազարավոր քաղաքացիների վստահության ձեւավորման համար: Հատկապես խրախուսելի եւ դրվատանքի արժանի պետք է նկատել խարխուլ, հնամաշ ու անավարտ շինությունների վերակառուցումն ու արդիականացումը, որոնք թե՛ շինարարության փուլում եւ թե՛ հետագա շահագործման ընթացքում ենթադրում են հարյուրավոր աշխատատեղեր, արդյունքում՝ նաեւ բարձրակարգ հյուրանոցներ եւ հանգստյան տներ, ինչի կարիքը տարեցտարի, հույս ունեմ, ավելի է զգացվելու, նաեւ դրանց շահագործման արդյունքում բնականաբար համալրվելու է երկրի բյուջեն: Դառնալով բնապահպանական խնդիրներին՝ պետք է նկատել, որ թե՛ առանձնատների, հյուրանոցների ու հանգստյան տների տերերը եւ թե՛ ծաղկաձորցիներն ու այս խնդրով շահագրգիռ անձինք պետք է գիտակցեն, որ այստեղ արդեն կառուցված ու կառուցման փուլում գտնվող շինությունները, մեր ավանդական թափթփվածության հետեւանքով խաթարված բնության պարագայում, կարող են իսպառ արժեզրկվել, քանի որ դրանց գոյության իմաստը պայմանավորված է միմիայն ծաղկաձորյան բնությամբ: Այնուհանդերձ, համաձայն չեմ շատերի այն կարծիքին, թե բնական անտառներն ու մարգագետիները չպետք է դառնան մասնավորի սեփականությունը: Հակառակը՝ համոզված եմ, որ միայն մասնավորն է ի վիճակի դրանց պահպանության համար բավարար միջոցներ ու ջանք գործադրել, հենց վերը նշված իրենց ունեցվածքն արժեւորելու անհրաժեշտությունից դրդված: Այստեղ խնդիրն այլ է: Նախ՝ բնական անտառները որեւէ մեկի սեփականությունը դառնալիս չեն դադարում հանրային նշանակության կարեւոր միջավայր լինել (ինչպես օդը, ջուրը, երկինքը) եւ երկրորդ՝ դրանք բնական ամբողջական համակարգ են, հատկապես արդեն վերացման եզրին հասցված կենդանական աշխարհի համար: Ուստի անհրաժեշտ է, որ դրանք սեփականության հանձնելուց առաջ նոր սեփականատերերին ներկայացվեն որոշակի պայմաններ, այդ թվում՝ ա. բնական անտառները, աղբյուրներն ու մարգագետիները չպիտի պարսպապատվեն եւ ցանցապատվեն, այսինքն՝ պիտի հանդիսանան մարդկանց եւ կենդանիների ազատ տեղաշարժի միջավայր, բ. սեփականատերերը պիտի պատասխանատվություն կրեն իրենց իսկ սեփականությանը հանձնված յուրաքանչյուր ծառի համար (իրականացման տեսանկյունից՝ բավականին դժվար խնդիր): Քանի որ Ծաղկաձոր քաղաքի գլխավոր հատակագիծը մշակման փուլում է՝ այս նախագծում եւս անհրաժեշտ է շեշտը դնել բնական անտառները քաղաքաշինությունից զերծ պահելու հրամայականի վրա: Հարկ է նկատի ունենալ, որ քաղաքն իր լանդշաֆտով ընդարձակման սահմանափակ հնարավորություններ ունի՝ մոտավոր հաշվարկով մինչեւ 3 հազար բնակիչ եւ մինչեւ 5 հազար զբոսաշրջիկ (հովեկ): Այսքանից ավելի Ծաղկաձորը շինություններով ծանրաբեռնելը կնշանակի խոշտանգել բնությունը: ՄՈՎՍԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ «Անտառները սերունդներին» ՀԿ անդամ, Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել