Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ ԹԱՏՐՈՆԻ ՄԱՐԴ ԵՄ

Սեպտեմբեր 04,2004 00:00

ԵՍ ԹԱՏՐՈՆԻ ՄԱՐԴ ԵՄ Ասում է «Փոսի» թատրոնի նոր՝ կուսակցական ղեկավարը «Ես տրիկոտաժի ցեխից չեմ եկել թատրոն, ոչ էլ ինչ-որ գործարանից, ես թատրոնի մարդ եմ եւ ունեմ կենսագրություն: Զարմանում եմ, ինչո՞ւ է իմ նշանակման հետ կապված աղմուկ բարձրացել»,- երեկ դժգոհեց Փոսի թատրոնի նորանշանակ տնօրեն Էդուարդ Հակոբյանը: Մշակույթի նախարար Հ. Հովեյանի նախընտրած այս կադրը եւս իր կուսակիցն է՝ ՕԵԿ անդամ: Է. Հակոբյանը նաեւ մեկ ուրիշ անդամ է՝ Եղվարդի ավագանու: Իր տրակտորիստական անցյալի պատճառով թատերական ինստիտուտի դասերը բաց թողնելու վերաբերյալ մամուլի հրապարակումների առնչությամբ նա ասաց, որ ինքը ժամանակին բուհի թիվ 1 ուսանողն է եղել, եւ եթե հարկ լինի, կապացուցի, որ մատյաններում որեւէ բացակա չունի: Բնականաբար հետաքրքրվեցինք՝ կայուն պետական ֆինանսավորում ստացող թատրոնը որեւէ ներկայացում բեմադրելո՞ւ է, թե՞ ոչ: Մանավանդ նախկին տնօրեն Գուրգեն Սեդրակյանի մութ գործարքների արդյունքում շենքը կորցրած թատրոնի կոլեկտիվում, հավանաբար, հոգեբանական որոշակի ընկճվածություն կա: Տնօրենը տեղեկացրեց, որ սեպտեմբերի կեսերին հանդիսատեսի դատին կհանձնվի անգլիացի հեղինակներ Մեյուի եւ Էննեկենի «Իրարանցում» պիեսը: Այն բեմադրում է նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սաթենիկ Մաթեւոսյանը, որը տնօրենի դասախոսն է եղել թատերական ինստիտուտում: «Բոլոր դերասանները ներգրավված են ներկայացումներում, կան նաեւ հրավիրվածներ: Մինչ ներկայացումը՝ ահագին ծանր աշխատանք ենք կատարել: Շատ լավ գիտեք, որ Գրողների միության բեմը ներկայացում խաղալու համար հարմար չէ, ուստի այն ձեւափոխել ենք, 1,5 մետրով մեծացրել, վարագույրներ, տեխնիկա ենք ձեռք բերել»,- պատմեց պրն Հակոբյանը: Հետաքրքրվեցինք՝ «Ինչու՞, այնուամենայնիվ, գեղարվեստական ղեկավարի պաշտոնը չվստահվեց «Մետրո» թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Վիգեն Ստեփանյանին, չէ՞ որ «Փոսի» կոլեկտիվը նման խնդրանքով դիմել էր նախարարությանը»: «Ես տեղյակ չեմ՝ նախօրոք ի՞նչ պայմանավորվածություններ են եղել, բայց գիտեմ, որ առաջին իսկ օրվանից մեր կոլեկտիվը չէր հարմարվում այնտեղ («Փոսի» թատրոնը մի կարճ ժամանակահատված վարձակալական հիմունքներով աշխատել է «Մետրոյի» տանիքի տակ, մինչեւ՝ Վ. Ստեփանյանի խոսքով՝ Գ. Սեդրակյանի կողմից իրենց «քցելը»- Գ. Հ.): Մի տեսակ մերոնք իրենց տանտեր չէին զգում «Մետրոյում», խորթություն կար, տեսա, որ պատերի տակ քաշված էին ման գալիս»,- պարզաբանեց Է. Հակոբյանը: «Առավոտի» հարցին՝ «Հե՞շտ է թատրոն ղեկավարելը», պրն Հակոբյանը պատասխանելիս թվարկեց իր ուսանած բոլոր հաստատությունները. «Թատրոն ղեկավարելը հեշտ է, թատրոն հասկանալն է դժվար: Ես թատրոնի մարդ եմ, մասնագիտությամբ ռեժիսոր, ավարտել եմ Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից ստուդիան, այնուհետեւ Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսորական բաժինը, հետո էլ թատերական ինստիտուտը: Պրն Ղազանչյանը առաջարկել էր աշխատել Գավառի թատրոնում, բայց արդեն ուրիշն էր աշխատանքի վերցված, ուստի հրավիրվեցի Ստեփանակերտ, որտեղ բեմադրել եմ Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ցիլինդրը», վերադարձել եմ Երեւան, պրն Ղազանչյանը ինձ առաջարկել է Գորիսի թատրոնում աշխատանք, չեմ գնացել՝ հեռավորության պատճառով: Աշխատել եմ նաեւ Եղվարդում, հիմնադրել թատերական ստուդիա, այնուհետեւ մանկական ստուդիայի բազայի վրա ստեղծել «Նորին գերազանցություն» թատրոնը, ուր 3 ներկայացում եմ արել ու գումար չլինելու պատճառով դուրս եկել: Հիմա էլ թեւերս քշտած բոլորի հետ հավասար այստեղ եմ աշխատում՝ փայտ եմ կտրում, եթե պետք է՝ ներկում էլ եմ, չեմ ասում՝ ես ղեկավար եմ: Կարեւորը գործը առաջ գնա»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել