Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքի քարը չէր

Սեպտեմբեր 11,2004 00:00

Հայրենիքի քարը չէր Երեկ ՀՀ կառավարության երրորդ շենքում «Արմենիա Էքսպո1722004» առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի ժապավենը կտրեց կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանը: Ժապավեն կտրելը նախատեսված էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի համար: Վարչապետը մասնակիցներին մեկ ժամ սպասեցնելուց հետո այդպես էլ չեկավ: Իսկ նրա պարտականությունը ստանձնած Մ. Թոփուզյանը ոտքով վեց հարկ շրջեց եւ ծանոթացավ հայրենական ու արտասահմանյան արտադրանքին: Պարոն Թոփուզյանը ցուցասրահներում շրջելիս ոչ միայն չէր հետաքրքրվում տվյալ ընկերության արտադրանքով, նրանց խնդիրներով, ինչպես սովորաբար անում է վարչապետը, այլեւ անգամ ցուցադրեց իր անտեղյակությունը հայրենական արտադրանքից: Տաղավարներից մեկի մոտ, որտեղ վահանակի վրա ցուցադրվում էր քարերի տեսականի, պարոն Թոփուզյանը դրանք մատնացույց անելով՝ իրեն ուղեկցողների մոտ հպարտացավ. «Մեր հայրենիքի քարն է»: Երբ «հայրենիքի քարերը» ցուցադրող «Ասք» ընկերության ներկայացուցչից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ տեսակի քարեր են, պարզվեց, ամենեւին էլ հայրենական հարստություններից չեն դրանք. «Արհեստական քարեր են՝ ներկրված Հունաստանից»: Աշխուժություն էր տիրում էլեկտրաշոկեր արտադրող «Գյուրզա» հայրենական արտադրանքի տաղավարի մոտ: Մոտ 15 սմ-ոց էլեկտրաշոկը գրավել էր հատկապես լրագրողների ուշադրությունը, որոնք ենթադրում էին, որ դա լավ գործիք է՝ սափրագլուխներից պաշտպանվելու համար: Երրորդ տարին Հայաստանում կազմակերպվող «Արմենիա էքսպո1722004»-ին մասնակցում էին 12 երկրների 170 ընկերություններ: Ցուցադրվում էին սննդամթերք, խմիչք, ծխախոտ, բարձր տեխնոլոգիաներ եւ այլն: Ցուցահանդեսին ներկա Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով, եթե հայրենական փոքր ձեռնարկությունները ցանկանում են արտադրանքն արտահանել եւ, այդուհանդերձ, խուսափել հիմնախնդիրներից, պետք է համախմբվեն եւ գործեն մի թիմում ու միասնական. «Մենք այսօր ունենք չիր արտադրողներ, բայց եթե յուրաքանչյուրից քանակ պահանջես, չի կարողանա ապահովել, իսկ համախմբված՝ կարող են: Բացի այդ, փոքր ձեռնարկությունները արտադրանքի որակի բարձրացման խնդիր էլ ունեն, հատկապես որ դրսի շուկայում բարդ է մրցակցելը»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Ի տարբերություն մյուս մարզերի գործարարների, որոնցից յուրաքանչյուրը հանդես եկավ առանձին172առանձին, համակարգչային տեխնոլոգիաներով զբաղվող Շիրակի 16 ընկերություններ ու անհատ գործարարներ Շիրակի մրցունակության կենտրոնի նախաձեռնությամբ համախմբված՝ ներկայացրին Շիրակի մարզը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել