Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետականների հրավերին քչերն արձագանքեցին

Սեպտեմբեր 21,2004 00:00

Նոմենկլատուրային երիտասարդները քննարկեցին ամեն ինչ՝ անկախությունից սկսած, սերիալներով վերջացրած:

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը (ՀՀԿ ԵԿ) «Անկախության 13-րդ տարելիցը» խորագրով կլոր սեղան էր հրավիրել։ Չնայած քննարկումներին մասնակցելու, անկախության ձեռքբերումների ու կորուստների մասին իրենց կարծիքն արտահայտելու համար հրավիրվել էին մի շարք քաղաքական կուսակցությունների երիտասարդական կազմակերպություններ, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀԿ ԵԿ նախագահ Արմեն Աշոտյանը ինչքան էլ հետաձգեց հանդիպումը՝ աչքը պահելով հրավիրվածների ճամփին, բացի «Օրինաց երկիր» կուսակցությունից ու Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդից (ՀԵԱԽ), ոչ ոք չարձագանքեց այդ հրավերին։ «Ի՞նչն Է զարմանալի, որ երբ զանգեցի, ոչ ոք չմերժեց ինձ, շնորհակալություն հայտնեցին ու վերջ։ Ցավալի է, որ նույնիսկ համազգային խնդիրների շուրջ մի շարք կուսակցություններ չեն ուզում զրուցել»,- իր մտահոգությունը հայտնեց Ա. Աշոտյանը։ Մինչ հանրապետականները պատմական ակնարկի տեսքով ներկայացրին անկախության ձեռքբերման ողջ գործընթացը, ՀԵԱԽ նախագահ Մարկ Շիրինյանը հանդես եկավ հռետորական մի շարք հարցադրումներով, որոնց պատասխանը դժվար թե մեկն իմանար. «Ինչքանո՞վ է խանգարում գլոբալիզացիան մեր ազգային տեսակի պահպանմանը, ի՞նչ ենք արել մենք անկախության պահպանման համար, ո՞րն է մեր ուղին» եւ այլն։

Անդրադառնալով «Զինապարտության մասին» օրենքի շուրջ բարձրացած երիտասարդական ալիքին, Ա. Աշոտյանը նշեց. «Քանի որ բուհ էինք ներկայացնում, հանրահավաքներին գնում էինք նաեւ մենք, բայց ցավալի էր տեսնել ոչ պետականամետ պաստառներ, ոչ պետականամետ խոսքեր։ Մեր նոր սերունդը, որ կոչված Է նախ արյան կանչով պաշտպանել երկիրը, հետո միայն՝ օրենքով, հանկարծ ոչ է ասում բանակին»։ Տարվելով զրույցով, հյուրերը շուտով մոռացան հանդիպման թեման ու անցան սերիալներին, Աթենքի օլիմպիական խաղերին, հատկապես՝ Հանրային հեռուստատեսության այն «անֆայմ» ռեժիսորներին, ովքեր «վերջին օլիմպիադային շուրջ տասը րոպե Հ1-ով ցուցադրում էին թուրք մարզիկների հաղթանակի դափնիներն ու լսում նրանց հիմնը»: Երբ հերթը հասավ «ապազգային» ֆիլմերի՝ սերիալների քննարկմանը, հանրապետականները ոչ միայն իրենց դժգոհությունը հայտնեցին այդ առթիվ, այլեւ առաջարկեցին ցուցադրել Նժդեհի մասին պատմող ֆիլմեր։

Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ձեր մասնակցությունը հանրապետականների կազմակերպած այս քննարկմանը, «Օրինաց երկրի» երիտասարդական կազմակերպության նախագահ Հարություն Առաքելյանը պատասխանեց. «Ինձ ստիպեց մասնակցել նախ թեման, հետո անձնական մոտեցումները, որովհետեւ անկախ նրանից՝ ով է կազմակերպել՝ ողջունում եմ այդ քայլը: Մենք մշտապես հանրապետականների հետ համագործակցում ենք, չենք խուսափում մեկս մյուսի բացերը, թերությունները քննարկել»։ Քիչ հետո պարզեցինք, որ պարոն Առաքելյանի այցն ավելի շուտ պայմանավորված էր նրանով, որ շուտով նա Ա. Աշոտյանի հետ մեկնելու է Լիբանան՝ մասնակցելու այնտեղի դաշնակցական ուսանողական կազմակերպության 100-ամյակին նվիրված համաժողովին։

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել