Լրահոս
Օրվա լրահոսը

Ռ. Քոչարյանը դեմ է Տայվանի ինքնորոշմանը

Սեպտեմբեր 28,2004 00:00

Ռ. Քոչարյանը դեմ է Տայվանի ինքնորոշմանը

Պետական այցով Չինաստանում գտնվող Ռոբերտ Քոչարյանը երեկ Պեկինում
հանդիպել է ՉԺՀ նախագահ Խու Դժինտաոյին: Բանակցությունների արդյունքում երկու
երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել:
Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանը խիստ յուրովի է գնահատել Տայվանի խնդիրը, ինչն արտացոլվել է իր եւ ՉԺՀ նախագահ Խու Դժինտաոյի՝ Պեկինում ստորագրված համատեղ հռչակագրում: Այսպես. հռչակագրում, մասնավորապես, ասված է. «Հայկական կողմը հաստատում է, որ ՉԺՀ կառավարությունը ողջ Չինաստանը ներկայացնող միակ օրինական կառավարությունն է: Տայվանը Չինաստանի անբաժանելի մասն է հանդիսանում: Հայաստանը հաստատում է Տայվանի հետ որեւէ պաշտոնական հարաբերություն չհաստատելուն եւ պաշտոնական բնույթի շփումներ չիրականացնելուն իր հավատարմությունը՝ հանդես գալով նաեւ Տայվանի՝ ցանկացած ձեւի անկախության դեմ»: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ «չինական կողմը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը, այս ուղղությամբ կատարվող միջազգային հանրության քայլերը, եւ հույս է հայտնում, որ ղարաբաղյան խնդիրը որքան հնարավոր է շուտ կստանա իր արդար եւ ռացիոնալ կարգավորումը՝ միջազգային իրավունքի՝ բոլորի կողմից ընդունված նորմերի հիման վրա»:

Տարրական տրամաբանությունը հուշում է, որ Տայվանի նկատմամբ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը սույն իրադրությունում պետք է որ համարժեք լինի ԼՂ-ի նկատմամբ Չինաստանի դիրքորոշմանը: Այսինքն՝ ՉԺՀ-ն պետք է որ հանդես գա «Լեռնային Ղարաբաղի ցանկացած ձեւի անկախության դեմ»: Այդ մասին, սակայն, կամ համատեղ հռչակագրում ոչինչ չկա, կամ չկա համապատասխան տեղեկատվություն: Նկատենք, որ բավական տարօրինակ կլիներ, եթե Հայաստանը կտրականապես մերժեր Տայվանի ինքնորոշման իրավունքը, իսկ պաշտոնական Պեկինը, չգիտես ինչու, մեծահոգաբար դեմ չլիներ Ղարաբաղի անկախացման հնարավորությանը: Մի խոսքով, սա հավանաբար «բարդ եւ խորամանկ դիվանագիտական խաղեր» շարքից է, ինչը մեզ՝ հասարակ մահկանացուներիս, հասու չէ: Չենք կարող, սակայն, վերը շարադրվածի համատեքստում չմտաբերել Վարդան Օսկանյանի կողմից շատ սիրված եւ հաճախակի օգտագործվող մի միտք. յուրաքանչյուր երկիր ունի միայն իրեն բնորոշ խնդիրներ, եւ եթե որեւէ երկրի ներկայացուցիչ մեկ այլ երկրի իր գործընկերոջ հետ հանդես է գալիս համատեղ պաշտոնական հայտարարություններով, ապա ցանկալի է, որ նա չշոշափի երրորդ կողմի շահերը, ինչն առնվազն գեղեցիկ չէ: Համաձայնեք, որ շատ դիպուկ է ասված:

Մինչդեռ ամենահետաքրքիրն այստեղ այն է, որ Տայվանի մասին, պատկերավոր ասած՝ «հակաինքնորոշումային» գնահատականներ է հնչեցնում ոչ թե իր երկրի ներսում անջատողական «կնճիռներով» ծանրաբեռ մեկը, այլ ԼՂ ինքնորոշման բոցավառ մարտիկ, հենց այդ բոցերի վրա էլ իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը:

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել