Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՊԼՈՒՏՈԿՐԱՏԻԱՆ»

Հոկտեմբեր 02,2004 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՊԼՈՒՏՈԿՐԱՏԻԱՆ» Դաշնակցությունն իրեն համարում է ե՛ւ իշխանություն, ե՛ւ ոչ իշխանություն՝ ըստ հարմարության ՀՅԴ ԳՄ-ի համար ավանդական են դարձել պարբերական ասուլիսները՝ նվիրված «իրավիճակի ներկայացմանն ու գնահատմանը»։ Դրանց ընթացքում կուսակցության ղեկավարները ոչ մի կոնկրետ գործողության մասին չեն տեղեկացնում, այլ ընդհանուր, ոչինչ չպարտավորեցնող ցանկություններ են արտահայտում: ՀՅԴ-ն ճյուղ առ ճյուղ թվարկում է երկրում առկա բոլոր պախարակելի երեւույթները, վեր է հանում թերացումները, տեղը տեղին քննադատում իշխանություններին եւ վերջում եզրակացնում, որ այդ ամենը փոխելու ողջ «սեւագործ աշխատանքը» պիտի ստանձնի հասարակությունը, ժողովուրդը։ Հայտնի ասացվածքի նման՝ ՀՅԴ-ն ցանկանում է եւ կուսությունը պահպանել, եւ հաճույք ստանալ. քննադատում է այն կոալիցիան, որի անդամն է, այն իշխանությունը, որի մասն է, իսկ հետո հայտարարում, թե չի պատրաստվում լքել ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Երեկ հերթական դասախոսությունը կոռուպցիայի՝ ժողովրդավարության ուղուց շեղումների, ապօրինությունների եւ այլ անդուր երեւույթների մասին կարդաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Նրան «նվագակցում էր» ԱԺ-ում խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը։ Այս անգամ դասախոսությանը թարմ շունչ հաղորդեց «պլուտոկրատիա» բառը։ Ըստ պարոն Ռուստամյանի, ՀՀ-ում այսօր դեմոկրատիայի փոխարեն զարգանում է պլուտոկրատիան՝ «իր բոլոր արատավոր դրսեւորումներով եւ արատավոր հետեւանքներով»։ Պարոն Ռուստամյանը չմոռացավ նշել, որ «խոսքը չի գնում օրինական բիզնեսի մասին, այլ՝ միայն ստվերայինի»։ Այս վերապահումը ճիշտ ժամանակին էր, քանզի լրագրողներն արդեն մտքով հասել էին «Վալեմ» համալիր եւ սկսել էին հաշվել վերջինիս տերերի փողերը։ Ա. Ռուստամյանի ճշտումից հետո այդ հաշվարկը կանգ առավ՝ սառեցվեց եւ կանխակայվեց։ Այնուհետեւ բանախոսը ներկայացրեց, թե իրենց նախորդ ասուլիսից հետո, մեկ տարվա ընթացքում ինչքան շատ բան է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարի ճակատում՝ «ընդունվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագիրը։ Նախագահի հրամանագրով ձեւավորվել են կոռուպցիայի պայքարի դեմ խորհուրդը եւ մոնիտորինգի հանձնախումբը։ Գլխավոր դատախազությունում ձեւավորվել է հակակոռուպցիոն բաժին, անդամակցել ենք ԳՐԵԿՌ-ին»։ Հակակոռուպցիոն պայքարի արդյունքներն իրոք որ տպավորիչ են. պատժվել է նույնիսկ մի բուժքույր, որը սրսկելու համար 500 դրամ է վերցրել։ Պրն Ռուստամյանը մանրամասն ներկայացրեց իրենց «հակակոռուպցիոն փաթեթը»՝ օրենսդրական նախաձեռնությունների մի շարք, որում ուրույն դեր ուներ «Ընտրական օրենսգրքին» վերաբերող մասը. «Մենք գտնում ենք, որ այսօր երկիրը պետք է ձերբազատվի մեծամասնական համակարգից, 100% համամասնական ընտրական համակարգը օրվա խնդիր է։ Հիմնականում հենց մեծամասնականով անցկացվող ընտրություններն են պարարտ հող ստեղծում պլուտոկրատիայի զարգացման համար»։ Այս եզրակացությունը նա հիմնավորեց Եղվարդում տեղի ունեցած վերջին ընտրություններով եւ նույնիսկ առաջարկ արեց. «Ավելի ազնիվ կլինի աճուրդ հայտարարել այդ տարածքը, եւ մեծամասնականի մասնակիցները այդ աճուրդի ժամանակ ներկայացնեն իրենց գումարները, որ պետք է դնեն ընտրությունների համար։ Եվ այդ գումարն ուղղվի այդ ընտրատարածքի սոցիալ-զարգացման կարիքների համար»։ Չնայած 2003 թ. ԱԺ ընտրություններում Դաշնակցության համամասնական ցուցակով անցած որոշ պատգամավորներ նույնպես «աճուրդով անցածների» տպավորություն են թողնում։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը խոսեց նաեւ սխալ կադրային քաղաքականությունից՝ շեշտը դնելով նրա վրա, որ կադրերի նշանակումն ու ազատումն արվում է նույն մարդու կողմից։ Պրն Ռուստամյանը անդրադարձավ տարբեր ոլորտներում եղած ձախողումներին, եւ այդ տապալումների մեղավորների անպատժելիությանը: Որպես օրինակ բերվեց սպորտը։ Հիշեցնենք, որ սպորտի ոլորտում դաշնակցականները ոչ մի ղեկավար պաշտոն չունեն։ Բազմաթիվ այլ ակնարկներ էլ եղան, թե որքան վատ կադրեր կան նախագահի կողքին, որոնք պահպանում են իրենց դիրքերը նախագահի հեղինակության հաշվին՝ փոխանակ այդ հեղինակությունը բարձրացնելու։ Սակայն ոչ մի կոնկրետացում չեղավ, քանզի «անուններ տալու խնդիր չէր դրված»։ Եղավ առաջարկ, որ դրվեն աշխատանքի գնահատման չափորոշիչներ. «Շուտով տարեվերջին հաշվետվությունների ժամանակն է գալու։ Թող ձեւավորվեն հստակ չափորոշիչներ, որոնցով կորոշվի տվյալ նախարարը հաջողե՞լ է իր գործը, թե՞ ոչ, եւ արվի եզրակացություն»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031