Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՀ-Ը «ՄԵԾԱՀՈԳԱԲԱՐ» ԼՌՈՒՄ Է

Հոկտեմբեր 05,2004 00:00

ՀԵՀ-Ը
«ՄԵԾԱՀՈԳԱԲԱՐ» ԼՌՈՒՄ Է Վերջերս «Առավոտում» «Նոր Հայաստան»
ՀԿ-ն հանդես եկավ հրապարակումների շարքով, ըստ որի, ի թիվս այլ կազմակերպությունների,
անդրադարձ եղավ նաեւ Համահայկական երիտասարդական հիմնադրամին (ՀԵՀ): «Նոր Հայաստանը»
մասնավորապես նշում էր, որ նախ՝ ՀԵՀ-ին «մուծվում» են բոլոր պետական բուհերը՝ արտաբյուջետային
միջոցների 2%-ի չափով, ինչը սովորական հիմնադրամի համար ահռելի գումար է կազմում:
«Սա դեռ բավական չէ, 3 տարիների ընթացքում այս հիմնադրամը ստացել է նաեւ ՀՀ պետական
բյուջեի երիտասարդության տողով նախատեսված միջոցների 27%-ը՝ 99.14 մլն դրամ»,- հայտարարում
է «Նոր Հայաստանը» եւ շարունակում. «2002-ին ՀԵՀ-ը ածեց «Բազեին»: «Երջանիկ» երիտասարդության
անունից հանդես եկող «բազեների» քծնանքը վարձատրվեց. միայն 2003թ. 7 օր 7 գիշեր տեւող
«բազեների» խրախճանքը արժեցավ, ըստ պաշտոնական տվյալների, 68 մլն դրամ (մեր տեղեկություններով՝
իրական գումարը գերազանցում է 100 մլն դրամը): Եվ քանի որ այդ գումարից 59 մլն-ն
պետական բյուջեից էր, համեմատության համար նշենք, որ գիտական աշխատողի միջին աշխատավարձը
կազմում է 16000 դրամ»: ՀԵՀ գործադիր տնօրեն Արթուր Պողոսյանից ասվածի առնչությամբ
պարզաբանում խնդրեցինք: Նա նախ ասաց, որ սարկազմով է վերաբերվում իր հասցեին հնչեցրած
նման արտահայտություններին, եւ ապա՝ թե իրենք ընդունում են առողջ քննադատությունը,
իսկ սրա հիմքում միայն քաղաքական դիրքորոշումներ են ու անառողջ քննադատություն: «Ձեր
կարծիքով «Նոր Հայաստանը» որոշակի ուժերի պատվե՞ր է կատարում» հարցին Ա. Պողոսյանը
դրական պատասխան տվեց ու ավելացրեց, որ ՀԿ նախագահն ինքն է խոստովանել, որ հիմա քաղաքականությամբ
է զբաղվում: Ա. Պողոսյանը նշում է նաեւ, որ կոնկրետ բազեների մասով բյուջեի ծախսերը
ստուգել է թե՛ հարկայինը, թե՛ ֆինանսների նախարարությունը եւ թե՛ նախագահի վերահսկողականը:
Ա. Պողոսյանի հավաստմամբ, ինքը նամակով բյուջեի բոլոր ծախսերը ներկայացրել է նաեւ
«Նոր Հայաստանի» նախագահ Էլեոնորա Մանանդյանին, սակայն հրապարակայնորեն չի պատասխանում,
որովհետեւ պաշտպանվելու անհրաժեշտությունը չկա, եւ ՀԵՀ-ը գերադասում է մեծահոգաբար
լռել: Պրն Պողոսյանը հարկ չի համարում նաեւ նույն բյուջեի ծախսերը ցույց տալ հրապարակայնորեն:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել