Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

Հոկտեմբեր 05,2004 00:00

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ Հակոբ Հակոբյանը հայտարարում է, որ կրակել են իր տան վրա Շաբաթ օրը «Ժողպատգամավոր» խմբի անդամ Հակոբ Հակոբյանը (Էջմիածին) մի խումբ լրագրողների ներկայությամբ հայտարարեց, թե գիշերը զինված հարձակում է եղել Էջմիածնի իր տան վրա. «Ավտոմատով կրակեցին մեր սեփական տան վրա։ Մինչեւ շորերս հագա, իջա ներքեւ՝ իրենք փախան։ Իրենք չեն մտածել, որ մենք էլ կկրակենք, եւ վախեցան-փախան։ Մեկին ճանաչեցինք, մեր ուժերով գտանք այդ մարդուն եւ միլիցիան կալանավորեց։ Այս րոպեին քննություն է ընթանում։ Մեկ հոգի ձերբակալված է, մնացածի անուններն էլ ինքը տալիս է։ Եղել է 5 մեքենա, բոլորն էլ առանց պետհամարանիշի։ Ավտոմատներով ու ատրճանակներով են եղել ու դիմակներով։ Միայն մեկը դիմակով չէր, հենց նրան էլ ճանաչեցինք։ Ես էլ կրակոցները լռեցնելու համար տնից սկսեցի կրակել նրանց վրա իմ օրինական զենքով»։ Այս հայտարարությունից հետո պարոն Հակոբյանն ասաց, թե իրենց ճանաչած անձնավորությունը «Ուրարտու» ռեստորանի տերն է՝ Աշոտ Երիցյանը. «Ես այդ մարդուն ընդհանրապես չեմ ճանաչել, մենք ծանոթներ չենք։ Մինչ մեր տուն գալը՝ իրենք մտնում են իմ օբյեկտը, իմ աշխատողներին ծեծում են եւ ասում՝ տան տեղը ցույց տվեք, եւ գալիս են մեր բակը։ Նաեւ հայտարարում են՝ ՕԵԿ-ի նկատմամբ հարցե՞ր ունեք լուծելու, ուրեմն իրեն (Հ. Հակոբյանին.- Մ. Ե.) էլ ենք խփելու, ձեզ էլ»։ Պատգամավորը կիրակի օրը հանդես է եկել եւս մեկ հայտարարությամբ, ըստ որի՝ իր տան վրա հարձակվողների մեջ է եղել ՕԵԿ անդամ, ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը։ Վերջինս երեկ հերքեց սա. «Հակոբ Հակոբյանի այն հայտարարությունը, որ իբր Մհեր Շահգելդյանը կամ նրա կողմնակիցները հարձակվել եւ կրակել են իր տան վրա, հերյուրանք է եւ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»։ Պարոն Շահգելդյանը վստահ է, որ վերջին օրերի իրադարձությունները ուղղված են «հայկական քաղաքական դաշտը կեղտոտելուն»։ Նկատեցինք, որ Հակոբ Հակոբյանը մեկ ուրիշ անուն էլ է տալիս՝ «Ուրարտու» ռեստորանի տիրոջ, որը իբր ձերբակալված է։ Ըստ պարոն Շահգելդյանի, որեւէ մեկը ձերբակալված չէ, իսկ Աշոտ Երիցյանը պարզապես հարցաքննվել ու ազատ է արձակվել, քանի որ չկա հանցակազմ. «Գուցե Հակոբ Հակոբյանը կրակել է, ես տեղյակ չեմ, բայց ինչ է կրակել եւ ուր է կրակել՝ չեմ կարող ասել։ Նորից եմ ուզում կրկնել՝ իր տան վրա գնալ եւ կրակել՝ մեր կողմից չի եղել»։ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանը երեկվա ընթացքում իր հերթին լրատվամիջոցներին փոխանցել է հետեւյալը. «Գործը հարուցված է, շաբաթ օրը ընդունվել է գլխավոր դատախազության վարույթ՝ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (սա խուլիգանություն հոդվածն է, որի չորրորդ մասում ասվում է հասարակական կարգը դիտավորությամբ կոպիտ խախտելու, իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալու եւ այլ արարքների մասին, «որ կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ 4-7 տարի ժամկետով»- Մ. Ե.)։ Գործը գտնվում է հատկապես կարեւոր գործերով քննիչ Արայիկ Թարվերդյանի վարույթում։ Գործի քննությունը կավարտվի, ինչ-որ հերքվել է՝ կհերքվի, ինչ-որ ապացուցվել է՝ կապացուցվի։ Սա նախաքննություն է, քաղաքական դիսկուսիա չէ»,- զգուշացրեց պրն Ամբարյանը։ Անցած շաբաթ Հակոբ Հակոբյանը անձնական վիրավորանք էր հասցրել Մհեր Շահգելդյանին։ Այնուամենայնիվ, արդեն շաբաթվա վերջում տպավորություն կար, թե վիճող կողմերը հաշտության եզրեր են գտել, համենայնդեպս, մամուլում այդ մասին հրապարակումներ եղան։ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց դա. «Կարծում եմ, մեր խորհրդարանին պատիվ չի բերում անձնական խնդիրները տեղափոխել քաղաքական դաշտ։ Մենք քաղաքական մարմին ենք եւ պետք է մի քիչ վեր կանգնենք անձնական ամբիցիաներից եւ փորձենք քաղաքակիրթ հարաբերվել։ Կարծում եմ, մի պահ պետք է սթափվենք բոլորս, հասկանանք՝ ինչ ենք անում եւ քաղաքակիրթ լուծումներ գտնենք։ Ես՝ որպես պատգամավոր եւ խմբի ղեկավար, փորձել եմ հնարավորինս բանակցային գործընթացի մեջ մտնել եւ շտկել իրավիճակը»։ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը վերջին օրերի իրադարձությունները մեկնաբանելով՝ նկատեց. «Կարծում եմ, քաղաքական հարաբերությունների մեջ ամենաստոր մեթոդները մտցնելը մեծագույն սխալ է, որովհետեւ վարկաբեկում է առանց այն էլ ոչ շատ բարձր հեղինակություն վայելող քաղաքական էլիտային։ Այնպիսի երեւույթ, ինչպիսին հոմոսեքսուալիզմն է, անհատական պայքարի միջոց դարձնելը պարզապես հանցագործություն է։ Երբ նման կարգի պրոբլեմները սկսում են քննարկվել անհատական մակարդակի վրա, պարզապես անվայել է, եւ նման բան չպետք է թույլ տալ։ Իհարկե, յուրաքանչյուրը ինքն է որոշում իր բառապաշարը, աշխատանքի մեթոդները, բայց, կարծում եմ, այս ամենի մեջ պետք է տեսնել քաղաքական երեսը եւ հասկանալ, թե մենք կոնկրետ ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ մեծամասնական ընտրական համակարգի արդյունքում խորհրդարանը կադրային ձեռքբերումներով աչքի չի ընկնում։ Բոլոր նրանք, ովքեր փրփուրը բերանին պաշտպանում են մեծամասնական համակարգը, փաստորեն պաշտպանում են քաղաքական դաշտ այն անձանց մուտքը, որոնց համար քաղաքական հարաբերությունները կարող են ցանկացած պահի փողոցային ռազբորկայի մակարդակի իջնել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031