Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջադրանքը

Հոկտեմբեր 05,2004 00:00

«Առաջադրանքը կատարեցինք» Երեկ ՀՖՖ- ում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականի մարզիչ Սամվել Պետրոսյանը: Մինչ ասուլիսն սկսվելը, ՀՖՖ մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ Մակեդոնիա մեկնելու օրը՝ սեպտեմբերի 24-ին, լրացավ Սամվել Պետրոսյանի 50-ամյակը եւ ֆեդերացիայի անունից նրան բարեմաղթանքներ հղելով՝ հուշանվեր հանձնեց: ՀՖՖ գործկոմի անդամ, պատվիրակության ղեկավար Արտակ Մնացականյանն ասաց, որ ֆեդերացիան, հաշվի առնելով հոգնեցուցիչ ճանապարհը, հավաքականին մրցավայր էր գործուղել երեք օր շուտ: Մակեդոնիայում ֆուտբոլիստներն աչքի ընկան բարձր կարգապահությամբ, որն էլ հաջող մրցելույթների գրավականը դարձավ: Սամվել Պետրոսյանը նշելով, որ իրենք կատարել են իրենց առջեւ դրված առաջադրանքը, ասաց, որ հայաստանցիներին պատրաստվածության աստիճանով, հատկապես՝ ֆիզիկական, գերազանցում էին միայն ֆրանսիացիները, որոնց կազմից չորս հոգի հանդես է գալիս այդ երկրի առաջնության բարձրագույն, մի քանիսն էլ՝ առաջին դիվիզիոնում: Բացի դա, կար մեկ այլ օբյեկտիվ պատճառ. նրանց մոտ առաջնությունը նոր է մեկնարկել, իսկ մեզ մոտ այն արդեն եզրափակվում է, հետեւաբար տղաները հանդիպումների վերջնամասերում հոգնում էին: Այդուհանդերձ, մեր դարպասին գրանցված ֆրանսիացիների երկրորդ գոլը մրցավարների կոպիտ սխալի հետեւանք էր: «Փաստորեն գնդակը դարպասի գիծը չէր հատել,- վստահեցրին մարզիչն ու պատվիրակության ղեկավարը եւ ավելացրին,- դրանում համոզվեցին նաեւ մասնագետները, որի համար խաղը սպասարկող մրցավարը ստացավ մրցաշարում ամենացածր գնահատականը: Իսկ ընդհանուր առմամբ մրցավարությունը խիստ էր ու որակյալ: Դրա ապացույցն էլ երկրորդ հանդիպումում դաշտի տերերի նկատմամբ տարած մեր հաղթանակը կարող է լինել: Ադրբեջանի հետ հանդիպումը հասկանալի պատճառներով, թերեւս, ամենադժվարն էր: Սակայն տղաները իրենց դրսեւորեցին լավագույն կողմերով, թեեւ կարող էր գրանցվել նույնիսկ 6:1 խոշոր հաշիվ, եթե մերոնք իրացնեին ընձեռված գոլային բոլոր պահերը: Իսկ ինչ վերաբերում է որակավորման երկրորդ փուլին, առաջադրանքը կրկին նույնն է լինելու»: Խոսելով որակավորման երկրորդ մրցաշարում մեր հավաքականի հավանական մրցակիցների մասին՝ մարզիչը նշեց. «Դեռ վերջնական չէ, սակայն ամենայն հավանականությամբ մեզ հետ միասին նույն խմբում կընդգրկվեն Թուրքիան, Բոսնիան, Պորտուգալիան կամ Իտալիան: Բայց հանդիպման վայրը դեռ որոշված չէ»: Խմբում լավագույն ռմբարկու դարձած Էդգար Մանուչարյանը, որը մրցակիցների դարպասը երեք խաղում գրավեց չորս անգամ, պատասխանելով ֆուտբոլիստների հոգնածությանը վերաբերող հարցին, ասաց, որ նման կարգի մրցումներում, բնականաբար, բոլորն էլ հոգնում են թե ֆիզիկապես, թե հոգեպես, սակայն մարզիչների, բժշկի եւ մերսողի ջանքերով հնարավոր էր լինում ժամանակին թոթափել հոգնությունը եւ հերթական խաղին ներկայանալ թարմ տեսքով: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել