Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ

Հոկտեմբեր 07,2004 00:00

ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ՄՆԱՑ ՏԱՆԸ Տարածքային վեճերը նոր դրսեւորում ստացան վերջերս: Աբովյան թիվ 26 եւ Նալբանդյան 35 շենքերի միջեւ ընկած տարածքում Դավիթ Բալագյոզյանի մոր՝ Անահիտ Չալդրանյանի կողմից տեղադրված են եղել չորս մետաղական խողովակներ, որոնք անցյալ տարվա օգոստոսին հարեւան Նորայր Մարտիրոսյանի կողմից տեղափոխվելու փորձ է արվել: Առաջացել է վեճ. Ա. Չալդրանյանը սեղմել է Ն. Մարտիրոսյանի ականջը, ճանկռել շրթունքը: Ն. Մարտիրոսյանն էլ «փոխադարձաբար քաշել է Չալդրանյանի հագուստներից, հարվածել ձեռքին»: Չալդրանյանի 30-ամյա որդին՝ Դավիթ Բալագյոզյանը, միջամտել է վեճին: Ըստ գործի նյութերի, գետնից վերցրել է քարը եւ խփել Ն. Մարտիրոսյանին, ապա բռունցքով հարվածել նրա աչքին: Վիճաբանությունը դադարել է հարեւանների միջամտությամբ: Քրեական գործ է հարուցվել միայն Դավիթ Բալագյոզյանի նկատմամբ: Մինչ գործը դատական երեք ատյաններով իր ընթացքը կստանար, Դավիթին ճանաչող մի քանի տասնյակ քաղաքացիներ դիմել էին իրավապահներին, հայտնելով, որ նա փոքր հասակում հիվանդացել է, որի հետեւանքով թուլակազմ է: Նրանք, ովքեր դատական երեք ատյաններում տեսան Դավիթին, կարող են հաստատել, որ իրոք, նա թուլակազմ է, թերաճ եւ ճակատագրի բերումով նաեւ բուժվել է Աղի հանքի հոգեբուժարանում: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Դավիթ Բալագյոզյանին դատապարտել է ազատազրկման երկու տարի ժամկետով եւ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը անփոփոխ թողել չհեռանալու մասին ստորագրությունը: Հօգուտ տուժողի՝ Դ. Բալագյոզյանից վճռվեց բռնագանձել 755393 դրամ, քանի որ Ն. Մարտիրոսյանը հայտարարել էր, որ բուժել է աչքը: Վերաքննիչ դատարանն էլ չնկատեց, որ Դ. Բալագյոզյանի գործողությունները դիտավորություն չեն եղել, այլ, ինչպես նրա պաշտպանը՝ փաստաբան Սոս Գրիգորյանն է ասում, «անհրաժեշտ պաշտպանություն է եղել»: Վերաքննիչ դատարանը Դ. Բալագյոզյանին դատապարտեց ազատազրկման՝ 3 տարի ժամանակով, 2 տարին քիչ համարելով: Սեպտեմբերի 24-ին Վճռաբեկ դատարանը անփոփոխ թողեց նախորդ դատավճիռը: Սույն որոշումը ուժի մեջ մտավ հրապարակման պահից, սակայն մինչեւ երեկ Դ. Բալագյոզյանը, որն, ի դեպ, նույն վեճի ժամանակ նույնպես վնասվածք էր ստացել, տանը նստած էր: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել