Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է,
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ

Հոկտեմբեր 09,2004 00:00

7
տարի առաջ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գրեց իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն.
լրջանալու պահը» հոդվածը: 1997 թվականի հոկտեմբերին մամուլում տպագրված «Պատերա՞զմ,
թե՞ խաղաղություն» հոդվածը Հայաստանի բնակիչների մեծ մասի կողմից ընկալվեց բացասաբար:
Սակայն, կարծում եմ, որ պատճառը այդ հոդվածում արտահայտված մտքերը չէին եւ նույնիսկ
ՀՀ առաջին նախագահի՝ Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշումը չէր: Պատճառն ընդհանուր
բացասական վերաբերմունքն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, եւ Ղարաբաղն այստեղ որեւէ
կապ չուներ: Առաջին նախագահի իշխանության օրոք մարդկանց կյանքը վատացավ 10
անգամ: Հազարավոր մարդիկ, ովքեր ունեին աշխատանք, կայուն եկամուտ եւ ապագայի վերաբերյալ
ծրագրեր, 90-ականների սկզբին դարձան աղքատ եւ գործազուրկ: Մարդկանց տներից «հանկարծ»
անհետացան լույսն ու տաքությունը: Հազարավոր մարդիկ արտագաղթեցին: Ոչ 1997 թվականին,
ոչ էլ այսօր որեւէ իմաստ չունի բռնել մարդկանց օձիքից, եւ փորձել նրանց ապացուցել,
որ այդ ամենը տեղի չէր ունենում Տեր- Պետրոսյանի չար կամքով: Որ գրեթե նույնը տեղի
էր ունեցել Խորհրդային Միության բոլոր հանրապետություններում: Գրեթե, որովհետեւ կայսրության
փլուզմանը հետեւող անխուսափելի արհավիրքներից բացի, մեր ժողովուրդը ստիպված էր տանել
երկրաշարժի, պատերազմի եւ շրջափակման զրկանքները: Մարդկության ճնշող մեծամասնությունը
ապրում է բնազդներով: Այդպես եղել է եւ կլինի միշտ ու ամենուր: Եթե մարդու սիրտը
հովանում է անեծքներից, իմաստ չունի նրան խանգարել: Նույնպիսի (կամ նույնիսկ ավելի
ահավոր) անեծքներ ժամանակակիցները թափում էին Ջորջ Վաշինգտոնի կամ Օլիվեր Կրոմվելի
գլխին: Վերջինիս նույնիսկ հանեցին գերեզմանից, կախեցին հրապարակում, եւ նորից թաղեցին:
Դա չխանգարեց ամերիկացիների եւ անգլիացիների հետագա սերունդներին՝ կառուցել այդ գործիչների
արձանները: 1997-ի հոկտեմբերին հայաստանցիների ճնշող մեծամասնության համար
բացարձակապես միեւնույն էր, թե ինչ մտքեր են շարադրվել «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»
հոդվածում: Ինչ էլ գրված լիներ այնտեղ, ինչպիսի փաստարկներ էլ բերվեին նախագահի կողմից,
հիմնական զանգվածը վստահ էր. «Լեւոնն ամեն ինչ թալանել է, քանդել է երկիրը, եւ հիմա
էլ ուզում է Ղարաբաղը ծախել թուրքերին»: Բնականաբար, ընդդիմությունը հենց դա էլ ասում
էր՝ չնայած ընդդիմության ոչ բոլոր առաջնորդներն էին այդպես մտածում: Օրինակ, Վազգեն
Մանուկյանն օժտված է բավականաչափ ինտելեկտով, որ այդպես չմտածի: Բայց քաղաքական պայքարն
իր օրենքներն է թելադրում: Հավանաբար, քաղաքական գործիչը միշտ ստիպված է ասել ոչ
թե այն, ինչ մտածում է, այլ այն, ինչ հաճելի է լսել իր ճառերի «սպառողներին»: Այն
ժամանակ ակտուալ էր ազգային-ազատագրական վայնասունը, եւ ընդդիմությունը խաղում էր
հենց այդ դաշտում: Իր հոդվածում Լ. Տեր-Պետրոսյանը բացատրում է, թե ինչու չի միացել
այդ վայնասունին. «Ի՞նչ է, կրթությո՞ւնս չի ներում, խե՞լքս չի կտրում: Ես հեշտությամբ
կարող էի քաջի եւ հայրենասերի համբավ ձեռք բերել, դառնալ ազգի կուռքը, Հայաստանի
եւ Սփյուռքի միասնության խորհրդանիշը: Ինչ է, ուրեմն, խանգարում անել այդ ամենը(…)
Խանգարում է ընդամենը պարզ քաղաքական հաշվարկը եւ մեր ժողովրդին փորձանքներից հեռու
պահելու գիտակցությունը»: Այստեղ է, որ դրսեւորվել է հոդվածի ամենակարեւոր
հատկությունը. Տեր-Պետրոսյանն այն գրել է ոչ որպես քաղաքական գործիչ, ոչ էլ նույնիսկ
որպես նախագահ, քանի որ, հավանաբար, հոգեբանորեն պատրաստ էր հրաժարական տալու: Հոդվածը
գրել է ժողովրդի առաջ պատասխանատու մտավորական եւ պատմաբան, եւ հենց այդ պատճառով
այն արդիական է ոչ թե քաղաքական կոնյունկտուրայի (իշխանությունը վերցնելու կամ պահելու)
տեսակետից, այլ բարձրացված հարցերի շուրջ հիմա՝ 7 տարի անց եւ հետագայում՝ 20-30
տարի անց խորհելու առումով: (Այն պայմանով, իհարկե, եթե սոցիալական, ազգային կամ
կուսակցական ատելությունը չի խաթարել խորհելու ունակությունը): Քաղաքական
գործիչը երբեք չի ասի (ինչպես գրել է Տեր-Պետրոսյանը). «Փոխզիջումն ընտրություն չէ
լավի եւ վատի միջեւ, այլ՝ վատի ու վատթարի միջեւ, այսինքն՝ փոխզիջումն ընդամենը վատթարից
խուսափելու միջոց է»: Քաղաքականությամբ զբաղվողը կասի (եւ ասում է). «Ես ձեզ կտամ
լավը, լավագույնը, ամենաքաղցրը, ամենագեղեցիկը, եթե լինեմ (մնամ) իշխանության»: Կոնկրետ
Ղարաբաղի հարցում քաղաքական գործիչներն ասում են. «Մենք կհասնենք այնպիսի փոխզիջման,
որ Հայաստանի ու Ղարաբաղի համար լինի լավ, իսկ Ադրբեջանի համար՝ վատ: Եվ բոլորդ գոհ
ու բավարարված կլինեք»: Քաղաքական գործիչը չի ասի. «Այն, ինչ մերժում ենք այսօր,
ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ»:
Փոխարենն ասվում է հակառակը. «Որքան հակամարտությունն առկախ է մնում, այնքան շատանում
են մեր հնարավորությունները: Որքան երկար ճանապարհները փակ լինեն, այնքան դինամիկ
է զարգանալու Հայաստանը: Տարիների ընթացքում գնալով մենք ավելի ու ավելի լավ տարբերակների
ենք գալիս. «ընդհանուր պետություն» տարբերակն ավելի լավն է, քան փուլայինը, իսկ Քիուեսթինը՝
ավելի լավը, քան՝ «ընդհանուր պետությունը»: Երեկ Ցեղասպանությունը ճանաչել է Ֆրանսիան,
վաղը կճանաչի ԱՄՆ-ը, մյուս օրը՝ Մոզամբիկն ու Բոթսվանան»: Այսպես որ գնա, ըստ այդ
տրամաբանության, հաջորդ տարի Մինսկի խումբը Հայաստանին կտա ոչ միայն Ղարաբաղը, այլեւ՝
Արեւմտյան Հայաստանը: Դեմ կտանք միջազգային հանրությանը Սեւրի պայմանագիրը, եւ աշխարհի
հզորները ձեռքերը կբարձրացնեն մեր փաստարկների հզորության առջեւ ու կիրականացնեն
Հայ դատի բոլոր խնդիրները: Միայն թե այդ ամենը, ըստ Լ. Տեր-Պետրոսյանի, արկածախնդրություն
է. «Մենք մի անգամ արդեն Ստամբուլը արյան ծով դարձնելով՝ կորցրել ենք Արեւմտյան Հայաստանը,
իսկ մի այլ անգամ՝ պահանջելով Սեւրի դաշնագրով գծած տարածքները, կորցրել ենք Արեւելահայաստանի
կեսը»: Իհարկե, ամեն մարդու անձնական գործն է խաբել, թե՞ ասել ճշմարտությունը, հայրենասեր
ձեւանալ, թե՞ իրոք հայրենասեր լինել: ՀՀ առաջին նախագահը գերադասեց չխաբել եւ չձեւանալ:
Իսկ ամենակարեւոր դասը, որ այսօր կարելի է քաղել «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն»
հոդվածից, հետեւյալ միտքն է. խոսելով խնդրի շուրջ առաջացած թյուրիմացությունների
մասին, Լ. Տեր-Պետրոսյանը գրում է. «Երկրորդ թյուրիմացությունն այն անհիմն պնդումն
է, թե Ղարաբաղը շահել է պատերազմը, հետեւաբար կարիք չունի որեւէ զիջման գնալու: Դժբախտաբար,
Ղարաբաղը շահել է ոչ թե պատերազմը, այլ ճակատամարտը: Պատերազմը շահում են այն ժամանակ,
երբ հակառակորդը կապիտուլյացիայի է ենթարկվում: Պատերազմի եւ ճակատամարտի շփոթությունը
շատ-շատերին է փորձանքի բերել»: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել