Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԳԵԼԵԼԸ

Հոկտեմբեր 15,2004 00:00

ԱՐԳԵԼԵԼԸ ԵԼՔ ՉԷ Թերեւս քիչ են աշխարհում պետությունները, որոնց երկրորդ դեմքը խորհրդարանական ամբիոնից կանի նման հայտարարություն, ինչն արեց Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, թե ինքն անձամբ փորձել է հետաձգել կրոնական մի կազմակերպության գրանցումը, սակայն այժմ՝ գրանցելուց հետո, աշխատելու են ստեղծել այնպիսի պայմաններ, որ օրենքի միջոցով արգելվի դրա գործունեությունը: Երեկ ճեպազրույցներում խորհրդարանական ուժերին խնդրում էինք կանխատեսել, թե ինչպես կվերաբերվի այս հայտարարությանը Եվրախորհուրդը: Ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե իր համար շատ սարսափելի էր «Եհովայի վկաների» գրանցումը եւ անհրաժեշտ համարեց «գաղափարական պայքար տանել ոչ միայն «Եհովայի վկաների», այլեւ բոլո՛ր աղանդների դեմ»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը, սակայն, նշեց, թե որեւէ բանի դեմ խաչակրաց արշավանքով հնարավոր չէ արդյունքի հասնել. «Ոչ թե պետք է եվրոպական արժեքները ոտնահարելով պայքարենք աղանդների դեմ, այլ մենք պարզապես պետք է ուժեղացնենք մեր ազգային արժեքներն ու եկեղեցին»: ՀՀԿ-ի դիրքորոշմանն անակնկալ եւ ակամա աջակցություն ցուցաբերեց «Ազգային միաբանության» փոխնախագահ Կորյուն Առաքելյանը, որը հայտարարեց. «Խնդիրը բոլորովին Եվրախորհրդին սիրաշահելը կամ նրա քննադատությանն արժանանալը չէ»: Նկատենք՝ նման պնդում արեց ներկայացուցիչը մի կուսակցության, որի ղեկավարը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ է, եւ հրաշալի տեղյակ է այս կառույցի պայմանին՝ հարգել խղճի եւ հավատի ազատությունը: Սա նաեւ մեր Սահմանադրության պահանջն է, բայց այդ մասին երեկ հիշեցին հազիվ 1-2 պատգամավոր: Մեկը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանն էր, որը նշեց. «Մինչեւ 2001-ին Եվրախորհրդին մեր անդամակցելը՝ 1995-ին Սահմանադրության մեջ առանձին հոդվածով արդեն իսկ սահմանել էինք խղճի, դավանանքի ազատություն, նաեւ կրոնական կազմակերպությունների գաղափարախոսության ու կրոնական կազմակերպությունների մեջ միավորվելու ազատություն»: Մյուսը «Արդարության» քարտուղար Վիկտոր Դալլաքյանն էր, որը նաեւ նկատեց. «Որեւէ բան արգելելով՝ դուք որեւէ խնդիր չեք լուծում»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031