Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրո

Հոկտեմբեր 15,2004 00:00

Սիրո տարբեր հոգեվիճակներ Այս մասին է երգում ճանաչված ֆրանսիացին Ինչպես տեղեկացրել էինք, Երեւանում է ֆրանսիացի հանրահայտ երգիչ Գարաբելոն: Հոկտեմբերի 17-ին, Ազգային օպերային թատրոնում, Երվանդ Երզնկյանի ղեկավարած էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի, Սյուզան Մարգարյանի, Անահիտ Մանուկյանի, Լեյլա Սարիբեկյանի, Աշոտ Հախինյանի եւ այլոց հետ նա կմասնակցի ֆրանսաբնակ արվեստագետ Ժաննա Բլբուլյանի հեղինակային երեկոյին: Համերգի պրոդյուսերն է Արմեն Մանուկյանը: «Առավոտի» հետ զրույցում Գարաբելոն տեղեկացրեց, որ Հայաստանի ու հայերի մասին գիտի ամեն ինչ, ասածը մանրամասնելով. «Առաջին սերս հայուհի էր՝ Դանիելա Մանուկյանը, որին համենայնդեպս մինչ այսօր չի փոխարինել եւ ոչ մի կին: Իսկ մեր բաժանման առիթը Ֆրանսիայի հյուսիսից իմ Փարիզ տեղափոխվելն էր: Այսօր էլ հարազատներս մեղադրում են ինձ՝ Դանիելայի հետ ընտանիք չկազմելու հարցում»: Մեր հետաքրքրությանը՝ «Ինչպե՞ս կայացավ ծանոթությունը Ժաննա Բլբուլյանի հետ», երգիչն ասաց. «Ժանետի հետ հանդիպեցինք տարիներ առաջ՝ ձայնագրման ստուդիայում: Լսելով նրա մեղեդիները՝ անտարբեր չէի կարող մնալ»: Թեեւ երգիչը Ժ. Բլբուլյանի երգերը կատարում է ֆրանսերեն, բայց վստահեցնում է, որ բացի մեղեդիներից, իրեն գերում են նաեւ երգերի տեքստերը. «Նրա երգերի մեղեդիները, ինչպես նաեւ տեքստերը արտահայտում են սիրո տարբեր հոգեվիճակներ, որոնցով լցված է իմ կյանքը»: Նշենք, որ երգահանի երգերի մեծ մասը գրված են իր եղբոր՝ բանաստեղծ Լեւոն Բլբուլյանի խոսքերով: Մեր դիտարկմանը՝ երգչի՝ հիթ դարձած «Չուպա» երգի տեսահոլովակը, որում բացի սիրո հոգեվիճակներից, կան նաեւ զուտ ֆիզիկական սերը պատկերող կադրեր, Գարաբելոն շտապեց տեղեկացնել, որ «ես նորմալ տղամարդ եմ»: Պարզապես ֆրանսիացի հայտնի մի հրատարակիչ նրան պատվիրել է գրել այդ բնույթի վարակիչ մի երգ, որը շատ շուտ դարձել է հիթ: Հետաքրքրվեցինք նաեւ ֆրանսիացի երգիչների սոցիալական վիճակով: Գարաբելոյի խոսքերով, CD-ն, այսինքն երգչի ֆինանսական աղբյուրներից մեկը, Ֆրանսիայում արժե միջինը 15 եվրո, «որով, համոզված եմ, ոչ մի երգիչ նույնիսկ գոյատեւել չի կարող»: Ինքը՝ Գարաբելոն, ունի ձայնագրման ստուդիա եւ կատարում է գործիքավորումներ. «Այս ամենին գումարած հյուրախաղերս՝ անհոգ ապրելու հնարավորություն են տալիս»: Ասենք, որ երգիչը մեծ տեղ է տալիս համերգներում ոչ միայն ձայնի կենդանի հնչողությանը, այլեւ կենդանի նվագակցությանը: Այս առիթով նա գովեստի խոսքեր շռայլեց Երվանդ Երզնկյանի ղեկավարած էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների հասցեին, նրանցից յուրաքանչյուրին համարելով ոչ թե նվագախմբի արտիստ, այլ մենակատար: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031