Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱ ՎԱԽԻ ԵՎ ՍՏՈՐԱՔԱՐՇՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ»

Հոկտեմբեր 22,2004 00:00

Ասում
է Անահիտ Բախշյանը – Տիկին Բախշյան, մի քանի օրից հոկտեմբերի 27-ն է՝ ի՞նչ
զգացողություն ունեք, Ձեր կարծիքով, ի՞նչը փոխվեց անցած հինգ տարում: – Անհասկանալի
մթնոլորտ է: Կարծես այս երկրում ոչինչ չի կատարվել, հինգ տարի առաջ պետություն չի
գլխատվել, քաղաքական սպանդ տեղի չի ունեցել: Ամեն տարի, հոկտեմբերի յուրաքանչյուր
օր, որ մոտեցնում է 27-ը, վստահ եմ՝ ոչ միայն ինձ համար, այլեւ շատ-շատերի հիշողության
մեջ մեծանում է բոթի զգացումը: Իհարկե, որեւէ ակնկալիք չունեմ, որ իշխանությունները,
նախկին չակերտավոր գաղափարակից ընկերները, կուսակիցները պետականորեն հավուր պատշաճի
կհիշեն, կնշեն, հրապարակավ որեւէ ջերմ խոսք կասեն կամ կկիսվեն իրենց հիշողություններով՝
նահատակվածների հիշատակին: «Միասնություն» դաշինքը ուներ Հայաստանի արժանապատիվ ապագայի
հստակ ծրագիր: Հոկտեմբերի 27-ին նահատակվածների հետ միասին սպանեցին նաեւ ապագայի
հույսը: Դաշինքի ցուցակով իշխանության եկածները այսօր ոչ միայն չեն իրականացնում
ծրագիրը, այլեւ ուրանում են նրանց հիշատակը: Նրանք ուրանում են ոչ միայն իրենց առաջնորդների
հիշատակը, այլեւ բոլոր այն գաղափարները, սկզբունքները, որոնք դրված էին դաշինքի հիմքում:
Նրանք պարզապես պատեհապաշտներ են: – Սակայն Ձեր նշած ցուցակի անձինք մի ժամանակ
բավականին ակտիվ հայտարարություններ էին անում, որ իրենք շարունակում են դաշինքի
ծրագիրը: Հայտարարում էին, որ դատավարություն եղավ, եւ ոճրագործները պատժվեցին, ուրիշ
ի՞նչ էր հնարավոր անել: – Ուրեմն այդ դատավարությունը հանգիստ կարող էր եւ
չլինել: Դատավարությունը եւ գործի նախաքննությունն էլ հետը մոտ հինգ տարի հարկատուներիս
միջոցները քամուն տվեցին: Այդ դատավարությունից ոչինչ չպարզվեց: Բայց բոլորս հասկացանք,
թե այսօրվա իշխանության կամքը որն էր, ինչն էր իր համար կարեւոր՝ ահաբեկչությունը
բացահայտե՞լ մինչեւ վերջ, թե՞ ընդհակառակը՝ կոծկել: Չեմ ուզում դատավարության մասին
շատ խոսել, բայց ուզում եմ ասել, որ այն բացահայտեց սոսկալի քաղաքական ուղղվածություն,
որն անմիջապես զոհվածների հիշատակին էր խփում: Զոհվածները իրենց արյամբ ճանապարհ
բացեցին այն բոլոր ուժերի համար, որոնք հակառակ դեպքում երբեք իշխանության չէին գա:
Երբ մենք այսօր իշխանությունների ինքնագովեստն ենք լսում, թե վերջին հինգ
տարում ինչ բարձունքներ են ունեցել, ինչ տնտեսական աճ, քաղաքական կայունություն եւ
այլն, եւ այլն, ակամա հիշում եմ մարդասպան տականքի բարբաջանքը, թե ինչու էին սպանում
Վազգենին, Կարեն Դեմիրճյանին, որովհետեւ նրանք իբր ժողովրդի արյունն էին ծծում: Մեկնաբանություններ
չեմ անում, զուգահեռներ եւ ընդհանրություններ եմ տեսնում ուղղակի: Իսկ արդարադատություն
մեր երկրում չկա՝ չկա ոչ որպես օրենք, ոչ որպես բարոյական արժեք, ոչ մի ձեւով չկա:
Որովհետեւ դատարանները ցանկացած դեպքում (թե նախագահի թիկնապահները մարդ կսպանեն,
թե կգլխատեն պետությունը) մի բան են պաշտպանում՝ անարդարությունը: Եվ պաշտպանում
են «օրենքով», պաշտպանում են ամենաբարձր հովանավորությամբ: Տխուր է այսօրվա իրականությունը:
– Կարծիք կա, որ հասարակությունը այսօր բավականին պասիվ է, եւ հոկտեմբերի
27-ի հանդեպ՝ նույնպես: – Կա այդպիսի կարծիք, որ հասարակությունը հոկտեմբերի
27-ի նկատմամբ չունի վերաբերմունք, բայց Ռազմավարական կենտրոնի վերջին հետազոտությունները
ցույց տվեցին, թե մարդիկ որքան թարմ են զգում այդ օրվա սուգը եւ հետեւանքները: Բայց
այդ թվացյալ անտարբերությունը կա, որովհետեւ կա վախի մթնոլորտ, կա չգերազանցված ստորաքարշության
մթնոլորտ: Կոնկրետ օրինակով ասեմ: Էրեբունի համայնքի թաղապետը 1999 թ. դեկտեմբերին
եղեւնիների պուրակ ստեղծեց թաղապետարանին հարող տարածքում, ութ գեղեցիկ եղեւնի տնկվեց՝
յուրաքանչյուրի վրա «27»-ի նահատակների անունները: Անցյալ տարի հոկտեմբերին, երբ
մենք ընտանիքներով այցելեցինք, ցուցանակները դեռ կային: Բայց հիմա արդեն չկան, անունները
հանել են: Ուրեմն այդ ցուցանակներից էլ են վախենում, ցուցանակները հանելով էլ են
ոմանց շողոքորթում: Շատ ավելի ցնցող է այն, որ այս քաղաքական սպանդի հինգ տարին պետական
որեւէ կառույց չի նշում, չի ուզում հիշել: Իսկ ահաբեկչության պատմությունն ընդհանրապես
ապացուցում է, որ յուրաքանչյուր ահաբեկչության ետեւում կանգնած են շատ հզոր կազմակերպիչներ,
որոնք ե՛ւ ներսում են, ե՛ւ դրսում: Նույնն էլ մեր երկրի մասին պիտի ասեմ: Ավելի քան
համոզված եմ: Եվ հիմա զարմանում եմ, թե որքան միամիտ էի հինգ տարի առաջ, որ հավատում
էի, թե կպարզվի: Այո, պարզվում է, որ չի պարզվում, ցավոք սրտի: Բայց այդ չպարզվելը
ավելի մեծ լույս է սփռում իրականության վրա եւ ավելի տգեղ մերկացնում է իրականությունը:
Եթե որեւէ մեկը այս երկրում փորձի արդարություն պահանջել, հետեւողական լինել, համարձակ
լինել, այդ մարդը փողոցում կծեծվի, գլխին քար կընկնի կամ էլ հարազատի նկատմամբ գործ
կթխվի-կսարքվի: Բայց այսօր ես համոզված եմ, որ մենք ավելի ուժեղ ենք, որովհետեւ հիմա
ավելի լավ, ավելի ճիշտ ենք հասկանում, թե ինչ մեծություն էր Վազգենը, ինչ իմաստուն
էր Կարեն Սերոբիչը եւ ինչքան շատ բան կարող էր անել Յուրան: Ջղայնանում եմ, որ նրանց
կողքին են եղել այսօր իշխանության մեջ գտնվող անարժանները: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել