Լրահոս
Օրվա լրահոսը

Աշնան ծաղիկները տղամարդկանց համար են

Հոկտեմբեր 22,2004 00:00

Աշնան ծաղիկները տղամարդկանց համար են Չնայած Հայաստանում ընդունված չէ տղամարդկանց սրտերը շահել ծաղիկներով Հայ տղամարդկանց ծննդյան տարեդարձներին կանայք նախընտրում են օծանելիք, վերնաշապիկ, փողկապ նվիրել, բայց ոչ, ասենք, մի փունջ անտուրիոմ: Այնինչ, ծաղկաբանների (ֆլորիստների) համոզմամբ, աշնանային ծաղիկների մեծ մասը հենց տղամարդկանց համար է ու ճիշտ չէ դրանք նվիրել կանանց: Ծաղկաբանները աշնանային ծաղիկները տղամարդկանց են նմանեցնում՝ նկատի ունենալով երկար ցողունները, մուգ ու խիստ սահմանափակ գույները: «Առնական» ծաղիկների թվին են դասվում անտուրիոմը, ստրիլիցան, խոլորձը: Իհարկե, եթե այս ծաղիկները զարդարեն ուլունքներով, ակսեսուարներով, դրանք կնրբանան ու «կանացի» կդառնան: Այնպես որ, չի կարելի ասել, թե աշնանը կանանց համար ծաղիկներ չկան: Մասնագետների կարծիքով աշնանը քնքուշ սեռի ներկայացուցիչներին ավելի հարմար է նվիրել երիցուկ, վարդ, հերբերա, քրիզանթեմ, բաց գույնի դաշտային ծաղիկներ: Չնայած մեզ մոտ ուշադրություն չեն դարձնում ծաղիկերի նշանակությանը, գույնին, քանակին, միայն՝ զույգ կամ կենտ լինելուն: Այդ հավերժական պատմությունը մեզ մոտ վերածվել է մի քարացած սկզբունքի՝ «ուրախ առիթներին կենտ ծաղիկներ, սգո արարողություններին՝ զույգ»: Իսկ արտասահմանում զույգ ծաղիկները «զուգավորելու» խորհուրդ ունեն: Ինչպես հավաստիացնում են ծաղկաբանները, մեր օրերում ճաշակը, մոտեցումը, այս հարցում, փոխվել է: Եթե նախկինում մեխակը հայկական հարսանիքների զարդն էր համարվում, հիմա այն միայն հոգեհանգստի ու հուղարկավորության համար են գնում: Առհասարակ տեղական ծաղիկները այսօր այնքան էլ չեն գնահատվում, հաճախորդները նախապատվությունը տալիս են հոլանդական էկզոտիկ ծաղիկներին: Նկատենք, որ ծաղիկների նորաձեւությունը հենց Հոլանդիան է թելադրում, օրեցօր ավելանում են նոր տեսակներ, նոր դետալներ: Այնտեղից բերված վերջին նորություններից մեկը հելիկոնիան է, որը անթառամ է: Ի դեպ, Հոլանդիայից հիմնականում ներմուծում են հատուկ միջոցներով չորացրած ծաղիկներ: Այնպես որ, եթե առաջ տանը պահում էին արհեստական ծաղիկներ, հիմա դրանք մոդայից դուրս են, քանի որ մարդիկ արդեն նախընտրում են չորացրած, անթառամ ծաղիկները: Այլեւս սովորական ժապավեններով զարդարված համեստ փնջերը կամ ծղոտե զամբյուղները չեն կարող զարմացնել կանանց, քանի որ նորաձեւ են կավամանները, պարկակտորները, ուլունքները, գունավոր թելիկները, մոմերը եւ այլն: Մասնագետների հավաստմամբ, ծաղիկները քառակի թանկանալու են ձմռանը՝ կապված խնամքի ու ջերմաստիճանի պահպանման դժվարությունների հետ: Այնպես որ, եթե ուզում եք հաճելի անակնկալ մատուցել որեւէ մեկին, դա արեք հիմա: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել