Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԵՐԸ

Հոկտեմբեր 22,2004 00:00

ԳՈՐԾԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՆ Իսպանիայի Կալվիա քաղաքում չորեքշաբթի օրը կայացավ շախմատի 36-րդ համաշխարհային օլիմպիադայի վեցերորդ տուրը: Այն հաջող էր Հայաստանի թե տղամարդկանց, թե կանանց հավաքականների համար: Մեր տղամարդկանց քառյակը հանդիպեց Կանադայի ուժեղագույն շախմատիստների հետ եւ 3,5:0,5 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ: Իրենց հաշվարկում մեկական միավոր գրանցեցին Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Գաբրիել Սարգսյանը եւ միայն Լեւոն Արոնյանը բավարարվեց ոչ-ոքիով: Այս հաղթանակից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցաշարային աղյուսակում չորս աստիճանով վեր բարձրացավ ու 16,5 միավորով բաժանում է 5-8-րդ հորիզոնականները: Մեկօրյա հանգստից հետո այսօր յոթերորդ տուրում Հայաստանի մրցակիցը լինելու է առայժմ 5-րդ տեղում ընթացող Իսրայելի հավաքականը: Ընդհանրապես, մեր տղաների մրցելույթներն Իսպանիայում պետք է բավականին հաջող համարել՝ հաշվի առնելով, որ թիմի առաջատար Վլադիմիր Հակոբյանի բացակայության պատճառով տակավին չլուծված է մնում չորրորդ խաղատախտակի խնդիրը: Սակայն օլիմպիադան լուսաբանող լրատվամիջոցները նշում են, որ Հակոբյանն արդեն Բրիսսագոյից ժամանել է Կալվիա: Հուսանք, որ նա մրցաշարի երկրորդ մասում կներգրավվի պայքարի մեջ ու մեր հավաքականը արդեն լրջորեն կհավակնի մրցանակային տեղերի: Վեցերորդ տուրում վստահ խաղացին նաեւ մեր կանայք: Նրանք էլ իրենց հերթին 2,5:0,5 հաշվով պարտության մատնեցին վիետնամցիներին: Մրցակցուհիների նկատմամբ առավելության հասան Լիլիթ Մկրտչյանն ու Նելլի Աղինյանը, իսկ Էլինա Դանիելյանը վաստակեց կես միավոր: Այս հաղթանակը հայ շախմատիստուհիներին հնարավորություն տվեց ավելի մեծ թռիչք կատարել դեպի վեր եւ 20-րդից տեղափոխվել 8-րդ տեղ: Այսօր մեր աղջիկներին անչափ լուրջ փորձություն է սպասվում: Նրանք ուժերը չափելու են Ուկրաինայի շախմատիստուհիների հետ: Վեց տուրից հետո լավագույն տասնյակներն այսպիսի տեսք ունեն: Տղամարդիկ. 1. Ուկրաինա՝ 19 2. Ռուսաստան՝ 18 3. Հնդկաստան՝ 17 4. Բուլղարիա՝ 17 5. Իսրայել՝ 16,5 6. Ադրբեջան՝ 16,5 7. Իսպանիա-1՝ 16,5 8. Հայաստան՝ 16,5 9. Սլովակիա 15,5 10. Լեհաստան՝ 15,5 Ք. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել