Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ ԳՆԱՑԻՆ,
ԲՅՈՒՐՈԿՐԱՏՆԵՐԸ ԵԿԱՆ»

Հոկտեմբեր 29,2004 00:00

Համապատասխանաբար՝ կոմունիստական
եւ հետկոմունիստական իշխանությունները նկատի ունենալով՝ ասում է 17 երեխայի մայր
Անթառամ Կիրակոսյանը:«Կոմունիստների ժամանակ ամեն ամիս կարամելի գործարանը
մեզ արկղերով քաղցրավենիք էր ուղարկում: Մեր հանդեպ ուշադրությունը շատ մեծ էր: Ինչ
ունեցել ենք, կոմունիստներն են տվել՝ տուն, մեքենա, կահույք: Իսկ այսօրվա բյուրոկրատների
օրոք գուցե եղածն էլ կորցնենք, որովհետեւ գույքահարկ չենք կարողանում վճարել»,- մեր
զրույցի սկզբում ասաց տիկին Անթառամը: Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասում
երկու 4 սենյականոց բնակարան Մամիկոն Ղազարյանի եւ Անթառամ Կիրակոսյանի ընտանիքը
ստացել է 1984-ին, երբ երեխաների թիվը դեռ 10-ն էր: Հետո ծնվեցին եւս 7-ը, վերջինը՝
1994-ին: Երեխաներից 8-ը տղա է, 9-ը՝ աղջիկ. Դավիթ, Հովսեփ, Իսրայել, Մարիամ, Լիա,
Աբել, Սամվել, Գայանե, Հռիփսիմե, Դանիել, Հակոբ, Աբրահամ, Եվա: 95-ից հետո իրար հետեւից
ամուսնացան 5 աղջիկն ու մի տղան: Սակայն ընտանիքի հոգսը դրանից չպակասեց՝ հիմա էլ
թոռներն են միացել ընտանիքին: Ճիշտ է, ոչ բոլորը: Երկրաշարժից հետո այս տանն է ապրում
նաեւ տնազուրկ դարձած բարեկամուհին: Բազմանդամ ընտանիքի համար բնակարանի խնդիրը
միշտ եղել է առաջնային: «Այս տարիներին մի քանի անգամ հրավիրել են կանանց տոնի միջոցառումներին՝
քաղաքապետարան ու թաղապետարան: Ծաղիկներ ու սուրճի բաժակներ են տվել: Իսկ տան մասին՝
ոչ մի խոսք: Ավելին, 3 տարի առաջ մեր թաղապետ Աղվան Գրիգորյանը հերթական միջոցառման
ժամանակ խոստացավ բնակարան տալ, եթե անգիր ու ճիշտ հերթականությամբ թվեմ երեխաներիս
ծննդյան օրերը: Թվեցի: Մի ամիս հետո գնացի թաղապետարան՝ բնակարանիս հետեւից: Բայց
պարզվեց, որ խոստումը կատակ էր եղել, այն էլ 500 մարդու ներկայությամբ: Այդ օրվանից
երեխաներս հիասթափվել են բոլորից ու չեն թողնում դիմեմ ինչ-որ մեկի օգնությանը»,-
պատմում է տիկին Անթառամը: Թաղապետից հետ չի մնացել նաեւ նախկին փոխքաղաքապետ
Ֆիրդուսի Զաքարյանը. ԱԺ վերջին ընտրությունների նախօրեին հեռուստաեթերով հիշել է
17 երեխաներ ունեցող ընտանիքին եւ հայտարարել, թե «նրանց սյուրպրիզ է սպասվում»:
Որոշ ժամանակ անց, դեռ հույսը չկտրած Ա. Կիրակոսյանը դիմում է փոխքաղաքապետին՝ «սյուրպրիզի»
բովանդակությանը ծանոթանալու ակնկալիքով: Պարզվում է, որ ցանկացել են ընտանիքին տուն
տալ Հուսո ավանում, բայց հետո փոշմանել են: Այլ խոստումներ չեն եղել: Հույս տվող՝
նույնպես: Այժմ բնակարանում ապրում է 19 անձ: Ընտանիքը պետությունից ստանում է 24000
դրամ նպաստ, այն դեպքում, երբ ամսական միջինը 5000 դրամ ջրի վճարն է, 8-10 հազար՝
հոսանքինը, օրական 2000 դրամ ծախսվում է միայն ցամաք հաց գնելու համար: Կոմունալ
եւ այլ ծախսերի համար պետության կողմից զեղչեր սահմանված չեն: 10 եւ ավելի երեխաներ
ունեցողներին տրամադրվում է միայն ներքաղաքային տրանսպորտի մշտական տոմս, այն էլ,
ըստ տիկին Անթառամի, «ում ցույց ենք տալիս՝ չի անցնում»: Երկու տղաները՝ Հովսեփն
ու Իսրայելը, վարսավիր են: Հայրը՝ Մամիկոնը, մշտական աշխատանք չունի՝ սառնարան նորոգող
է: Այսպես մի կերպ ծայրը ծայրին են հասցնում: Այնինչ բոլորն էլ շնորհալի երեխաներ
են եւ հաճույքով կշարունակեին ուսումը, եթե հնարավորություն ունենային: Այս տարի
բախտը ժպտացել է մեկին՝ Սամվելը ընդունվել է գեղարվեստի ակադեմիա եւ Սերգո Երիցյանի
միջնորդությամբ սովորում է անվճար: Մյուսը՝ Մարիամը, Թերլեմեզյանի անվան նկարչական
ուսումնարանում է, Աբրահամը՝ գեղագիտական դպրոցում: «Հինգ աղջիկս տասն ավարտած՝ ամուսնացան:
Երեք տղաներս արհեստավոր են, սովորելու հնարավորություն չեղավ: Ընտանիքիս համար մշտական
հովանավոր այդպես էլ չգտնվեց: Չենք էլ դիմել, որովհետեւ ավելի շատ պատասխանել են,
թե այսքան երեխա ինչու եք ունեցել: Մենք էլ նեղվում ենք, ավելի լավ է մեր ունեցածով
բավարարվենք»,- ասաց ընտանիքի հայրը: Օրերս աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարար Աղվան Վարդանյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե պետական աջակցություն կա՞ 10
եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին (Հայաստանում դրանք մեկ տասնյակի են հասնում):
Պատասխանեց. «Մեզ համար կա անապահով եւ ապահով ընտանիք եւ մեր ուշադրությունն էլ
հատկացնում ենք դրան համապատասխան: Եթե նախարարի ընտանիքում լինի այդքան երեխա, ի՞նչ
է, պետք է օգնե՞նք»: 17 երեխա ունեցող ընտանիք Հայաստանում այս միակն է, նաեւ՝ անապահով:
Նախարարը նրանց մասին տեղյակ չէր: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել