Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբկիրի ամենաօրինակելի բակը

Հոկտեմբեր 29,2004 00:00

Արաբկիր համայնքի Արամ Խաչատրյան փողոցի
թիվ 29/1, 31, 33, 33/1 շենքերի բնակիչներն այսուհետեւ կարող են իրենց ժամանցը կազմակերպել
թաղապետարանի միջոցներով բարեկարգված բակում: Երեկ բակի բացումն էր, որին
մասնակցեց նաեւ Արաբկիրի թաղապետ Լեւոն Հարությունյանը: Համայնքի օրինակելի բակում
շրջելուց եւ մանուկների, մեծահասակների հետ շփվելուց հետո՝ կատարված աշխատանքների
վերաբերյալ պարոն Հարությունյանն իր գոհունակությունը հայտնեց: Բնակիչներն էլ իրենց
հերթին խոստացան «աչքի լույսի պես պահել ու պահպանել թաղապետի նվերը»: Նրանք հպարտորեն
նշեցին, որ նույնիսկ մութ ու ցուրտ տարիներին ոչ մի ծառ չեն կտրել: Բնակիչները գոհ
էին իրենց խնամված բակից: Լ. Հարությունյանը հավաստիացրեց, որ համայնքի բոլոր բակերում
էլ աշխատանքները շարունակական են լինելու, «պարզապես ժամանակի հարց է»: Համայնքի
բյուջեի միջոցներով արդեն վերանորոգվել է վեց բակ: Արամ Խաչատրյան փողոցի բարեկարգված
բակը զբաղեցնում է 1650 քմ տարածք: Այն, թաղային ղեկավարների ներկայացմամբ, թե՛ տարածքով
եւ թե՛ բնակիչների քանակով ամենամեծն է համայնքում: Արաբկիրի փոխթաղապետ Էդուարդ
Մուշեղյանի տվյալներով, վերջինիս հիմնական վերանորոգման համար թաղապետարանը ծախսել
է 9 միլիոն դրամ: Ըստ Է. Մուշեղյանի, ջրագծերից, ընդարձակ խաղահրապարակից, մայթեզրերի
սալիկներից սկսած՝ վերանորոգվել, ասֆալտապատվել, բետոնապատվել ու ցանկապատվել է:
Բարեկարգվել է նաեւ բակի սիզամարգային գոտին: Բակի բնակիչներին հատկապես ուրախացրել
էր վերանորոգված ու երկար տարիների աղբից մաքրված ջրավազանը: Իսկ մանուկներին մեծ
հրճվանք էին պատճառել նոր տեղադրված կարուսելներն ու ճոճանակները: Վերջիններս թաղապետից
մարզագույք էլ էին նվեր ստացել: Թաղապետի հետ հանդիպման ժամանակ բակի բնակիչները
շենքերի տանիքների վերանորոգման հարց բարձրացրին, ինչին պարոն Հարությունյանը դրական
արձագանքեց: Նա խոստացավ տանիքների հարցն ընդգրկել հաջորդ տարվա ծրագրում, իսկ ավելի
վատթար վիճակում գտնվող տանիքների հարցն առաջնային լուծել: Լ. Հարությունյանի խոսքերով,
2003-ին թաղապետարանի միջոցներով հիմնական վերանորոգվել է 36 տանիք, այս տարի՝ եւս
43-ը: Փոխթաղապետի խոսքերով, իրենք աշխատանքներ են տանում համայնքն ամբողջությամբ
գազիֆիկացնելու ուղղությամբ: Ըստ Նրա, 2005 թվականի ծրագրով նույնիսկ նախատեսել են
համայնքի սոցիալապես անապահով բնակիչների գազիֆիկացման հետ կապված ներտնային աշխատանքները
իրականացնել թաղապետարանի միջոցներով: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել