Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիա-ընդդիմություն

Հոկտեմբեր 30,2004 00:00

Կոալիցիա-ընդդիմություն հանդիպումներ չկան Երբ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը մամուլում հայտարարեց, թե հանդիպում է եղել ընդդիմադիր գործիչների հետ եւ պայմանավորվել են հետագայում շարունակել գործընթացը՝ ընդդիմության առաջնորդներն իրար ետեւից հերքեցին, թե սկսվել են կոալիցիայի հետ հանդիպումներ: Մասնավորապես՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասել էր. «Եթե ինչ-որ մեկի հետ ինչ-որ խոսակցություն եղել է, դա որեւէ բան չի նշանակել», եւ հավելել, թե անձամբ ինքը չի մասնակցել նման որեւէ քննարկման: «Արդարության» ղեկավարը նաեւ նշել էր. «Կարող եմ ընդամենը ասել՝ ով կգնա, չնայած ես չունեմ նման ինֆորմացիա, «սեպարատ» բանակցությունների, նա իրեն դուրս կդնի դաշինքից»: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը եւս ասել էր. «Որեւէ շփում, որեւէ բանակցություն տեղի չի ունեցել»: Նա «Ազատություն» ռ/կ-ին պարզաբանել էր, թե ինքը դեմ չէ կոալիցիայի հետ հանդիպումներին. «Բայց նույնիսկ այդ հանդիպումները որոշակի խանդ են առաջացնում հասարակության մեջ: Իրենք պահանջում են, որ չհանդիպեմ: Իրենց մոտ կասկածներ են ծնվում»: Իսկ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը նույնպես պնդել էր, թե իրենց հետ չեն ընթանում բանակցություններ: Այս հերքումները նկատի առնելով՝ Տ. Թորոսյանից փորձեցինք պարզել, թե ի վերջո ո՞ւմ հետ է հանդիպել, եթե ընդդիմության բոլոր թեւերը ժխտում են. «Նախ ասեմ, որ հանդիպումները պաշտոնական չեն եղել: Սովորական հանդիպումներ էին՝ որեւէ մեկին ոչինչ չպարտադրող: Անկեղծ ասած, դժվար էր նման արձագանք ակնկալելը՝ անգամ սեպարատիզմի մեջ մեղադրանքներ եւ այլն: Ի սկզբանե եմ ասել, որ սրանք ուղղակի քննարկումներ էին, թե հնարավո՞ր է ընդհանրապես վերադառնալ խորհրդարան, թե՞ ոչ: Եվ եթե այո, ապա ի՞նչ պիտի արվի դրա համար»: Նորից խնդրեցինք, որ որոշակիացնի, թե ո՞ւմ հետ է նման քննարկումներ ծավալել, սակայն պրն Թորոսյանը դարձյալ հրաժարվեց. «Ի սկզբանե էլ չեմ ցանկացել անուններ տալ՝ իմանալով Հայաստանի քաղաքական ասպարեզում տիրող բարքերը, որ լինելու են նման, իմ կարծիքով, անհեթեթ արձագանքներ: Եվ ցանկություն չունեմ այժմ այդ մասին խոսելու»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել