Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՊԵՍԶԻ ՉՍՏԵՂԾՎԵՆ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐ

Նոյեմբեր 02,2004 00:00

ՆԱՏՕ-ի
գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Սխեֆֆերի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը
– Ստամբուլի գագաթաժողովում Հարավային Կովկասը հռչակվեց առաջնահերթային տարածաշրջան
ՆԱՏՕ-ի համար: Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ Դաշինքի քաղաքականության
ինչպիսի՞ կոնկրետ փոփոխություններ եք ներկայացնելու տարածաշրջան կատարելիք Ձեր այցի
ընթացքում: – Ստամբուլի գագաթաժողովում դաշնակիցները հաստատեցին ՆԱՏՕ-ի հարավկովկասյան
գործընկերների հետ ավելի սերտ եւ անհատականացված հարաբերություններ հաստատելու իրենց
հավատարմությունը: Մենք պատրաստ ենք աշխատել տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ հիմնվելով
վերջիններիս առաջնահերթությունների վրա: Հենց սա էլ կլինի իմ գլխավոր ուղերձը: Այցը
հնարավորություն կտա կոչ անել տարածաշրջանի երեք երկրներին օգտագործել Գործընկերության
այն գործիքները, որոնք առավելագույնս համապատասխանում են իրենց պահանջներին: Խոսքը,
մասնավորապես, Պլանավորման եւ գնահատման գործընթացի մասին (PARP) է, որը խորհրդատվություն
է տրամադրում ռազմական բարեփոխման հարցերի շուրջ եւ գործընկերների զինված ուժերին
հնարավորություն է տալիս աշխատել ՆԱՏՕ-ի հետ, Գործընկերության անհատական ծրագրի մասին
(IPAP), որը ձեւաչափ է տրամադրում ՆԱՏՕ-ի հետ անհատական հարաբերությունների համար,
եւ Պաշտպանական ինստիտուտների կառուցման գործընկերության նոր ծրագրի մասին, որը կօգնի
ստեղծել հաստատություններ, որոնց առկայությունն անհրաժեշտ գործոն է ցանկացած ժողովրդավարական
հասարակությունում պաշտպանական քաղաքականության հաջող մշակման եւ իրագործման համար:
2002 թվականին մենք բոլոր գործընկերներին առաջարկեցինք օգտվել Գործընկերության
անհատական ծրագրից: Այս նոր մեխանիզմը թույլ է տալիս ավելի անհատականացված, բարեփոխումների
վրա կենտրոնացած հարաբերություններ զարգացնել ՆԱՏՕ-ի հետ: ՆԱՏՕ-ն դաշինք է, որը հիմնված
է ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների, հիմնարար ազատությունների եւ օրենքի
գերակայության վրա: Հաջող իրագործվելու համար ռազմական եւ այլ բարեփոխումները պետք
է ամրագրվեն այս արժեքներով: Մենք գիտենք, որ բարեփոխումների ճանապարհը երկար
է եւ դժվարին, եւ հենց այդ պատճառով էլ դաշնակիցները պատրաստ են օգնել տարածաշրջանի
երկրներին: Գործընկերության անհատական ծրագրում Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների
ներգրավվածության փաստը վկայում է այն մասին, որ նրանք ցանկանում են ուշադրություն
հատկացնել բարեփոխումների բոլոր ոլորտներին: Եվ մեր համագործակցությունն առաջ տանելու
համար երկրներից կպահանջվեն իրական ջանքեր՝ իրենց առջեւ դրված խնդիրները լուծելու
համար: – Հայաստանում ոմանք կարծում են, որ Հայաստանը վաղ թե ուշ ստիպված
կլինի ընտրություն կատարել Ռուսաստանի հետ սերտ կապերի պահպանման եւ ՆԱՏՕ-ին հետագա
ինտեգրման միջեւ: Կա մեկ այլ տեսակետ. Հայաստանը կարող է «կամուրջ» դառնալ Ռուսաստանի
եւ ՆԱՏՕ-ի միջեւ: Այս երկու մոտեցումներից ո՞րն է ավելի հոգեհարազատ Ձեզ: –
Դաշինքը ցանկանում է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Չնայած անցյալում
Հայաստանը չէր զարգացնում իր Գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ նույն տեմպերով, ինչ հարավկովկասյան
մյուս երկու պետությունները, այսօր մենք տեսնում ենք հստակ ազդանշաններ, որոնք վկայում
են մեր հարաբերությունները խորացնելու՝ Երեւանի հաստատակամության մասին: Հայաստանն
իսկապես լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ, սակայն դա չպետք
է որեւէ կերպ խոչընդոտի ՆԱՏՕ-ի հետ նրա հարաբերությունների զարգացմանը: Հայաստանն
ապացույցն է այն իրողության, որ երկիրը կարող է սերտ հարաբերություններ պահպանել
Ռուսաստանի հետ եւ միաժամանակ հանդիսանալ ՆԱՏՕ-ի շատ ակտիվ գործընկեր: Դաշնակիցները,
Ռուսաստանը եւ Կովկասի երկրները շահագրգռված են տարածաշրջանային կայունությամբ: Բոլոր
այս երկրները բախվում են սահմաններ չճանաչող ահաբեկիչների, զանգվածային ոչնչացման
զենքի տարածման եւ «չկայացած երկրների» սպառնալիքներին: Այս նոր մարտահրավերներին
հակազդելու ունակությունը կախված կլինի նրանից, թե կկարողանա՞նք մենք միացնել հին
բաժանարար գծերը եւ խուսափել մրցակցության դրսեւորումներից: Համագործակցությունը
ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ զարգանում է՝ հիմնվելով այս գիտակցման վրա: Եվ քանի որ
Հայաստանն ամուր կապեր ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի հետ, նա ոչ
միայն կշահի այդ հարաբերություններից, այլեւ շահագրգռված է դրանց աջակցելու մեջ:
– Երեւանում կարծում են, որ եթե Վրաստանը եւ Ադրբեջանը ի վերջո դառնան ՆԱՏՕ-ի
անդամներ, իսկ Հայաստանը՝ ոչ, ապա դա նոր բաժանարար գծեր կառաջացնի Կովկասում: Դուք
տեսնո՞ւմ եք նման վտանգ: – Դժվար է պատասխանել ենթադրական սցենարի վրա հիմնված
հարցին: ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը թելադրվում է Դաշինքի նոր անդամներին
կայունության եւ անվտանգության այն նույն առավելությունները տրամադրելու ցանկությամբ,
որոնցից օգտվում են ՆԱՏՕ-ի մնացած մասնակիցները: Դա ուղղված չէ մյուս երկրների դեմ,
Դաշինքի նպատակը մեր անդամների անվտանգության ապահովումն է: Քանի որ անվտանգության
ապահովման ուղիների ընտրությունը ցանկացած երկրի հիմնարար իրավունքն է, ՆԱՏՕ-ի ընդլայնումը
նախագծված է այնպես, որպեսզի չստեղծել բաժանարար գծեր, այլ հակառակը՝ վերացնել դրանք:
Սա ընդլայնման հիմնարար սկզբունքն է, որը չի փոխվելու նաեւ ապագայում: – Հայ-թուրքական
հարաբերությունների չկարգավորվածությունը բացասաբար է ազդում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի
հարաբերությունների վրա: Հասկանալի է, որ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը չի կարող ազդել իր
անդամների արտաքին քաղաքականության վրա: Այնուամենայնիվ, Ձեզ չի՞ մտահոգում այս խնդրի
առկայությունը: – Դուք իրավացի եք այն հարցում, որ ՆԱՏՕ-ն չի արձագանքում
իր անդամների քաղաքականությանը: Չնայած դրան, ես կցանկանայի նշել, որ Թուրքիան երբեւէ
չի կանգնել Հայաստանի ու ՆԱՏՕ-ի համագործակցության ճանապարհին, եւ Հայաստանի եւ Թուրքիայի
բարձրաստիճան ներկայացուցիչների շատ հանդիպումներ անց են կացվել հենց Եվրաատլանտյան
Գործընկերության Խորհրդի (ԵԱԳԽ) շրջանակներում: Ինձ համար դա ակնառու ապացույց է,
որ Գործընկերությունը շատ օգտակար ձեւաչափ է երկխոսության պահպանման համար: –
Համաձա՞յն եք այն տեսակետին, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է այնքան զարգացնել իր հարաբերությունները
Հայաստանի հետ, որքան դրան պատրաստ է ինքը՝ Հայաստանը: – Բերեմ ձեզ մեկ օրինակ:
1994 թվականին ՆԱՏՕ-ն գործընկերներին առաջարկեց Պլանավորման եւ գնահատման գործընթացը
(PARP)՝ շատ կարեւոր մի մեխանիզմ, որը ցուցադրում էր, թե ինչպե՞ս համատեղելի դարձնել
զորքերը ՆԱՏՕ-ի հետ: Երկար տարիների ընթացքում մասնակցությունը ՆԱՏՕ-ի հովանու ներքո
անցկացվող գործողություններին Հայաստանի համար առաջնային չէր, եւ նա չէր մասնակցում
PARP-ին: Երկու տարի առաջ Հայաստանի իշխանությունները որոշեցին, որ ցանկանում են
ունենալ զորքեր, որոնք կարող են մասնակցել միջազգային գործողություններին, եւ Հայաստանը
միացավ PARP-ին: Գործընկերության անհատական ծրագիրը կնքելուց հետո կկարողանանք ասել,
որ Հայաստանն օգտվում է Գործընկերության բոլոր հնարավոր մեխանիզմներից: Սա պարզ վկայում
է այն մասին, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խորացնելու ցանկություն ունեցող
երկրի համար կա ընդամենը մեկ նախապայման, այն է՝ դա անելու իր սեփական ցանկությունը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալություն՝ հատուկ ԱՌԱՎՈՏ-ի համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել