Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրենսգիրքը կքայքայի՞ կոալիցիան

Նոյեմբեր 04,2004 00:00

Ընտրական օրենսգիրքը կքայքայի՞ կոալիցիան ՀՅԴ-ն սպառնալից ակնարկներ է անում Երեկ ՀՅԴ Գերագույն մարմնի նորընտիր կազմը ներկայացնող Արմեն Ռուստամյանը եւ Լեւոն Մկրտչյանը լրագրողներին հրավիրել էին տեղեկացնելու կուսակցության 8-րդ գերագույն ժողովի մանրամասները: Ժողովը շրջադարձային որոշումներ չի կայացրել: Որոշվել է շարունակել մաս կազմել կոալիցիային: ՀՅԴ-ն իրեն իրավունք է վերապահել նաեւ կոալիցիայի ստորագրած հուշագրի եւ կոալիցիայի ստեղծման նպատակների խախտման դեպքում վերանայել կոալիցիային անդամակցությունը: Արմեն Ռուստամյանը եւ Լեւոն Մկրտչյանը ակնարկեցին, որ դա կարող է տեղի ունենալ մինչեւ տարեվերջ: Բանն այն է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք չափազանց կարեւորել է դաշնակցական ժողովը, եւ որոնք հանդիսանում են հուշագրի կետերից մեկը, պետք է մինչեւ տարեվերջ վերջնական տեսքի գան: Դաշնակցությունը կողմ է 100 տոկոս համամասնական տարբերակին: Կոալիցիոն քննարկումների ընթացքում գնացել են առավելագույն զիջման՝ 60 տոկոս համամասնական, 40՝ մեծամասնական: Եթե Հանրապետականի եւ ՕԵԿ-ի պնդմամբ ԸՕ-ում համամասնականի տոկոսը 60-ից էլ նվազեցվի, ապա դաշնակցությունը կարձանագրի, որ հուշագրի կոպիտ խախտում է թույլ տրվել ու մի ժողով էլ կանի՝ որոշելու հետագա անելիքները: Ընդհանրապես, դաշնակցությունը գոհ չէ նաեւ սահմանադրական բարեփոխումների ընթացքից, կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերից, «մտահոգիչ» են համարում «ԱրմենՏելի» շուրջ տեղի ունեցող զարգացումները: Ի դեպ, այդ առիթով իրենց մտահոգությունները երեկ գրավոր փոխանցել են նաեւ ՀՀ վարչապետին, նախագահի աշխատակազմ եւ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահին: Ժողովն արձանագրել է, որ կոալիցիայի «հուշագրում նախանշված առաջնահերթությունների զգալի մասը չի հաջողվել իրականացնել»: Թե հատկապես կոալիցիոն կառավարության ո՞ր թեւի մասով առաջնահերթությունները չեն կատարվել՝ չմանրամասնվեց: Այդուհանդերձ՝ «կոալիցիան նպաստել է հետընտրական լարվածության թուլացմանը, ներքաղաքական կայունության պահպանմանը եւ Հայաստանի դիրքերի ամրացմանը միջազգային ասպարեզում»,- որոշել են դաշնակցականները, միայն քննադատելով այս ամենի դանդաղ տեմպերը: Պատասխանելով այն հարցին, թե հատկապես ո՞ր միջազգային ատյանում է մեր երկրի դիրքերն ամրապնդվել, նկատի առնելով Թերի Դեւիսի զեկույցը եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վերջին օրերին տեղի ունեցող ոչ հայանպաստ իրադարձությունները, պարոնայք վկայակոչեցին կոալիցիայի ավանդը Հայաստանում ներքաղաքական կայունության պահպանման գործում, ինչն էլ իր հերթին ամրապնդել է մեր երկրի դիրքը միջազգային ասպարեզում: Լսվել է դաշնակցական պաշտոնյաների գործունեությունը, որոշվել, որ «կային որոշակի հնարավորություններ, որոնք լիարժեքորեն չեն օգտագործվել»: Փոխարենը գովեստի է արժանացել խորհրդարանական խմբակցությունը՝ բեղուն օրենսդրական աշխատանքի համար: Բայց «անհրաժեշտ չափով կապը ժողովրդի հետ չի եղել», ուստի ՀՅԴ-ից հավելյալ ջանքեր կպահանջվեն իրավիճակը շտկելու համար: Գործունեության առաջիկա երկու տարիների ընթացքում նորընտիր ԳՄ-ն պետք է «ազգային պետական ուղեգիծը անշրջելի» դարձնի, պահպանի երկրի ներքաղաքական կայունությունը, վերացնի թշնամանքն ու ատելությունը: Պետք է նշել, որ ընդդիմություն լինելով՝ ՀՅԴ-ն այդ նույն կառուցողական ոգով էր գործում՝ ավելացնելով Հայաստանում բարեկամությունն ու սերը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել