Լրահոս
Օրվա լրահոսը

«ՖԼԵՇԸ» ԿԱՌՈՂՋԱՑՆԻ՞ «ՆԱԻՐԻՏԸ»

Նոյեմբեր 06,2004 00:00

«Տանը
մնացած» գործարանի համար «փեսացու» է ճարվել Երեկ Կենտրոնական բանկի նախագահ
Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ այսուհետ «Նաիրիտի» շուրջ բանակցությունները ռուսական
կողմի հետ կվարի «Նաիրիտի» բաժնետոմսերի սեփականատեր «Հայկապ» բանկը, որի առողջացման
համար ներդրումները կատարել է Բարսեղ Բեգլարյանի ղեկավարած «Ֆլեշ» ընկերությունը:
«Միջազգային արժութային հիմնադրամին ունեցած պարտավորության համաձայն, մինչեւ նոյեմբերի
վերջը մենք պետք է «Հայկապը» վերադարձնեինք նորմատիվային դաշտ: Սակայն «Նաիրիտի»
գնորդ ռուսական «Վոլգաբուռմաշ» ընկերությունն ու Տարածաշրջանային զարգացման համառուսական
բանկը մեզ խնդրեցին բանակցության պայմանագրային ժամկետները երկարաձգել 4 ամսով՝ լրացուցիչ
ուսումնասիրությունների համար, ինչը չէինք կարող անել: Այդ պատճառով էլ ստիպված էինք
բանկի առողջացման ծրագիրն իրականացնել տեղի ներդրողների հետ»,- պարզաբանեց ԿԲ նախագահը:
«Ֆլեշն» առայսօր բանկի համար կատարել է 280 մլն դրամ՝ նորմատիվային դաշտ դուրս
բերելու եւ 1 մլն դոլար՝ լրացուցիչ ներդրում: «Նաիրիտի» բաժնետոմսերը գնահատվում
են 14 մլն 200 հազար դրամ: Բանկը պարտավոր է 6-ամսյա ժամկետում իրացնել դրանք՝ նոր
ներդրողներ գտնելով: Առաջիկա 4 ամիսներին «Հայկապը» (նույնն է, թե «Ֆլեշը») կշարունակի
բանակցությունները ռուսական կողմի հետ՝ նախկին բանակցային պայմանագրով: Pretty
woman Երեկ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գագիկ Վարդանյանը ասուլիս
էր հրավիրել՝ ներկայացնելու 2004 թ. 9 ամիսների ՀՀ տնտեսական զարգացման ցուցանիշները:
Սակայն քանի որ «Նաիրիտ» գործարանի նոր սեփականատերն արդեն պաշտոնապես հայտնի է՝
«Ֆլեշի» սեփականատերը, ուստի ասուլիսի արդիական թեման դա էր: Հիշեցնենք, ժամանակին
առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը «Նաիրիտի» սեփականաշնորհման
մի քանի անհաջող փորձերից հետո այսպես էր կատակել. «Նաիրիտը» տանը մնացած մեր գեշ
աղջիկն է, որին ուզում ենք մարդու տալ»: Ու քանի որ արդեն «փեսացու» է ճարվել, երեկ
պրն Ճշմարիտյանի տեղակալին «Նաիրիտն» արդեն Ջուլիա Ռոբերտսին էր հիշեցնում «Pretty
woman» ֆիլմից, «որին Ռիչարդ Գիրի նման» հասկացող ներդրող է պետք, որ գնահատի: Փոխնախարարն
ավելացրեց, որ քիմիական արտադրության մեր հսկան ոչ միայն «լուրջ, շահութաբեր ձեռնարկություն
է, այլեւ գեղեցիկ արտադրություն»: Հարցին, թե արդյոք «Նաիրիտը» էկոլոգիական առումով
ավելի թանկ չի՞ նստում մեր տնտեսության վրա, փոխնախարարն այսպես պատասխանեց. «Չէ՞
որ մենք 60 տարի թունավորվել ենք ինչ-որ կոմունիստական համակարգի համար: Եթե դա իրոք
թույն է էկոլոգիայի տեսակետից, եկեք մի 10 տարի էլ թունավորվենք մեզ համար: Տնտեսական
կայուն զարգացման ռազմավարության հիմքում դրված է, որ Հայաստանում պետք է գիտելիքահենք
տնտեսություն ստեղծվի: Այո, էկոլոգիական առումներով բոլոր այդ խոցելի արտադրությունները
պետք է վերացվեն, բայց այսօր մենք պետք է որոշակի եկամուտներ ունենանք, որպեսզի ապահովենք
գիտելիքային տնտեսության ստեղծումը»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել