Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասենք

Նոյեմբեր 06,2004 00:00

Սպասենք պատասխանատվության բարձրացմանը Առողջապահության նախարարության տվյալներով՝ գյուղական վայրերում ընդհանուրի 16%-ն է կազմում տնային պայմաններում ծննդաբերության ցուցանիշը: Գեղարքունիքում, օրինակ, յուրաքանչյուր 1000 հղի կանանցից տանն է ծննդաբերում 48-ը: Հիմնական պատճառն այն է, որ գյուղերը կտրված են մարզկենտրոնից, ճանապարհները քարքարոտ են, իսկ ձմռանը՝ անանցանելի, հեռախոսակապ գրեթե չի գործում եւ «պիկ» պահին շտապօգնության մեքենա կանչելն անիմաստ է: Այս ամենին եթե գումարենք հիվանդանոցային ծախսերը՝ «մաղարիչներով» հանդերձ, ապա նույնիսկ կարելի է կասկածել նախարարության տվյալների ճշտությանը: Մեկ այլ տեղեկությամբ, նախածննդյան ժամանակահատվածում պարտադիր 4 անգամ գինեկոլոգիական հետազոտման չի ենթարկվում գյուղի կանանց 82%-ը: Այստեղ արդեն ճանապարհների խնդիր չկա, որովհետեւ գյուղական բոլոր համայնքների ամբուլատորիաներում պարտադիր է գինեկոլոգի հաստիքը: Սակայն հետազոտման չենթարկվելու պատճառն այլ է՝ ամբուլատորիաները գտնվում են ծայրահեղ անմխիթար վիճակում. սարքավորում գրեթե չկա, տանիքից անձրեւաջրերը կաթում են, պատուհաններին ապակի չկա եւ այլն: Շատ տեղերում գինեկոլոգներն ուղղակի աշխատատեղ չեն գնում, որովհետեւ նման պայմաններում հղիության քարտը լրացնելուց բացի, ուրիշ ոչինչ չեն էլ կարող անել: Նախածննդյան խնամքի բացակայության հետեւանքով էլ գյուղերում բավականին բարձր է վաղ հասակի երեխաների մահացության ցուցանիշը: Վերջին երկուսուկես տարիներին Լոռվա մարզում այս խնդիրների վերացման փորձնական ծրագիր է սկսել USAID կազմակերպությունը: Ծրագրի նոր փուլը, որը կոչվում է «ՆՕՎԱ»՝ նորացնելով օժանդակել վերարտադրողական առողջությունը, աշխատանքները կշարունակի Շիրակում եւ Տավուշում, իսկ հետագայում նաեւ մյուս մարզերում: Ծրագրի գործադիր տնօրեն Ռեբեկա Կոհլերը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց, որ իրենք վերապատրաստելու են համապատասխան մասնագետներ, վերազինելու են ամբուլատորիաների գինեկոլոգիական հատվածը: Տիկին Ռեբեկան հույս հայտնեց, որ հինգ տարի հետո՝ ծրագրի ավարտին, հանրապետության շատ գյուղերում իրավիճակը կփոխվի: Այն է՝ կբարձրանա հղի կանանց պատասխանատվությունն իրենց բալիկի առողջության հանդեպ, եւ նրանք կանոնավոր կհաճախեն բժշկական կոնսուլտացիաների, ինչի համար պատրաստ կլինեն սարքավորումներով վերազինված ամբուլատորիաները: Իսկ ո՞ր գյուղերում, ինչպե՞ս են ընտրվելու դրանք: Պարզվում է, այստեղ մեծ դեր է ունենալու ոչ թե ամբուլատորիայի վիճակը կամ գյուղի հեռավորությունը, այլ համայնքի պատրաստակամությունը՝ մասնակցել ծրագրին: Ռ. ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել