Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ «փաթաթեցին» «27»-ի գործը

Նոյեմբեր 10,2004 00:00

Իշխանամետ պատգամավորները հրաժարվում են մեկնաբանություններից

ՀՀգլխավոր դատախազությունը երեկ որոշում է կայացրել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասը կարճելու մասին: Գլխավոր դատախազության այս որոշման մասին կարծիք են հայտնում խորհրդարանական քաղաքական ուժերը:

ՀԺԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը վստահ է, որ իրենց այս քայլով իշխանություններն ավելի խորացրին կասկածները «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների մասին. «Փաստորեն իրականացվեց այն հրահանգը, որը տրվեց ոճրագործության առաջին իսկ օրը՝ որ այդ հինգի ետեւում ուժեր չկան կանգնած: Իշխանություններն ամեն ինչ արեցին եւ անում են գործը կոծկելու համար: Սակայն հասարակության կասկածները ոչ թե փարատվում են, այլ, հակառակը՝ ավելի են խորանում: Սա, փաստորեն, վերջին ակորդն էր: Այս քայլով իշխանություններն ավելի խորացրին կասկածները»: Ի դեպ, պրն Դեմիրճյանը հայտնեց, որ իրենց ընտանիքի փաստաբանը կբողոքարկի դատախազության այս որոշումը:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի համար եւս միանշանակ է. «Ինձ համար այդ որոշումը անսպասելի չէր: Ինձ համար շատ ավելի անսպասելի կլիներ, եթե իրենք այսօր նախաքննության արդյունքները ներկայացնեին եւ հանդես գային բացահայտումներով: Ի սկզբանե համոզված էի, որ օժանդակողների եւ կազմակերպիչների մասով գործն անջատեցին տուժողների դեմ օգտագործելու համար, հասարակական բողոքի ալիքը մեղմացնելու համար, եւ դա պիտի իրենք փակեին: Բայց վստահ եմ, որ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտվելու է, եւ այն մարդիկ, ովքեր խոչընդոտել են բացահայտմանը, պատասխան են տալու: Դժբախտաբար իր վրա նման ֆունկցիա վերցրեց նաեւ դատախազությունը»:

«Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը գնահատականներ չտվեց, բայց հիշեցրեց, որ ինքը միշտ էլ ասում էր, որ անջատված մասի հետ հույսեր կապել չարժե. «Ես ժամանակին ասել եմ, որ հույս կապել պետք չի, որովհետեւ անհնարին է բացահայտել «Հոկտեմբերի 27»-ը, մանավանդ՝ ես դա մեր երկրի հետ չեմ կապում, դրսի ուժերի հետ եմ կապում: Իսկ Հայաստանի կարգավիճակն այսօր այնպիսին չէ, համակարգային առումով, որ հնարավոր լինի դրսում բացահայտումներ անել: Ոչ թե մեղավորներ կան, որ չեն պարզվել, ոչ թե պետությունն է մեղավոր կամ իշխանությունները կամ՝ ինչ-որ մարդիկ, այլ իրավիճակն է այդպիսին»: ՀԺԿ քարտուղար, «Արդարություն» խմբակցության անդամ Գրիգոր Հարությունյանը հիշեցրեց, որ «զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը այս տարվա հոկտեմբերի 27-ին պատասխանելով թղթակցի հարցին՝ ասել էր, որ գործում առկա բոլոր կասկածները բոլոր ուղղություններով ուժի մեջ են մնում, այսպես ասած՝ «ապրելու իրավունք» ունեն, եւ ենթակա են մանրակրկիտ ուսումնասիրության: Այնպես որ, ոչ ոք այն կարծիքին չէ, թե «27»-ը ամբողջովին բացահայտվել է»:

ՕԵԿ անդամ, պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը մեկնաբանություն չտվեց՝ ասելով, որ կուզեր ավելի մանրամասն ծանոթանալ գլխավոր դատախազության որոշմանը:

Անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանի համար դատախազության որոշումն անսպասելի էր. «Ես ապշած եմ, որովհետեւ վերջերս Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը ասաց, որ անջատված մասով բոլոր վարկածներն ուժի մեջ են եւ քննարկվում են: Թե ի՞նչ է տեղի ունեցել այս կես ամսվա ընթացքում եւ ինչո՞ւ է գլխավոր դատախազությունը նման որոշում կայացրել՝ չեմ հասկանում, ուղղակի ապշահար վիճակում եմ»:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի համար պարզ էր, որ «այսպիսով իրագործվեց այն հրահանգը, ըստ որի «27»-ը ուչաստկովիի գործ է, եւ այդ հրահանգը 99-ից ի վեր մեթոդաբար իրականացվում է, եւ դատախազության այս որոշումը Ռ. Քոչարյանի՝ 99-ին տված հրահանգի իրականացումն է»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը եւս իր կոալիցիոն գործընկերների պես չուզեց մեկնաբանել, քանի դեռ մանրամասն չի ծանոթացել դատախազության որոշմանը. «Այս իմաստով՝ դժվարանում եմ մեկնաբանություն տալ, քանի որ գործի մանրամասներին տեղյակ չեմ»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել