Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջադիմական

Նոյեմբեր 10,2004 00:00

Առաջադիմական սադոմազոխիզմ Երեկ Հայաստանի առաջադիմական կուսակցության ակցիայի շրջանակներում ծափահարությունների ու սուլոցների ներքո հրկիզեցին հեռախոսի ապարատի մեծ մակետը: Իրենց նախաձեռնությունից գոհ եւ ազարտի մեջ ընկած կուսակցության փոխնախագահ Սարգիս Հարությունյանը նույնիսկ սպառնաց, որ «մի օր էլ «ԱրմենՏելին» այսպես կվառենք, եթե նա չկատարի իր պարտավորությունները»: Ցուցարար առաջադիմականներին միացել էին նաեւ հանրապետության մի քանի մարզերի բնակիչներ, որոնք գլխներից վերեւ պահում էին «Ջրվեժին կապ», «Մասիսին կապ» կամ «Աշտարակը պահանջում է» ցուցապաստառներ: Իսկ Սադոյանի բացահայտումը եղավ հետեւյալ կերպ. Հայաստանի առաջադիմականներին «դաստիարակելու» եկած պարոն Սադոյանը վերջիններիս հետ երկար լեզվակռվից հետո միայն հրապարակեց արդարադատության նախարարի անունը: ԱԺԴ նախագահի նյարդերը տեղի տվեցին այն ժամանակ, երբ առաջադիմականների շարքերից Սադոյանին շարունակ սադրում էին՝ անվանելով «վախկոտ»: «Վախկոտը դուք եք, որ այստեղ եք միտինգ անում, գնացեք կառավարության շենքի առաջ արեք, որովհետեւ կառավարությունն է ազգի դավաճանը, որ չորեքշաբթի օրվա արտահերթ նիստում «ԱրմենՏելին» զիջեց իր ներդրումային պարտավորությունները՝ ՀՀ-ին պատճառելով 170 միլիոն դոլարի վնաս»,- ցուցարարներին հակադարձեց Ա. Սադոյանը: Հետաքրքիր է, որ Դ. Հարությունյանի անունը բարձրաձայնվելուց հետո երիտասարդ առաջադիմականներն ակցիան ավարտված համարեցին եւ հավաքվածներին խնդրեցին «ցրվել»: Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Սադոյանին ակցիային հրավիրելու նպատակը նրա «գլխին սարքելն էր», կուսակցության փոխնախագահն այսպես պատասխանեց. «Մենք խոստանում ենք, որ այս խնդրին մինչեւ վերջ հետեւողական ենք լինելու, եթե պարոն Սադոյանը խոսի փաստերով: Անուն տալը դեռեւս փաստ չէ: Փաստեր ներկայացնելու դեպքում մենք կդիմենք դատարան»: Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանն այս առնչությամբ ասաց. «Եթե նկատի ունեք Ա. Սադոյանին քրեական պատասխանատվության ենթարկելը, ապա համաձայն գործող օրենսդրության, քրեական հետապնդման կարող է ենթարկվել միայն մեղսունակ անձը: Խոսելով բանակցությունների վերաբերյալ Սադոյանի հայտարարությունների բովանդակության մասին, ասեմ, որ փոփոխվող, հաճախ իրար տրամաբանորեն հակասող այդ կարծիքների հիմքում բուն Սադոյանական ավանտյուրիզմն է: Սկզբից նա պնդում էր, որ ունի ձայնագրություններ եւ տեսագրություններ, եւ փոխանցվել է կամ փոխանցվելու է գումար, իսկ այսօր խոսում է ինչ-որ բաժնետոմսերի մասին, այդ ամբողջ ընթացքում օգտագործելով «կարծում եմ», «ենթադրում եմ», «համոզված եմ» արտահայտությունները: Եթե նա ունի երիզներ կամ ձայնագրություններ եւ չունի պրոբլեմներ տեսողության կամ լսողության հետ կապված, կարծելու որեւէ կարիք չկա: Կարող է պարզապես նշել տեսաերիզում արձանագրված անձի անունը»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել