Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐՋԻՆ ՕՂԱԿԸ

Նոյեմբեր 10,2004 00:00

ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐՋԻՆ ՕՂԱԿԸ Նվիրվում է Էդմոմ Ավետյանի 75-ամյակին Առերեւույթ հայ միտքը ինքնագնահատման, իմաստավորման կերպ չունի: Թվում է, մեր լեզվի ունիվերսալ որակը, որ լավագույնս դրսեւորվում է բանաստեղծության մեջ վաղնջական ժամանակներից, իսկույն ստերջանում է չհերկված խոպանի առաջ՝ փիլիսոփայության: Մանավանդ այն ակնհայտ իրողության պարագային, երբ մատների վրա կարելի է հաշվել անուններ՝ Եզնիկ Կողբացի, Դավիթ Անհաղթ, Գրիգոր Տաթեւացի եւ… կարկամում ես: Անցյալ դարասկզբին Տերյանն էր տրտնջում. «Եթե հայ ժողովրդի փիլիսոփան Ֆրանգյանն է, ապա ես չեմ ցանկանում այդ ժողովրդի բանաստեղծը լինել»: Սակայն դժվար է որոշակիորեն պնդել, թե երբ եւ որտեղ է կանգ առել հայ փիլիսոփայական միտքը, սեփական առարկան գտնելու փորձերը դատապարտելով ակնհայտ ձախողման եւ անհնարին դարձնելով հետագա ընթացքը: Հաշտվածությունը թույլ մխիթարություն է: Ի վերջո, կարելի է ընդունելի կամ անբավարար բացատրություն գտնել, որովհետեւ մի բան անժխտելի է. պատմության վիթխարի տեւականությունը, որ ապրել է մեր ժողովուրդը, չէր կարող նրան ինչ-որ չափով հայեցողական չդարձնել: Գուցեեւ «հայի վերջին խելք» արտահայտությունը գաղտնատեսական այն հնարավորությունն է, որ կապահովի մեր փիլիսոփայության ապագան, Էդմոն Ավետյանի բնորոշմամբ՝ վերադարձի այն օղակը, որ կարող է փրկօղակ լինել: Իհարկե, չի բացառվում, որ խոսելով հայ փիլիսոփայության «բացակայությունից», մենք ելնում ենք փաստից եւ ոչ իրողությունից, որովհետեւ շատ հաճախ փաստը իրողության շինծու երեսն է: Քանի որ միշտ էլ հնարավոր է մտքի անլեգալ ընթացք, որ ինչ-ինչ պատճառներով չի մարմնավորվում՝ վերին անհրաժեշտության հրամայականի պակասից: Չէ՞ որ կարելի է, ի վերջո, հարց տալ՝ իսկ հայ ժողովրդին պե՞տք են փիլիսոփաներ: Երբ պետք են հերոսներ՝ ունենում է, հաճախ նաեւ ուրիշի պատերազմներում, պետք են նահատակներ՝ ինչքան ասես, բանաստեղծներ, նկարիչներ, երգահաններ, գիտնականներ՝ որքան ուզես: Մի բացատրություն էլ տալիս էր երջանկահիշատակ Էդուարդ Աթայանը, համաշխարհային մակարդակով 20-րդ դարի այդ խոշորագույն մտածողը, որի փիլիսոփայությունը հազիվ թե մինչեւ վերջ մարսելի լինի նաեւ այս դարի ողջ ընթացքում: Մի անգամ նա խոստովանեց, որ իր կոչումը փիլիսոփայությունն էր, բայց կյանքի մեծ մասը զբաղվեց լեզվաբանությամբ, որովհետեւ փիլիսոփայությամբ զբաղվել մի երկրում, որտեղ գործում էր մտքի բացակայության դիկտատուրան, անկարելի էր: Տեւական ժամանակ լեզվաբանության ետեւում ապաստանեց նաեւ Էդմոն Ավետյանը: Եվ դրանով միայն լեզվաբանության բախտը բերեց, փիլիսոփայի ճակատագիրը ներփակելով ֆրագմենտարիզմով, բայց այնպիսի հատվածներով, որոնք հիշեցնում են հնագույն ու կորած տեքստերի պատառիկները եւ նույնքան արժեքավոր են: Ըստ Ավետյանի, առաջնայինը կամքն է, իսկ պատկերացումը միշտ երկրորդական է: Ես վստահ չեմ, որ ճիշտ եմ ընկալում նրա մտքերը, բայց համոզված եմ, որ իր՝ Ավետյանի համար էլ ճիշտ հասկանալը այնքան կարեւոր չէր: Նույնիսկ պարադոքսալ արտահայտություն ուներ. «Մարդկանց համար միշտ ցանկալի է պարզը, բայց հասկանալի է միայն բարդը»: Նրա համար ճշմարտությունը ժամանակակից մտավոր միջավայրից կորած այն «մոլորյալ ոչխարն էր», որին որոնելու այլեւս ոչ ոք չի գնում: Եվ սովորաբար իր մտքերը այնպես էր կառուցում, որ հեշտ չլիներ դրանց հետ հաշտվելը եւ արտահայտվում էր այնպիսի չափազանցումով, որպեսզի անհնար լիներ համաձայնելը: Իսկ այդ ամենի գերնպատակը մեկն էր. որքան հնարավոր է սադրել հակառակորդի հանդիպակաց մտքի աշխատանքը: Ի՞նչ էր փիլիսոփայությունը նրա համար: Որքան հասկանում եմ՝ իմաստավորելու ջանք, ճշմարտության հումանիտար կամուրջ բնության եւ արվեստների միջեւ: Իսկ ճշմարտության ընկալմամբ Ավետյան փիլիսոփան տարբերվում է պոստմոդեռնի, կարելի է ասել նաեւ ողջ 20-րդ դարի բոլոր տեսաբաններից՝ սկսած Մարքսից վերջացրած Նիցշեով ու հաջորդներով, քանի որ ճշմարտություն հասկացությունը նրանք փոխարինում են իշխանություն, նպատակահարմարություն, կամք, բնազդ, դասակարգային պայքար, քաղաքական շահ հասկացություններով: Եվ, իրոք, նույնիսկ Ֆուկոյի, Դելեզի, Լիոտարի եւ մյուսների համար դրանք նախընտրելի թեմաներ են, իսկ ճշմարտությունը լոկ իշխանության զենքն է: Եվ չնայած «կամք առ իշխանությունը» հռչակվում է ձախ, գրեթե մարքսիստական աշխարհայեցողության շրջանակներում եւ կոչված էր պայքարելու իշխանական հաստատությունների դեմ, սակայն ճիշտ հակառակ արդյունքի հանգեցին: Եվ դա բնական է, քանի որ եթե ցանկացած ճշմարտություն իշխանության ձեւ է, անգամ 2X2=4-ի եւ «սիրիր մերձավորիդ» ավետարանական պատվիրանը, ապա ոչնչանում է իշխանությանը հակադրվելու հնարավորությունը, որովհետեւ չկա ոչինչ, բացի իշխանությունը եւ փիլիսոփան նրա մարգարեն է: Ավետյանը մենակ մնաց այդ պայքարում եւ դա նրա միակ ապրելու ձեւն էր: Նա չէր տարակուսում, որ ճշմարտությունը տեղ էր, որտեղ կարելի էր լինել իշխանությունից դուրս եւ հակադրվել իշխանությանը: ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել