ԵԽ Եվրադատարանը կքննարկի հանրահավաքի մասնակցելու համար վարչական տույժի ենթարկվածի գործը
Օրերս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը ստացել է ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արձանագրային բաժնի ներկայացուցիչ Մարկ Վելլիջերի նամակը, որով վերջինս ծանուցում է Եվրոպական դատարանում Ա. Մկրտչյանի ներկայացրած հայցը վարույթ ընդունելու եւ առաջիկայում այն դատական կարգով քննարկման ներկայացնելու մասին:
Ա. Մկրտչյանը դեռ 2002-ի մայիսի 14-ին ընդդիմության հանրահավաքին եւ երթին մասնակցելու համար «ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի» համապատասխան հոդվածով ոստիկանական բաժին բերման էր ենթարկվել, իսկ գիշերային դատավարության արդյունքում՝ վարչական տուգանքի՝ 500 դրամի չափով: Նա վարչական պատժի ենթարկված միակ ՀՀ քաղաքացին է, որին հաջողվել էր իր համառության շնորհիվ անցնել ՀՀ դատական բոլոր ատյաններով՝ բողոքարկելով ու վիճարկելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում իր մասով կայացված վճռի օրինականությունը: Ա. Մկրտչյանն իր նկատմամբ կատարված անօրինականությունը վիճարկելու համար Եվրոպական դատարան էր դիմել 2002-ի աշնանը: 2004-ի հոկտեմբերի 12-ին ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատի նախագահը որոշում է ընդունել Ա. Մկրտչյանին իրավական օգնություն ցույց տալու եւ նրա ներկայացրած հայցը դատական կարգով լսելու մասին: Նույն գրության համաձայն, Ա. Մկրտչյանի եւ նրա լիազոր ներկայացուցչի բոլոր ծախսերը՝ կապված այդ դատական պրոցեսի հետ, հոգալու է ԵԽ-ն: Դատաքննության օրը կնշանակվի 2005-ի գարնանը:
Ա. Մկրտչյանի հետ մեր զրույցից պարզվեց նաեւ, որ Եվրադատարանում դատաքննության արդյունքում նրա հայցի բավարարման դեպքում հայրենի դատավորների կայացրած անօրինական վճիռները Հայաստանի պետական բյուջեի համար կարժենան ոչ ավել-ոչ պակաս՝ շուրջ 180-200 հազար եվրո:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամի խոստովանությամբ` սա, անշուշտ, իր համար մեծ ցավ է, բայցեւ դրական է՝ նախադեպի առումով: Հիշեցնենք, որ ԵԽ պահանջներից մեկը, որ արձանագրված էր այդ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի կողմից Հայաստանի վերաբերյալ ընդունած վերջին երկու բանաձեւերում էլ, «Վարչական օրենսգրքի» բարեփոխումն էր: Հանձնարարականը կատարված չէ:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


















































