Լրահոս
Օրվա լրահոսը

5 հարկին ավելանում է 2-ը

Նոյեմբեր 11,2004 00:00

Կենտրոն
համայնքի Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 101 շենքի մի խումբ բնակիչներ բողոքում են
իրենց՝ մոտ 70 տարի առաջ կառուցված շենքի տանիքում իրականացվող երկհարկանի շինարարության
դեմ: Կառույցի տերը, ըստ բնակիչների գրավոր բողոքի, նույն հասցեի 5-րդ հարկի
բնակիչ Գոռ Նիկողոսյանն է, «որը խախտելով շինարարական բոլոր նորմերը, հաշվի չառնելով
շենքի սեյսմիկ վիճակը, կատարում է ապօրինի շինարարություն՝ մոտ 400 քմ մակերեսով»:
Բողոքողների հավաստմամբ, Գ. Նիկողոսյանը նախքան շինարարություն սկսելը, տանիքը կոսմետիկ
վերանորոգելու պատրվակով բնակիչներից թույլտվություն է խնդրել, սակայն «արդեն իսկ
պարզ է, որ նա մեր գլխի տակ փափուկ բարձ դրեց, որպեսզի չբողոքենք, իսկ ինքն էլ իր
գործը հանգիստ անի»: Բնակիչների պատմելով, արդեն քանի ամիս է, որ քուն ու դադար չունեն.
«բանվորներն առանց դադարի աշխատում են, իսկ մենք ահուդողով սպասում ենք, որ մի օր
շենքը կփլվի, քանի որ չի դիմանա նույնիսկ 3-4 բալանոց երկրաշարժին»: Շենքի սեյսմակայունությունը
վտանգող միակ փոփոխությունը չէ սա. մի ուրիշ քաղաքացի էլ շենքի նկուղն է քանդել՝
մոտ երկու մետր խորությամբ: Երեկ տեղում լինելով՝ համոզվեցինք, որ շենքի բակը,
իրոք, վերածվել էր շինհրապարակի: Հատկապես վտանգավոր էր, երբ բանվորները «պեմզաբլոկները»
պարանով բարձրացնում էին շենքն ի վեր: Իսկ շենքի տանիքը ոչ թե կոսմետիկ փոփոխության
էր ենթարկվում, այլ շինարարության արդյունքում երկաթբետոնե կոնստրուկցիաներով կառույցի
էր վերածվել: Թե որքան է վտանգավոր 70 տարեկան հինգհարկանի շենքի հարկայնությունը
եւս մի քանի հարկով ավելացնելը՝ մասնագետները կորոշեն: Սակայն երբ կառույցի հեղինակ
Գ. Նիկողոսյանից շինարարության օրինականությունը հաստատող փաստաթուղթ խնդրեցինք՝
պատասխանեց. «Թույլտվություն էլ ունեմ, ամեն ինչ էլ ունեմ, բայց ցույց չեմ տա: Համ
էլ ինչի՞ եք ինձ դիմել, ո՞վ ասաց, որ ես եմ այստեղ շինարարություն անում: Այս կառույցի
փաստաթղթերը մի թոշակառուի անունով է եւ ես դրա հետ կապ չունեմ»: Եթե Գ. Նիկողոսյանը
շինարարության հետ որեւէ առնչություն չունի, ինչո՞ւ էր շահագրգիռ պնդում, որ կառույցը
մի հարկանի է լինելու կամ որ ինքը այդ կառույցի համար նույնիսկ դատարանի որոշում
ունի: Թե կոնկրետ ի՞նչ որոշում՝ անհայտ մնաց: «Առավոտի»՝ օրինակա՞ն է, թե՞
ոչ պարզ հարցին Կենտրոնի թաղապետարանի լրատվական ծառայությունը հետեւյալ պատասխանը
տվեց. «Բնակիչներն էլ չեն բողոքի: Կտուրը քանդել են եւ նորմայի սահմաններում սարքել»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել