
համառորեն հրաժարվում է հետազոտել իրեղեն ապացույցը Բագրատունյաց 13 շենքի
բակում այս տարվա օգոստոսի 2-ին, ժամը 9.30-ի սահմաններում, խաղալիս վնասվածքներ
ստացավ 9-ամյա Լուսինե Առաքելյանը: Նա փոխադրվել էր 4-րդ դասարան, սովորում էր թիվ
173 դպրոցում: Երեխան տեղափոխվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, քանի որ
ստացել էր գանգուղեղի վնասվածք: Լուսինեին վիրահատեցին, սակայն օգոստոսի 3-ին, ժամը
20-ին նա մահացավ: Լուսինեի մայրն ու տատը՝ Մանիկ եւ Համեստ Ղազարյանները,
մինչ այսօր չեն հավատում, որ երեխան մահացել է՝ խաղալիս վնասվածք ստանալով: Չեն համոզում
նաեւ Շենգավիթ համայնքի դատախազությունում նախապատրաստված նյութերը, որոնցով երկու
անգամ մերժվել է քրեական գործի հարուցումը: Ղազարյանները համոզված են, որ իրենց երեխան
վրաերթի հետեւանքով է մահացել: Մեր տրամադրության տակ գտնվող դատաբժշկական
թիվ 578 եզրակացության մեջ գրված է. «Չի բացառվում, որ վազել-ընկնելուց կարող է առաջանալ
ե՛ւ մարմնի ձախ մասի, գլխի ձախ քունքագագաթային մասի, ե՛ւ միաժամանակ աջ այտոսկրի
սալջարդ»: Դատաբժիշկները արձանագրել էին նաեւ, որ «վրաերթին բնորոշ եւ հատուկ վնասվածքներ
չկային»: Սակայն երեխայի տատի՝ Մանիկ Ղազարյանի մոտ գտնվող զգեստին առկա են անվադողի
սեւ հետքերը՝ արյան հետ, բայց այս իրեղեն ապացույցը տանն է եւ չի հետազոտվել: Դեպքից
հետո, երբ երեխային հարեւանները տուն են բերել, տատն ու մայրը հասցրել էին փոխել
հագուստը: Բացի այդ, շատ դժվար է ենթադրել, որ ասֆալտապատ, հարթ խաղահրապարակում
երեխայի ձախ քունքագագաթային հատվածում 10սմ տրամագծով կլոր հարվածի հետք է կառաջանում:
Ըստ տուժողների, դատախազությունը «խաղալու» վարկածից այն կողմ չի անցել: Սակայն
եղել է նաեւ այլ վարկած. երեխան մարմնական վնասվածքները ստացել է ոչ թե խաղալիս վայր
ընկնելու ժամանակ, այլ մուգ գույնի «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի հետեւանքով:
Ըստ որոշ լուրերի, մեքենան պատկանում է ԱԺ պատգամավորներից մեկի եղբորը: Դատախազի
օգնական Դ. Սիմոնյանի սեպտեմբերի 10-ի որոշման մեջ խոսք չի գնում երեխայի այլ վնասվածքների
ստացման տրամաբանության մասին: Այնինչ, Լուսինեի աջ այտոսկրին եւ քթի աջ մասում եղել
է սալջարդ: Ընդամենն արձանագրված է. «Իր ընկերուհի Նատալյա Կելերի հետ խաղալու ընթացքում
սայթաքել եւ վայր է ընկել՝ գլխով հարվածելով ասֆալտին»: Ուշագրավ է, որ հոկտեմբերի
22-ին երկրորդ անգամ է մերժվում քրեական գործ հարուցելը: Այս որոշումը կայացնում
է դատախազի մեկ այլ օգնականը՝ Ա. Առաքելյանը: Սակայն վերջինս, այնուամենայնիվ, ստուգում
է վրաերթի վարկածը, արձանագրելով. «Լ. Առաքելյանին վրաերթի ենթարկելու վերաբերյալ
որեւէ տվյալներ ձեռք չեն բերվել»: Նաեւ՝ «13 շենքի բազմաթիվ բնակիչներ նշել են, որ
մոտակայքում ընդհանրապես ավտոմեքենա չի եղել»: Առաքելյանները դիմել են ՀՀ
նախագահին, գլխավոր դատախազին, ԱԺ նախագահին: «Դատախազությունում ահազանգը ստացվել
է օգոստոսի 3-ին, ժամը 4.50-ին,- ասում է Հ. Առաքելյանը,- սակայն ոչ մեկն այդ օրը
չի եկել հիվանդանոց: Իսկ մեր երեխայի ընկերուհիներն ասում են, որ միայն ընկած են
տեսել»: Դեպքի վայրից 2 մետր հեռավորության վրա, ավտոտնակի մոտ հավաքված էին ինչ-որ
տղաներ: Ինչո՞ւ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ


















































