
հիմա ո՞ր կուսակցությունն է ակտիվություն ցուցաբերում»,- «Առավոտի»՝ «Ինչո՞ւ է կուսակցությունն
այդքան պասիվ» հարցին հարցով պատասխանեց «Արժանապատվություն» կուսակցության
նախագահ Լյուդմիլա Հարությունյանը: Նկատեցինք, որ շատերը սահմանադրական եւ
ԸՕ-ի բարեփոխումների հարցերով են գոնե «զբաղված»: «Մեզ էլ են օրինակներն ուղարկված,
մենք դա կարդում ենք»,- ասաց Լ.Հարությունյանը: Պարզվեց, որ այդ հարցերի վերաբերյալ
կուսակցության դիրքորոշումը հետեւյալն է՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգ եւ «ընտրությունների
համար պատասխանատվությունը պետք է պետությունը կրի, ուստի տեղամասային հանձնաժողովները
պետության կողմից պետք է ձեւավորվեն: Պետք չէ այդ պատասխանատվությունն ուրիշների
վրա դնել եւ ձեռքերը լվանալ: Պետությունը պետք է բարի լինի այդ ամենը կազմակերպել
ու պատասխան տալ թերությունների համար: Շատ երկրներում այդպես է»,- կարծիք հայտնեց
Լ. Հարությունյանը: «Արժանապատվությունը» նաեւ աղքատության հաղթահարման ռազմավարական
ծրագրերում է ներգրավված: Ինչպես հայտնի է, անցած շաբաթ շահերի պաշտպան 11 գործընկերային
խմբերը գործունեության համաձայնագիրն արդեն ստորագրել են: Լ. Հարությունյանից տեղեկացանք,
որ աղքատության հաղթահարումը մոտակա երեք տարիներին նպատակաուղղված պետք է լինի «սոցիալական
պաշտպանության համակարգի ամրապնդմանը, սոցիալական անվտանգության ապահովմանը եւ մարդկային
կապիտալի պահպանմանը, միջին եւ մանր բիզնեսի զարգացմանը՝ հօգուտ սոցիալապես անպաշտպան
խմբերի, գյուղական բնակավայրերում սոցիալական ենթակառուցվածքի ձեւավորման»: Շահերի
պաշտպաններն են՝ կառավարությունը, եկեղեցին, համայնքներ, արհմիություններ, գործարարներ,
խոցելի խմբեր, իրավապաշտպաններ եւ այլն: «Արժանապատվությունն» աշխատելու է սոցիալական
համակարգի ամրապնդման ուղղությամբ: Պարզվում է, մինչ վերջերս ԱՀՌԾ-ում կուսակցությունների
գործունեության մասին լսել անգամ չեն ցանկացել: Հիմնական գործը հկ-ների վրա է դրված
եղել: Տիկին Լյուդայի համառ պայքարի արդյունքում, ինչպես ասում են, սառույցը կոտրվել
է: «Ես կարծում եմ, որ քաղաքական խմբերը պետք է մտնեն սրա մեջ եւ անպայմանորեն մաս
պիտի կազմեն: Ոչ ոք այդ մասին չի խոսում: Միգուցե չեն արժեւորում կամ արժեքը չեն
հասկանում: Սա նորմալ երկրի հզորագույն ինստիտուտներից մեկն է»,- ասում է նա: Իսկ
կուսակցություններն ի՞նչ խնդիր ունեն այդտեղ լուծելու. «Եթե քաղաքական ուժերը չներգրավվեն
այս ամենում, չստիպեն, որ անիվը պտտվի՝ չի պտտվի: Դա հարցերի լուծման նոր տեխնոլոգիա
է: Վերջին հաշվով, դրա շնորհիվ նաեւ կառավարության մենաշնորհն է վերցվում: ԱՀՌԾ-ի
սեփականատերը կառավարությունն էր: Համաձայնագրի ստորագրումից հետո որոշողը՝ բոլոր
շահագրգիռ գործընկերներն են»,- գտնում է Լ. Հարությունյանը: Ըստ նրա, այլ քաղաքական՝
«բավականին լուրջ» ուժեր էլ են գործընթացում ներգրավված: Սակայն նրանք առայժմ որպես
գործընկեր հանդես չեն գալիս, ուստի անվանումները չեն բարձրաձայնվում: Ն.
ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































