Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից եւս մի գործ մտավ Եվրադատարան

Նոյեմբեր 11,2004 00:00 Share

Հայաստանից եւս մի գործ մտավ Եվրադատարան ԵԽ Եվրադատարանը կքննարկի հանրահավաքի մասնակցելու համար վարչական տույժի ենթարկվածի գործը Օրերս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը ստացել է ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արձանագրային բաժնի ներկայացուցիչ Մարկ Վելլիջերի նամակը, որով վերջինս ծանուցում է Եվրոպական դատարանում Ա. Մկրտչյանի ներկայացրած հայցը վարույթ ընդունելու եւ առաջիկայում այն դատական կարգով քննարկման ներկայացնելու մասին: Ա. Մկրտչյանը դեռ 2002-ի մայիսի 14-ին ընդդիմության հանրահավաքին եւ երթին մասնակցելու համար «ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի» համապատասխան հոդվածով ոստիկանական բաժին բերման էր ենթարկվել, իսկ գիշերային դատավարության արդյունքում՝ վարչական տուգանքի՝ 500 դրամի չափով: Նա վարչական պատժի ենթարկված միակ ՀՀ քաղաքացին է, որին հաջողվել էր իր համառության շնորհիվ անցնել ՀՀ դատական բոլոր ատյաններով՝ բողոքարկելով ու վիճարկելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում իր մասով կայացված վճռի օրինականությունը: Ա. Մկրտչյանն իր նկատմամբ կատարված անօրինականությունը վիճարկելու համար Եվրոպական դատարան էր դիմել 2002-ի աշնանը: 2004-ի հոկտեմբերի 12-ին ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատի նախագահը որոշում է ընդունել Ա. Մկրտչյանին իրավական օգնություն ցույց տալու եւ նրա ներկայացրած հայցը դատական կարգով լսելու մասին: Նույն գրության համաձայն, Ա. Մկրտչյանի եւ նրա լիազոր ներկայացուցչի բոլոր ծախսերը՝ կապված այդ դատական պրոցեսի հետ, հոգալու է ԵԽ-ն: Դատաքննության օրը կնշանակվի 2005-ի գարնանը: Ա. Մկրտչյանի հետ մեր զրույցից պարզվեց նաեւ, որ Եվրադատարանում դատաքննության արդյունքում նրա հայցի բավարարման դեպքում հայրենի դատավորների կայացրած անօրինական վճիռները Հայաստանի պետական բյուջեի համար կարժենան ոչ ավել-ոչ պակաս՝ շուրջ 180-200 հազար եվրո: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամի խոստովանությամբ` սա, անշուշտ, իր համար մեծ ցավ է, բայցեւ դրական է՝ նախադեպի առումով: Հիշեցնենք, որ ԵԽ պահանջներից մեկը, որ արձանագրված էր այդ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի կողմից Հայաստանի վերաբերյալ ընդունած վերջին երկու բանաձեւերում էլ, «Վարչական օրենսգրքի» բարեփոխումն էր: Հանձնարարականը կատարված չէ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել