ՍՊՈՐՏԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԺ-ՈՒՄ Աթենքի օլիմպիադայում հայ մարզիկների լիակատար ձախողումից հետո կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը պատրաստակամություն հայտնեց «անմիջականորեն թքել» Իշխան Զաքարյանի երեսին: Երեկ Մանուկ Գասպարյանը տեղեկացրեց, որ Ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի ղեկավարը կազմակերպել է որոշ մարզիկ-մարզիչների բողոքի նամակը ԱԺ նախագահին, որով առաջարկվում է իրեն ենթարկել հասարակական պարսավանքի եւ պատժել. «Ինչ է, ծնո՞ղ են կանչելու, թե՞ ինչ: Ես ինչ ասել եմ՝ ասածներիս տեր եմ, ոչ մի բառ ո՛չ փոխում եմ, ո՛չ էլ ներողություն խնդրող եմ: Իմ երկրացիները (Մանուկ Գասպարյանն ապարանցի է.- Ա. Ի.), պապերս որ եկել են՝ ասում են՝ «գոմեշ մի կտամ, մեղայ Աստծու չեմ ասի»: Էն ժամանակ գոմեշը հիմիկվա «Մերսեդես 600»-ից թանկ արժեք է ունեցել»: Նամակին տեղից վրդովմունքով արձագանքեցին նաեւ այլ պատգամավորներ: Մասնավորապես Համլետ Հարությունյանը ռեպլիկ նետեց, թե ինչ իրավունք ունի չինովնիկը ստորագրահավաք կազմակերպելու պատգամավորի դեմ, եւ ԱԺ նախագահը համաձայնություն հայտնեց: Վրդովված այս նամակից՝ Մանուկ Գասպարյանը կառավարությունից հետաքրքրվեց, թե ինչու չեն կատարում իրենց խոստումը եւ քննարկում սպորտկոմիտեի հարցը. «Անցած օրը նայեցի՝ Պուտինը հավաքել էր բոլոր օլիմպիականներին՝ պարգեւատրումներ, մեդալներ, դրամական մրցանակներ: Ես կուզենայի իմանալ, թե մեր կառավարությունը ե՞րբ է Իշխան Զաքարյանին սաղ-սալամաթ վերադառնալու համար պարգեւատրում տալու, քանի որ ինքը գոհ է իր աշխատանքից եւ քննարկում է միայն ֆեդերացիաների հարցը: Դա՛ չպիտի քննարկվի, այլ սպորտկոմիտեի նախագահի հետագա աշխատանքը շարունակելու հարցը»: Ի պատասխան` տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, թե կառավարությունն առաջիկայում քննարկելու է օլիմպիադայում ձախողման խնդիրը, եւ խոստացավ, թե չեն լինի պարգեւատրումներ: Առիթից օգտվելով՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանն էլ առաջարկեց, որ կառավարությունը քննարկի նաեւ ֆուտբոլի ոլորտում տիրող վիճակը: Ա. Ի.


















































