Լրահոս
Օրվա լրահոսը

«Էյ

Նոյեմբեր 11,2004 00:00

«Էյ Յութիլիթին» պետք է քշել ԱԺ վարկերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը երեկ վերջապես ներկայացրեց հանձնաժողովի հերթական զեկույցը «ջրային վարկերի» օգտագործման մասին: Այս անգամ հանձնաժողովը աշխատանքի նոր ձեւ էր ընտրել՝ նախօրոք հրավիրվել էր կառավարության ներկայացուցիչը, որը հանդես եկավ հարակից զեկույցով: Հանձնաժողովի արդեն երրորդ զեկույցը, ըստ էության, ամրագրեց նախորդների բացահայտումները, սակայն այս անգամ շեշտվեցին ջրային վարկերի օգտագործման հետ կապված ֆինանսական բացահայտումները: Խոսքը ֆինանսական չարաշահումներին է վերաբերում, որոնց մասին խոսելով՝ հանձնաժողովի նախագահը չէր մոռանում շեշտել, որ ԱԺ-ն ոստիկանական մարմին չէ. «Եթե մենք լինեինք դատախազություն կամ ոստիկանություն, կասեինք՝ այստեղ կա կոռուպցիա: Բայց մենք մեզ չենք կարող նման որակում թույլ տալ, որովհետեւ մեզ կասեն՝ ապացուցեք: Ապացուցելը մեր գործը չէ: Մենք կարող ենք ապացուցել, որ մեր ուսումնասիրությունները հիմք են տալիս տեսնելու խախտում, որի արդյունքում այդ կոռուպցիոն ռիսկը կարող էր իրողություն դառնալ»: Իսկ հնարավո՞ր է, որ ԱԺ-ն որոշի դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի վերջիններս զբաղվեն ներկայացրած փաստերով, երեկ հարցրինք պարոն Հովհաննիսյանին. «ԱԺ-ի որոշումները կանխորոշել ես չեմ կարող: Բայց ես ձեր ուշադրությունը կհրավիրեի այն կետին, որը ոչ թե տեխնիկական հետազոտման արդյունքում ենք հայտնաբերել, այլ ֆինանսական: Խոսքը արժեքների վերագնահատման մասին է: Ահա այստեղ իսկապես կա այն, ինչը ժամանակակից տերմինով մենք անվանում ենք կոռուպցիոն ռիսկ: Կոռուպցիոն ռիսկի աստիճանը այդ գործարքներում շատ բարձր է, որովհետեւ ակնհայտ է, որ անհասկանալի հիմնավորումներով ավելի թանկ են համարվել այն արժեքները, որոնց մաշվածությունն ավելի արագ է հաշվառվում եւ ավելի մեծ հնարավորություններ է տալիս դրանք դուրս գրելու»: Հաջորդ հարցին՝ կարելի՞ է սա համարել ՀՅԴ-ՕԵԿ8211ն՝ ընդդեմ ՀՀԿ-ի, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ, իհարկե, որովհետեւ մեր հանձնաժողովի հանրապետական անդամներն աշխատել են շատ ակտիվ, եւ շատ բաներ նրանց մասնագիտական փորձի արդյունք է: Պրոբլեմն այն է, որ օպոզիցիոն պատգամավորները չեն գալիս նիստերի, նրանք շատ ավելի հետաքրքիր եւ սուր բաներ կարող էին նկատել եւ օգնել մեզ»: Զարգացնելով ընդդիմության թեման՝ պրն Հովհաննիսյանն ավելացրեց. «Երբ հայտարարում ես, թե մեկը 5-7 մլնի կաշառք է վերցրել ու ոչ մի փաստաթղթով չես կարողանում հիմնավորել, դա լավ չէ, իսկ եթե կան այդ փաստաթղթերը ու դու չես ուզում դրանք նայել, արդեն անհասկանալի է»: ՕԵԿ անդամ Արտակ Առաքելյանը հետաքրքրվեց՝ լավ, այսքան բացահայտումներից հետո ի՞նչ է լինելու: Ի պատասխան՝ Վահան Հովհաննիսյանը պարզաբանեց, որ ուսումնասիրություններն ընդամենը մեկ նպատակով էին արված. «Որպեսզի ցույց տրվի այս համակարգի ողբերգական վիճակը: Կառավարությունը նույնիսկ 30 միլիոնանոց վարկի միջոցով չի կարողանում ձերբազատվել բյուջեից սրանց տիրություն անելուց: Ես էն անգամ բաց ասել եմ եւ հիմա էլ բաց ասում եմ՝ «Էյ Յութիլիթին» պետք է էստեղից քշել, ուղղակի՝ քշել, այդ կազմակերպությանը թույլ չտալ, որ մասնակցի տենդերի»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել